Հարցազրույցներ
«Եթե նա պատերազմի հաջորդ օրերին չթաքնվեր բունկերում և անմիջապես զբաղվեր գերիների վերադարձի հարցերով, ապա…». Արտակ Զաքարյանը` Փաշինյանին
21.01.2021
«Եթե ես լինեի խորհրդարանում, Նիկոլի այդ արտահայտությունից հետո ԱԺ դահլիճում ծեծկռտուք կսկսվեր, փոխարենը՝ էդմոնին էին քաշքշում՝ ճշմարտություններ ասելու համար». Aravot.am-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը
– «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Հայաստանը երբեք դիվանագիտական հաջողություն չի ունեցել, երբե՛ք: Ընդհակառակը, Ղարաբաղը բանակցություններից դուրս է մղվել, ինչով, ըստ էության, կանխորոշվել է նրա ճակատագիրը, արձանագրվել է 7 տարածքների վերադարձի անհրաժեշտությունը Ադրբեջանին եւ հայկական կողմը ընդունել է դա: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել մի քանի անգամ Ադրբեջանին հանձնել 7 տարածքները, բայց Ադրբեջանը ավելի մեծ պահանջներ է դրել: Բանակցային գործընթացում եղել է պարտադիր պայման ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի եւ ԼՂ մնացած հատվածներ: Ո՞նց էր լինելու, որ 30 տարի ոչ մի դիվանագիտական հաջողություն չէր եղել, մեկ էլ հո՛պ, մի օր այդ դիվանագիտական հաջողությունն օդից պետք է ընկներ». երեկ խորհրդարանում նման հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը: Դուք որոշ ժամանակաշրջան զբաղեցրել եք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը եւ որոշ մանրամասներից տեղյակ եք` ինչո՞վ եք պայմանավորում տարիներ շարունակ Հայաստանի կրած դիվանագիտական անհաջողությունները, ինչի արձանագրումներն անում է Նիկոլ Փաշինյանը:
– Ես զարմանում եմ բոլոր նրանց վրա, ովքեր հավատում են Նիկոլին: Նիկոլը պարզ ստախոս է, իր դավաճանությունը կոծկելու փորձեր անող ՍՏԱԽՈՍ: Դա միայն մենք չենք ասել և ասում: Դա ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դա ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, դա ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը, դա երևացել է անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի մի քանի հայտարարություններից: Դա պարզ երևում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) նախագահների հինգ համատեղ հայտարարություններից: Լ’Աքվիլայում, Մուսկոկաում, Էնիսկիլենում, Լոս Կաբոսում և Դովիլում տարբեր տարիներին նրանք արել են համատեղ հայտարարություններ Արցախի վերաբերյալ, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ուժի և ուժի սպառնալիքի բացառումը եղել են հիմնական սկզբունքներ: Դուք վերցրեք և ուսումնասիրեք 2018-2020թթ. Նիկոլի բոլոր գործողությունները և ինքներդ կգաք այն եզրահանգման, որ Նիկոլը և իր գործակալական կառավարությունը, օգտվելով հասարակության ցածր ինտելեկտ և մտավոր ցածր կարողություններ ունեցող մասի աջակցությունից՝ գեղեցիկ ձևով հանձնել են Արցախը: Իսկ որպես տեսարան, Ալիևի հետ նախաձեռնել են մեր կապիտուլյացիան և թուրքերի հաղթանակը ապահովող ռազմական թատերաբեմը: Որպեսզի ամեն ինչ բնական երևա, Նիկոլը դրա համար պատրաստ է եղել զոհել շուրջ 7000 հայորդիների կյանքը:
Ի՞նչ դիվանագիտության մասին եք խոսում: Նույնիսկ Կամբոջայում վստահ են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը միմիայն երկու կողմերի փոխզիջումներով է հնարավոր: Եթե Նիկոլը շարունակեր այն քաղաքականություն, որը մենք էինք տանում, հիմա Շուշին, Հադրութը, Լաչինը և Քարվաճառն ամբողջությամբ կլինեին մեր վերահսկողության տակ, իսկ Արցախի կարգավիճակն արդեն ուրվագծված կլիներ:
– Սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է հերքել Վլադիմիր Պուտինին`հայտարարելով, որ ավելի քիչ տարածքային կորուստներով պատերազմը կանգնեցնելու տարբերակ մենք չենք ունեցել. ո՞վ է ստում եւ ինչո՞ւ:
