ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին տված հարցազրույցում քաղաքական հստակ հայտ ներկայացրեց՝ ասելով, որ արտահերթ ընտրությունների դեպքում ինքն անպայման կմասնակցի եւ «կկրի»։ Նաեւ շեշտեց, որ դա չի նշանակում, թե 16-17 կուսակցությունների ֆորմատն իրեն սպառել է, ամեն ինչ դեռ առջեւում է․ «Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա շատ ավելի ճիշտ կլիներ, որ լիներ մի լագ, որի ընթացքում հնարավոր կլիներ վիճակը կայունացնել եւ շատ ավելի հանգիստ միջավայրում կազմակերպել ընտրություններ, որովհետեւ այսօր արտահերթ ընտրություններն այս մթնոլորտում, այս հակասությունների, անորոշությունների, զգայուն հարցերի պատասխանների բացակայության պարագայում վտանգավոր են։ Դրա համար ճիշտը այդ ֆորմատն է։ Բայց, այնուամենայնիվ, եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններ ավելի արագ, իսկ իրենք ոնց որ այդ ձայներն ունեն խորհրդարանում, չեմ կարծում, որ ճիշտը չմասնակցելն է։ Կարծում եմ, որ մասնակցելը ճիշտ է։ Հակառակ դեպքում մենք հնարավորություն կտանք այս մարդկանց վերահաստատել իրենց իշխանությունը»։
Ուշագրավ է, որ դեկտեմբերի վերջին հայտարարելով արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին՝ Փաշինյանը տարաձայնություններ մտցրեց 17-ի ֆորմատում, քանի որ առանցքային ուժերը միակարծիք չեն մասնակցել-չմասնակցելու հարցում։
Մենք գրել ենք, որ արմատական դիրքերից է հանդես գալիս հատկապես ՀՀԿ-ն․ Սերժ Սարգսյանը կարծում է, որ ոչ մի դեպքում չպետք է Փաշինյանի վարչապետությամբ ընտրություններին մասնակցել եւ լեգիտիմացնել «ռեժիմի» վերարտադրությունը։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ մեր թերթին տված հարցազրույցներում քանիցս հայտարարել է, որ իրենք «դավաճան» իշխանության հետ մրցակցելու ցանկություն չունեն։ Երեկ զրուցեցինք Է․ Շարմազանովի հետ։
- ՀՀ երկրորդ նախագահը հստակեցրեց՝ եթե լինեն արտահերթ ընտրություններ, ինքը կմասնակցի եւ «կկրի»։ Կարո՞ղ ենք սա համարել Հայրենիքի փրկության շարժման վախճան, եւ հնարավո՞ր է ՀՀԿ-ն մտքափոխվի՝ եթե ընտրություններ լինեն, մասնակցի։
- Պարոն նախագահն իր կարծիքն է հայտնել եւ ինքն է լիարժեքորեն տիրապետում իր ապագան, քաղաքական գործընթացներում իր մասնակցության ձեւաչափերը։ Սակայն ուշադրություն դարձրեք, որ շատ հստակ ընդգծել է, որ, իհարկե, լավագույն ճանապարհն այն է, որն առաջարկում է Հայրենիքի փրկության շարժումը։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, դեռեւս տարեվերջին մենք ԳՄ նիստ ենք հրավիրել, հայտարարություն տարածել, որում նաեւ ասվում է․ «Գործող վարչախմբի հետ որեւէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է»։ Նոր ԳՄ նիստ չի եղել, նոր որոշում չի ընդունվել։ Այսօր էլ վերահաստատում ենք, որ գործող իշխանությունը փորձանք է Հայաստանի համար, եւ օր առաջ պետք է հեռացնել։
- Այսինքն՝ չբացառենք, որ առաջիկայում նոր նիստ կանեք եւ կվերանայեք ձեր մոտեցումները՝ հաշվի առնելով, որ գործընկեր կուսակցություններն էլ կացնային մոտեցում չունեն արտահերթի մասով, ավելին՝ եթե փողոցով հնարավոր չէ իշխանափոխության հասնել, ապա չպետք է բացառել արտահերթ ընտրությունների ճանապարհը։
