Հարցազրույցներ

«Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը բացահայտված է». Աննա Մկրտչյան

16.02.2021

ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանի կարծիքով՝ հանրության որոշ շերտեր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո ցնցումների մեջ են ընկել:

 
«Մինչ այս պահը բավականին ժամեր են անցել, և բովանդակային հակադարձումների բացակայությունը հենց խոսում է այն մասին, որ նախագահի ասած յուրաքանչյուր նախադասություն ճշմարտացի էր, հիմնավորված և տեղ չթողեց հակադարձումների»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
 
 
«Դավաճանական խմբակի այն հատվածը, որը շարունակում է բացառապես պարգևավճարների հիման վրա և իրենց իշխանության բերած մարդկանց ցանկությունները իրականացնել, այն է՝ ամբողջությամբ կործանել Հայաստանի Հանրապետությունը, այո, ներողություն, բայց իրենց անկանոն մլավոցներով շարունակում են՝ փորձելով հակադարձումներ տալ:
 
Մարդիկ, որոնք ՀՀ-ն ԵԽԽՎ-ում այնպես են խայտառակում, որ ողջ կազմը խոսում է այն մասին, որ մեր պատվիրակության ղեկավարը «կնոպկաներն» է խառնում և սխալ քվեարկություն իրականացնում: Այդ մարդու քաղաքական կենսագրությունը ամբողջությամբ արտացոլված է այդ «կնոպկաները» խառնելու մեջ, այդ մարդը ո՞նց կարող է խոսել Արցախից: Շատ լավ է, որ հետևել է նախագահ Սարգսյանին, շատ վատ է, որ, ինչպես միշտ, չի հասկացել»,- ասաց նա՝ նկատի ունենալով իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին, որը Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո դրա վերաբերյալ գրառում էր կատարել:
 
 
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ համաձայնել է մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնի Կազանյան փաստաթուղթը, որը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս: Իմքայլական Ռուբեն Ռուբինյանը այս հայտարարությունը մեկնաբանել էր որպես՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»:
 
Աննա Մկրտչյանի խոսքով՝ Ռուբեն Ռուբինյանը մի թիմի անդամ է, որը եկել էր Հայաստանի ղեկը զավթելու՝ Արցախը հանձնելու ճանապարհով.
 
«Պարոն նախագահը նշեց, որ ստանալու էինք կարգավիճակ, իսկ այն, ինչ գրել է Ռուբինյանը, իրականությանը չի համապատասխանում: Նա քիչ է՝ չի պատկերացնում արցախյան լուծման ձևերը և ընդհանրապես, արցախյան հիմնախնդրի պատմությունը, իհարկե, չտարբերվելով իր գերագույն գլխավոր դավաճանից, իրենք այդ մակարդակներում հավասար, են, բայց որ իրենք այնքան են իրար խառնվել նախագահ Սարգսյանի հարցազրույցից, որ փորձել են միանգամից բովանդակազուրկ սուտ ներկայացնելով՝ այդ տեղեկատվությունը՝ ինչ-որ կերպ փրկել իրենց դեմքը, բայց դա չի հաջողվել: Ես վստահ եմ, որ ՄԽ համանախագահները, դրսում մեր բարեկամները, ինչպեսև մեր թշնամիները, հետևել են նախագահ Սարգսյանի խոսքին, և չեմ կարծում, որ այնքան բարի կգտնվեին նախագահի նկատմամբ, որ եթե որևիցե նախադասություն ասվեր ոչ ճիշտ կամ ձևակերպվեր մեզ համար ձեռնտու տեսանկյունից՝ որևիցե մեկը կխղճար մեզ»:
 
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի արձագանքին՝ Աննա Մկրտչյանը նշեց, որ Էդմոն Մարուքյանի քաղաքական կենսագրության մեջ մի կարմիր գիծ կա, որը նա ինչքան էլ ջանա, այլևս ջնջել չի կարող.
 