– Դե, որ ասում եմ Նիկոլը ստախոս է, հենց դա ի նկատի ունեմ: Եթե, ինչպես Վլադիմիր Պուտինն էր ասում, 2020թ. հոկտեմբերի 19-ին Նիկոլը համաձայներ կանգնեցնել իր իսկ կողմից նախաձեռնված պարտվողական պատերազմը, ապա Հադրութի հյուսիսային գյուղերը, Մարտունու և Ասկերանի մի շարք գյուղեր, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող Քաշաթաղի միջանցքի կրկնակի լայն հատված կլիներ մեր վերահսկողության տակ: Զոհերի և վիրավորների թիվը կլիներ ավելի փոքր, մենք չէինք ունենա այսքան մեծ թվով գերիներ և անհետ կորածներ: Չէին լինի Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի պարտադիր պահանջները, չէր լինի Սյունիքի մի շարք գյուղերի և ճանապարհների վրա ադրբեջանական վերահսկողությունը, իսկ Արցախի և Հայաստանի տնտեսությանը հասցված վնասներն ավելի փոքր կլինեին: Բացի այդ, Արցախի ներսում տեղակայված ռուսական խաղաղապահների պատասխանատվության շրջանակները՝ տարածքային առումով շատ ավելի լայն կլինեին, որը բխում է միայն մեր շահերից, և սահմանափակելու էր Ադրբեջանի՝ այսօր ունեցած ազդեցության գոտիները: Հիմա հարց եմ տալիս, Նիկոլը դավաճա՞ն է, թե՞ ինչպես Պուտինն է ակնարկել՝ տարօրինակ տգետ:
– Նիկոլ Փաշինյանը նաեւ նեղսրտեց գերիների վերադարձին վերաբերվող հարցից եւ հայտարարեց, որ երբեւէ նման ծավալով գերիների վերադարձ չի եղել: Ի դեպ, ՌԴ ԱԳ նախարարն էլ օրեր առաջ հայտարարել էր, որ հայկական կողմը գերիների ցուցակները ժամանակին եւ պատշաճ չէր ներկայացրել, այդ պատճառով հարց անկատար մնաց. այս մասին ի՞նչ կասեք:
– Նիկոլի նեղսրտելը ոչ մեկին չի հուզում, թող ինչքան ուզում է նեղսրտի: Ես հիմա ավելի շատ եմ նեղսրտում, քան Նիկոլը: Դրանից փաստերը չեն փոխվում: Բացի այդ, նա չի նեղսրտում, նա այլևս հիստերիայի մեջ է ընկնում ճշմարտությունը լսելիս: Որովհետև բոլոր ճշմարտություններն իր դեմ են, և աղաղակում են իր անկարողությունների ու քաղաքական տգիտության մասին: Եթե նա պատերազմի հաջորդ օրերին չթաքնվեր բունկերում և անմիջապես զբաղվեր գերիների վերադարձի հարցերով՝ ապա այսօր Ադրբեջանը քթից բռնած չէր թաքցնի գերիների իրական թվերը: Բացի այդ, եթե Նիկոլն անմիջապես զբաղվեր Հադրութի, Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում մնացած մեր զինվորական ստորաբաժանումներով, առաջնահերթ ապահովեր այդ տարածքում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը, ապա մեր 62 տղաները ևս, այսօր ադրբեջանական բանտերում չէին լինի: Սրա մասին հրապարակային ասել ենք տարբեր լրատվամիջոցներով: Բայց Նիկոլի կառավարությունում երբեք ընդունված չի եղել ընդդիմությանը լսելը, դրա համար էլ երկիրը հասցրեցին այս ողբերգական վիճակին:
– Նիկոլ Փաշինյանը նաեւ կարծում է, որ Շուշին հայկական քաղաք չէ, քանի որ ինչ-որ ժամանակ քաղաքի բնակչության 90 տոկոսն ադրբեջանցիներ են եղել:
– Նիկոլը թող հարցնի Հայ ժողովրդին՝ Շուշին հայկական քաղաք է, թե՞ ոչ: Թող հրապարակային հարցում անի, ինչպես ինքն է սիրում ժողովրդի անունից կեղծ ելույթներ ունենալ: Հիշում եմ, կար ժամանակ, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, որ իր պապերը ևս շուշեցիներ են: Եթե Շուշին հայկական քաղաք չի եղել, իր պապերն ինչպե՞ս են ապրել այնտեղ: Ալիևը շարունակում է հայտարարել, որ Երևանը (ըստ իրենց՝ Էրիվանը) ադրբեջանական քաղաք է, և բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Ի՞նչ է առաջարկում ձեր Նիկոլը, հնարավո՞ր է, որ մի օր էլ հայտարարի, որ Երևանը ինչ-որ մի ժամանակ հայկական քաղաք չի եղել: Ես զարմանում եմ, ուղղակի ապշած եմ մեր պատգամավորների վրա: Եթե ես լինեի խորհրդարանում, Նիկոլի այդ արտահայտությունից հետո ԱԺ դահլիճում ծեծկռտուք կսկսվեր, փոխարենը՝ էդմոնին էին քաշքշում՝ ճշմարտություններ ասելու համար:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
aravot.am