- Մենք չենք կարող ամիսներ առաջ ասել՝ ինչ կարող է լինել կամ չլինել, բայց կրկնում եմ՝ մենք նոր ասելիք չունենք, եւ ուժի մեջ է տարեվերջյան հայտարարությունը։ Նույն՝ երկրորդ նախագահն ասում է, որ պետք է բոլոր ջանքերը գործադրել այս իշխանությանը հեռացնելու համար։ Այս պահին մենք որեւէ այլ օրակարգ, քան Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից, չունենք։ Ֆորմալ առումով էլ ընտրություններ հայտարարված չեն, մենք այսօր մտնում ենք մի փուլ, որ շարժման, հասարակության ճնշման արդյունքում խոսում են արտահերթ ընտրություններից, քանի որ հասկանում է, որ իշխանությունը ճաքեր է տալիս, փորձում է ինքը կազմակերպել այդ ընտրությունը։ Մենք արտահերթին դեմ չենք եղել, ինքներս ենք առաջարկել, բայցեւ ասել ենք, որ դա պետք է լինի մեկ տարվա ընթացքում եւ ոչ Փաշինյանի վարչապետությամբ։
- Դուք մեզ հետ զրույցում ասել եք, որ ճիշտ չեք համարում Փաշինյանի վարչապետությամբ արտահերթին մասնակցությունը, գնաք ի՞նչ մրցեք դավաճանի հետ, ճիշտը չմասնակցելն է։
- Այո, դա եղել է իմ մասնավոր կարծիքը եւ այժմ էլ փոփոխություն չի կրել։ Ինչ վերաբերում է կուսակցությանը, ես արդեն նշեցի, որ տարեվերջյան ԳՄ նիստում կուսակցության որոշումը հրապարակվել է, ըստ այդմ՝ վարչախմբի հետ այս հարցով կոնսուլտացիաները բացառում ենք։ Երբ լինի նոր բան, կասենք։
- Բայց չեք բացառում, որ եթե առաջիկայում նիստ հրավիրեք, դուք էլ կարող է որոշում ընդունեք, որ արտահերթ ընտրությունների դեպքում չեք բոյկոտի գործընթացը։
- Նման քննարկում մեզ մոտ չի եղել։ Այսօր ՀՀԿ-ի գործունեության մեջ կա մեկ օրակարգ՝ օր առաջ Փաշինյանի հեռացումը։ Եթե նոր բան լինի, մենք մեր կարծիքը կասենք, այսօր էլ իմ կարծիքն այն է, որ բոլոր ուժերի գերխնդիրը պետք է լինի այն, որ օրինական ճանապարհով այս իշխանությանը ճանապարհենք տուն, որովհետեւ այս իշխանության ամեն օրն աղետ է մեր պետության համար։ Եթե փոփոխության ենթարկվի մեր կարծիքը, կասենք, բայց ես չեմ կարծում, որ փոփոխության կենթարկվի․ իմ մասնավոր կարծիքն է սա։
- Չե՞ք կարծում, որ կենթարկվի։
- Եթե-ներով հարցին ես հակված չեմ պատասխանել, եթե սենց լինի, ինչ կանեք։ Ես քաղաքական գործիչ եմ եւ, ի տարբերություն իմքայլականների, չեմ ասում, թե պարտավոր չեմ փաստերով խոսել։ Փաստը հետեւյալն է․ մեր օրակարգում կա մեկ հարց՝ Նիկոլի հեռացումը։ Երկրորդ․ մենք ՀՀԿ ԳՄ նիստ ենք արել եւ ընդգծել, որ այս ռեժիմի հետ որեւէ կոնսուլտացիայի չենք գնալու։ Երրորդ․ ֆորմալ առումով էլ որեւէ ընտրություն նախատեսված չէ։ Թե վաղն ինչ կլինի, ես ոչինչ չեմ բացառում։
- Նկատի ունեք՝ հնարավոր է ընտրություններ չլինեն։ Իշխանությունը հայտնել է նման մտադրություն, ինչո՞ւ եք կասկածում․․․
- Այսօր ընտրության գնալու սահմանադրական ճանապարհը հրաժարական տալն է եւ երկու անգամ նոր վարչապետ չընտրելը։ Թող մի հատ հրաժարական տա, տեսնի՝ նոր վարչապետ ընտրվո՞ւմ է, թե՞ ոչ։ Թող հրաժարական տա, եւ ՀՀԿ-ն քաղաքական նոր իրողության պարագայում․․․ Նիկոլը հրաժարական չի տվել, վարչապետեր չեն առաջադրվել, հիմա ուզում եք սուրճի բաժակի վրա ասեմ, թե ո՞նց է լինելու։ Թող հրաժարական տա։
