Հարցազրույցներ
Նիկոլին թույլ չեն տալիս հրաժարական տալ ընդամենը երկու հոգի. Շարմազանով
16.01.2021
Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները մարդ-կուսակցությունների ներկայացուցիչների հետ. Փաշինյանը երեկ ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին, իսկ հանդիպումների ընթացքում քննարկվել է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց՝ այս հանդիպումներն ունեն մեկ նպատակ՝ շեղել հանրության ուշադրությունը Փաշինյանի հրաժարականի պահանջից։
«Փաշինյանը մնում է, որ ի՞նչ անի: Չէ՞ որ իր ասած այդ նոր որակի կառավարման մեջ ինքը չի տեղավորվում, հետևաբար՝ այդ ինչպե՞ս պետք է գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նա չունի արդեն նաև խորհրդարանի 2/3-ի աջակցությունը, այնպես որ, այդ հանդիպումների նպատակն է՝ շեղել քաղաքական օրակարգը, որում պետք է լինի ընդամենը մեկ հարց՝ հողատուի հեռացում»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ Փաշինյանը ոչ միայն հանձնեց հայրենիքի 70 տոկոսը, այլև ճանապարհ տվեց Ադրբեջանին ու Թուրքիային՝ Մեղրիով։
Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն, բացի հողատու Փաշինյանի հրաժարականի հարցից, որևէ այլ հարց, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու մասին, չի քննարկելու։
«Մեզ պետք է մի բան՝ Հայաստանն ամեն օր կործանող մարդը պետք է հեռանա, որովհետև 2018 թվականի գունավոր հեղափոխության ջատագովներն ունեցել են 3 նպատակ՝ Հայաստանում ազգային ինստիտուտների վերացում, հարձակում այդ ազգային ինստիտուտների վրա և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն։ Պատահական չէ, որ պրոնիկոլական լրատվականներն արդեն թեզ են շրջանառում, որ Ռուսաստանը մեզ այս պատերազմում չօգնեց։ Իհարկե՛ այս թեզի շրջանառումը պատահական չէ, որովհետև պատերազմի առաջին օրերին Փաշինյանի ընտանեկան թերթում հրապարակվեց հոդված, թե չենք բանակցի Ռուսաստանի հետ, կբանակցենք Թուրքիայի հետ»,- ասաց նա։
Ըստ Շարմազանովի՝ միանշանակ է, որ Փաշինյանը գնալու է, որովհետև 5000 զոհի մեղավորության պատճառ դարձած մարդը չի կարող մնալ իշխանության, ավելին՝ Փաշինյանը Հայաստանում այլևս իշխանություն չունի, և նա չի կարողանում մտնել Սյունիք ու վռնդված է եկեղեցուց։
«Մենք իրավունք չունենք ցնցումների և եղբայրասպանության գնալու, դա թուրքասորոսական ծրագիր է, որի համար գտան հողատու մեկին, որն այդ ծրագիրն իրականացրեց, և պատահական չէ որ այսօր Նիկոլին թույլ չեն տալիս հրաժարական տալ ընդամենը երկու հոգի՝ Ալիևն ու Էրդողանը»,- ասաց Շարմազանովը՝ շեշտելով, որ այդ երկուսը չէին կարող գտնել մեկին, որը կկատարի այն, ինչն իրենք են ցանկանում։
«Մեղրիով թուրքերին ու ադրբեջանցիներին ճանապարհ տալը Թուրքիայի և Ադրբեջանի 100 տարվա երազանքն էր։ 100 տարի առաջ Բաթումում թուրքական պատվիրակությունը հայկական պատվիրակությանը՝ Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ, ասել էր՝ հայե՛ր, դուք մեր ազգային նպատակների համար խնդիր եք, ու մենք մեր նպատակին հասնելու համար ոչ ժամանակ ենք հաշվի առնելու, ոչ էլ գումար։ Թուրքերն այսօր գտան մեկին, որն այդ ծրագիրն ի կատար ածեց»,- ասաց մեր զրուցակիցը՝ կոչ անելով թուրքական և ադրբեջանական շուկաների հետ առևտրի հեռանկարով ոգևորված հայ բիզնեսմեններին մտածել, թե Թուրքիան կամ Ադրբեջանն ինչ նպատակով են ներդրումներ անելու Հայաստանում։
«Դե բերեք Քեմալ Աթաթուրքի արձանը դրեք, թուրքերն այդ դեպքում ավելի շատ ներդրումներ կանեն։ Եթե սա մնաց իշխանության, մենք դառնալու ենք թուրք-ադրբեջանական թափոն։ Փաշինյանը գնում է թուրքական ծրագրով՝ մեղավոր է կարգում Ռուսաստանին, ստեղծում հակառուսական տրամադրություններ, որ վերջում Հայաստանը դարձնի թուրքական վիլայեթ»,- ասաց Շարմազանովը։
Ինչ վերաբերում է սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր անց հայկական կողմի պարտությամբ ավատված պատերազմը հետաքննելու անհրաժեշտությանը, Շարմազանովի պնդմամբ, պատերազմի ընթացքն ու արձանագրված արդյունքը պետք է պարտադիր ուսումնասիրեն անկախ հանձնաժողովն ու փորձագետները։
Ըստ Շարմազանովի՝ այս պատերազմը, սակայն, չի կարող քննվել այս իշխանության օրոք։
«Դրանով պայմանավորված էլ Հանրապետական կուսակցությունը չի ընդունել «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը՝ փաստահավաք խմբի կազմում ընդգրկվելու վերաբերյալ։ Այս իշխանության օրոք որևէ հանձնաժողով, որևէ փաստահավաք խումբ չի կարող գործել արդյունավետ։ Հանձնաժողով պետք է ստեղծվի, դատական գործեր պետք է լինեն, դավաճաններն էլ պետք է պատժվեն, սակայն այդ ամենին պետք է հասնել իշխանափոխությունից հետո, իսկ այս բոլոր խնդիրները հիմա երկրորդական են՝ առաջին տեղում պետք է լինի հողատու Փաշինյանի հրաժարականը»,- ասաց Շարմազանովը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
Աղավնի Սուքիասյան
168.am