Հարցազրույցներ

Հարց՝ Մարուքյանին․ հիմա է՞լ ես պատրաստ Փաշինյանի հետ մտնել գործարքի մեջ՝ 20 տեղ պահպանելու համար. Կարինե Աճեմյան

03.02.2021

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում ընդդիմադիրներին կոչ էր անում տագնապի զգացողություններ չտարածել բնակչության շրջանում՝ հավելելով՝ եթե ցանկանում են իմանալ, թե ի՞նչ է անում իշխանությունը, պետք է նայել և տեսնել, որ իշխանությունն աշխատում է, մշակում սոցիալական աջակցության ծրագրեր։

 
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով իրենց՝ ընդդիմադիրներին արված կոչին, Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանը նշեց, որ առհասարակ անիմաստ է խոսել Ազգային ժողովում նստած «անմեղսունակների խունտայի» մասին, իսկ ինչ վերաբերում է տագնապ տարածելուն, ապա Մակունցին հիշեցնում է՝ իրավիճակը ոչ թե տագնապալի է, այլ՝ սարսափելի։
 «Այնպես որ, այդ խմբակցությունից միայն Մակունցը չէ, որ հիմար արտահայտություններ է անում, խոշոր հաշվով, եթե մարդ ունի զգացողություն, նա ոչ միայն տագնապի զգացողություններ պետք է ունենա, այլ ընդհանրապես քնել պետք է չկարողանա։ Այդ կինը չի՛ կարող տագնապ ունենալ, որովհետև ինքն ընդամենն իր հարցերն է լուծում»,- ասաց Աճեմյանը։
Ըստ ՀՀԿ անդամի՝ ցավալի է նաև, որ ժամանակին Հանրապետական կուսակցության անդամի խորհրդական աշխատած մեկ այլ պատգամավոր էլ Ազգային ժողովում այսօր հայտարարում է, թե մենք 30 տարի բանակ չենք ունեցել։
 
«Նախկինում աշխատել է մեզ հետ, խորհրդական է եղել. ի՞նչ է, այն ժամանակ է՞լ էր կարծում, որ մենք բանակ չունենք։ Չեմ կարծում, որ նա հիմա նման բաներ պատահական է ասում. սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերը»,- ասաց Աճեմյանը։
Ընդդիմադիր կուսակցության պատգամավորն անդրադարձավ նաև ընդդիմության գործունեությանը և նշեց, որ հանուն հայրենիքի փրկության ձևավորված շարժումը վստահաբար պետք է իր գործիքակազմում կատարի փոփոխություններ, և ընդդիմադիր հատվածն էլ պետք է գնա ոչ թե նոր բևեռների ձևավորման, այլ համախմբման, թեև իր համար անհասկանալի է՝ մինչև հիմա ընդդիմադիրներից, մասնավորապես, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ի՞նչ քաղաքականություն է վարում։
 
«Հարց եմ տալիս Մարուքյան Էդմոնին․ հիմա է՞լ ես պատրաստ Փաշինյանի հետ մտնել գործարքի մեջ 20 տեղ պահպանելու համար։ Հասկանում եմ՝ Մարուքյանն ինքն իրեն վարչապետ է պատկերացնում, և հենց դա էլ ցույց է տալիս, որ պայքարում են ոչ թե հայրենիքի, այլ իրենց տեղի համար, և այսօր իրենց տեղն են ապահովագրում»։
 
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
 
Աղավնի Սուքիասյան

168.am
 
 
 

← Վերադառնալ ցուցակին