- Սահմանադրական փոփոխության մասին են մտածում, որ առանց հրաժարականի լուծարվի խորհրդարանը։
- Այդ փոփոխությունների համար 2/3 է պետք, որը չունի, եթե ունի, թող անի։ Դրա համար եմ ասում՝ թե՛ մեր դեկտեմբերյան որոշումն է ուժի մեջ եւ թե՛ իմ անձնական կարծիքը։ Դուք անընդհատ հարցնում եք՝ բա որ սենց լինի, ոնց կանեք։ Այս մարդը սկի հրաժարական չի տվել, արտահերթ ընտրություն հայտարարված չէ, ի՞նչը քննարկենք։
- Հայտարարված չէ, բայց դուք շաբաթներ առաջ ասում էիք՝ գնանք լեգիտիմացնե՞նք դավաճանի վերարտադրությունը։ Հիմա ձեր առանցքային գործընկերներից մեկն էականորեն տարբեր կարծիք է արտահայտում, որ՝ եթե լինի, կմասնակցեն, սա քաղաքական պրոցեսներում փոփոխություն կբերի՞։
- Մեր հարգարժան երկրորդ նախագահն ունի իր կարծիքը, ես այդ կարծիքին հարգանքով եմ վերաբերվում, հարգում եմ նաեւ նրա դերն ազգային ազատագրական պայքարում, պետականաշինության գործում, բայց ես էլ իմ կարծիքն եմ հայտնել, որը Քոչարյանի հարցազրույցից հետո փոփոխության չի ենթարկվել։ Իսկ կուսակցության օֆիցիալ կարծիքն արտահայտվել է դեկտեմբերին, թե վաղը ինչ կարծիք կունենա, հայտնի չէ, իսկ գուցե այլ հարցեր են օրակարգ գալիս՝ Սյունիքի եւ այլն․․․ Ավելին՝ ես կարծում եմ, որ արտահերթ ընտրությունը կեղծ օրակարգ է, Նիկոլն արտահերթ ընտրություն հայտարարելու մի ձեւ ունի՝ հրաժարական տա, թող տա, տեսնենք՝ վարչապետ ընտրվո՞ւմ է, թե՞ ոչ, նոր դրանից հետո կտեսնենք, թե ինչ իրողություն է, եւ մեր դիրքորոշումը կհայտնենք։
- Կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը ժամանա՞կ է ձգում, եւ ինչպես շարժումը մարեց, օրակարգից նաեւ ընտրության հա՞րցը դուրս կգա։
- Ես այն կարծիքին չեմ, որ շարժումը մարել է, Քոչարյանի հետ այս հարցում լրիվ համամիտ եմ, որ ամեն ինչ դեռ առջեւում է։ Ոչ ժողովրդի ընդվզումն է մարել, ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդն այն ժողովուրդն է, որ հանդուրժի Արցախի 75 տոկոսը թուրքին տված, հինգ հազար զոհ տված, Շուռնուխը, Որոտանը, Սոթքը թուրքին տված, Շուշին ոչ հայկական համարող, Ալիեւի առջեւ ծնկած ղեկավարին։ Դժվար է լինելու, բայց պետք է բոլորս, առողջ ուժերը մեր ուղեղները լարենք, սրան սահմանադրական ճանապարհով հանենք։
- Նկատի ունեմ Հայրենիքի փրկության շարժման ֆորմատը։
- Շարժումը երեկ հայտարարություն է տարածել, դուք էլ տարածել եք, ո՞վ ասաց, որ մարել է, ավելին՝ կարծում եմ, որ ֆորմատը կարեւոր չէ, 17-ը չի կարողանում, թող 27-ն անի, եռյակն անի։ Սա ընդդիմության շարժում չէ, սա 88-ի նման պայքար է, եւ, այո, գտնում եմ, որ պետք է մեկ օրակարգ լինի, բոլորս պետք է համախմբվենք սրա հեռացման օրակարգի շուրջ, իսկ եթե այդքան ուզում է գնա արտահերթի, թող գնա։ Դրա համար եմ ասում՝ արտահերթ ընտրությունների օրակարգը բլեֆ է, ինքը վախենում է հրաժարական տալ, որովհետեւ գիտի, զգում է, որ եթե հրաժարական տվեց, երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ է ընտրելու ԱԺ-ն։
- Դրա համար էի հարցնում՝ գուցե քաղաքական իրավիճակ փոխվի, եւ խորհրդարանական ընդդիմությունը հուշագիր ստորագրի։
- Խորհրդարանական ուժերն այս պահին հուշագիր չեն ստորագրում։
Լուսինե Շահվերդյան
hraparak.am