«Մարդ, որը պետականության համար ամենակարևոր օրերին՝ 2018 թվականին, ունենալով հստակ դիրքորոշում, նախընտրեց երրորդ ճանապարհ: Արցախյան 2020թ. տեղի ունեցած պատերազմից ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի հետ սրճելուց հետո հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը տիրապետում է իրավիճակին և Արցախի հետ կապված որևէ մտահոգություն չկա այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի թիմակիցներն անընդհատ խոսում էին առարկայացված խնդիրների մասին, որոնք ստեղծել է Նիկոլ Փաշինյանը:
 
Այն ժամանակ, երբ 2018թ. Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում էր, որպեսզի ստերի շղարշի և մասշտաբների ներքո չերևա իրականությունը, անընդհատ բղավելով, որ սա ընդամենը ներքաղաքական պրոցես է, քաղաքական դաշտի առողջացման համար է, Էդմոն Մարուքյանը, հույս ունեմ, որ հասկանալով, թե ինչ է իրականում կատարվում, չկանգնեց և չառարկեց հստակ դիրքորոշմամբ:
 
Այն ժամանակ, երբ պատերազմի 44 օրերին մեզ խաբում էին, Էդմոն Մարուքյանը որևիցե հստակ դիրքորոշում չէր արտահայտում՝ էլի փորձելով հարմար տեղավորվել երրորդ ճանապարհով և, հնարավորության դեպքում, Նիկոլ Փաշինյանից ստանալ իր համար բաղձալի պաշտոնները:
 
Այս մարդու արտահայտած մտքերի հավաքականությունը, կարծում եմ, այն քաղաքական կարճ կենսագրությունն էր այս 2.5-3 տարվա ընթացքում, որը ներկայացրի: Մարդ, որը իր հայրենիքի համար ճակատագրական ժամանակահատվածում փորձում է դիվիդենտ քաղել՝ պաշտոնի տեսքով, խոսել մեր հայրենիքի արցախյան հատվածի կորստի մասին, խոսել այնպիսի տոնայնությամբ և շեշտադրումներով, որը ոչ մի կապ չունի կարգավորման բուն գործընթացի հետ, և միտումնավոր բաց թողնելով այն հաջողությունները, որոնք Սերժ Սարգսյանը արձանագրել էր՝ որպես բանակցող, դրա մասին բազմիցս խոսել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, բազմաթիվ հայտարարություններից երևում է, թե մենք ինչ բանակցային ժառանգություն էինք թողել Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ՝ նվազագույնը արդար չէ: Ակնկալել, որ այսպիսի հայտարարություններով կարելի է շարունակել Նիկոլ Փաշինյանի հետ հաշտ-համերաշխ ապրել, միգուցե, Էդմոն Մարուքյանը դրա իրավունքը ունի, բայց մտածել, որ այս դավաճան իշխանության հեռացումից հետո իր քաղաքական կարիերան այսպիսի հայտարարություններով կարող է շարունակել…»:
 
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցն այն մասին էր, որ՝ «եղել է ժամանակ, երբ մեր երկիրը ունեցել է տեր, երբ մեր ղեկավարության համար չենք ամաչել»:
 
Փետրվարի 20-ին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին մարդիկ, նրա խոսքով՝ պետք է դուրս գան փողոց, եթե ցանկանում են ունենալ հայրենիք:
 
«Դավաճանությունը բացահայտված է. Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը բացահայտված է, այլ հարց է, որ այդ մարդը և իր խմբակն այնքան են ատում Հայաստանի Հանրապետությունը, որ երբևէ պատրաստ չեն լինի ճնշումների, գիտակցման արդյունքում գնալ խելամիտ քայլերի: Բայց անկախ իրենց խելամտությունից՝ իրենք գնալու են և գնալու են ուղիղ իրավական համակարգի ձեռքը, ինչքան իրենք փչացրել են իրավական համակարգը, այդքան կրելու են իրավական համակարգի իրենց կողմից ներդրված արատավոր երևույթների բեռը ապագայում՝ իրենց վրա»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը:
 
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
 
Ռազմիկ Մարտիրոսյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին