Հարցազրույցներ

Չի կարող Պուտինը ներկայացնել մեր շահը, եթե ՀՀ ղեկավարը դա չի անում. Աշոտյան

12.01.2021

Մոսկովյան հանդիպման մասով իշխանական թևի դավաճանական հրճվանքը տարակուսելի է, իսկ ռուսաստանյան կողմին ուղղված մեղադրանքներն ընդունված հայտարարության մասով առնվազն դատարկ ու անհիմն, որովհետև պետք է մեղադրենք ինքներս մեզ, թե ինչու է մինչև հիմա ՀՀ-ն ներկայացնում Նիկոլ Փաշինյանը՝ դա մեր մեղքն է և ոչ թե ՌԴ ղեկավարության: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրույցում նշեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 
- Պարոն Աշոտյան, մոսկովյան այցի արդյունքները, թերևս, գոհացրել են միայն իշխանության ներկայացուցիչներին՝ հաշվի առնելով այդ թևի արձագանքը: Մինչդեռ նախապես ազդարարված ամենակարևոր ու զգայուն հարցերից մեկը՝ գերիների վերադարձը, մնաց առկախված: Ձեր կարծիքով, ինչպե՞ս է հնարավոր լուծել այն և արդյոք իշխանությունը լիարժեք տիրապետում է իրավիճակին:
 
- Ռազմագերիների, պատանդների վերադարձի, փոխանակման և  զոհվածների աճյունների փոխանակման խնդիրը պետք է ի սկզբանե դիտարկվեր որպես գերակա, երբ նախապատրաստվում և ստորագրվում էր նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը: Մամուլում հայտնվել էին հայտարարության նախնական տարբերակներ, որտեղ այդ հարցի խնդիրը դրված էր հստակ ժամկետային  լուծումների մեջ: Ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի կարևորել այդ հարցը, կա՛մ դիտավորությամբ այդ հարցի լուծման համար ժամկետներից հրաժարվել է, որպեսզի ամբողջ Հայաստանին ու Արցախին շարունակի պատանդ պահել Ալիևի և իր ձեռքերում:
 
Ռազմագերիների վերադարձի հարցի հետ կապված ակնհայտ է, որ գործող վարչակազմը չի ուզում, կամ չի կարողանում լուծել այս խնդիրը: Առնվազն ծիծաղելի են այն պնդումները, թե Նիկոլը բարձրաձայնել է այդ հարցը, Ռուսաստանը համաձայնվել է, որովհետև  եթե այդպիսի ձևաչափ լիներ, վստահ եմ, որ  Ալիևը չէր կարող դիմադրել եռակողմ հանդիպման ժամանակ այդ լուծումներին:
 
Կարծում եմ, ընդդիմությունը, երբ հասնի իշխանափոխության և եթե մինչև այդ այդ հարցերը չլուծվեն, իսկ ես, ցավոք, բավականին հոռետես եմ այդ հարցում, պետք է պնդի եռակողմ հանձնաժողովի ստեղծում հենց տվյալ 8-րդ կետի իրականացման հետ կապված: Այդ ինչպե՞ս է, որ տրանսպորտային կոմունիկացիաների բացմնա հետ կապված միջկառավարական աշխատանքային խումբ է ստեղծվում, իսկ ռազմագերիների վերադարձի կամ սահմանների դելիմիտացիայի հարցով ոչ:
 
Ի դեպ, իշխանական կողմի հրճվանքը տխմար դավաճանների հրճվանք է, որովհետև ակնհայտ է, որ Սյունիքով կամ Վայոց ձորով տրվող միջանցքները աշխարհագրական իմաստով շատ ավելի կարևոր են Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ պանթուրքիստական ծրագրերի շրջանակներում, քան Հայաստանին շատ երկար ուղեծրով տրվող հնարավորությունը երկաթգծային հաղորդակցման ՌԴ կամ նույն Իրանի հետ: Եվ ամենակարևորը՝ հիշեք, որ Թուրքիան և Ադրբեջանը Սյունիքի վրա աչք ունեն, իսկ ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով անցնող երկաթգիծը շրջապատող շրջանների վրա աչք չունի: Այդ իմաստով առնվազն տարակուսելի է այս դավաճանական հրճվանքը:
 
- Հնչում է տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանը չի հեռանալու առնվազն մինչև բոլոր պայմանավորվածությունները, որ ստանձնել է Մոսկվայի և Բաքվի առջև, առարկայական չդառնան: Երեկվա հայտարարությունն ուրվագծեց նոր ժամկետ՝ մինչև մարտ դեռ անելիքներ կան: Ի՞նչ է անելու ընդդիմությունը:
- Ընդդիմությունը գլոբալ մեկ անելիք ունի՝ ժամկետ առաջ հեռացնել Փաշինյանին իշխանությունից: Սա միակ լուծումն է, որ հնարավոր է Հայաստանի և Արցախի համար բացի ապագա, բացի հորիզոն: Այս դեպքում, ինչքան Նիկոլը մնաց հայ ժողովրդի կոկորդին, այնքան մենք շարունակելու ենք շնչահեղձ լինել տարածաշրջանում:
 
- Կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը, այդ թվում և ՀՀԿ-ն, ակտիվ քայլերի ու գործողությունների չեն դիմում, քանզի այդ պարտավորությունների չկատարումը կհանգեցնի նոր պատերազմի ու դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացմանը: Բայց և ոչինչ չանելն էլ սխալ է: 
 
- Իրականում այս տեսակետը շատ պարզունակ է, որովհետև իշխանափոխությունը ՀՀ-ում պետք է, որպեսզի նախ և առաջ կասեցնի, կանգնեցնի այն կործանարար դոմինոյի էֆեկտը, որի ականատեսն ենք մենք լինում նոյեմբերի 9-ից սկսած, երբ հայկական աշխարհը  կործանվում է, վայր է ընկնում և այդ էֆեկտը կանգնացնելու համար, ինչպես իրական խաղում, պետք է պարզապես մի քանի քար այդ շղթայից հանել: Եվ Նիկոլը հենց դոմինոյի այն քարն է, որը անմիջապես պետք է հանել, որպեսզի կասեցնել հետագա անկումը:
 
Լուծումները այդ շրջանում շատ տարբեր կարող են լինել, ու առաջին հերթին քաղաքական: Ես նկատի ունեմ նոր իշխանությունը, որը հստակ, նոր որակի, իրական ռազմավարական դաշնակցային հարաբերություններ կունենա ՌԴ հետ՝ սա է թիվ մեկ հրամայականը, որպեսի Հայաստանն ունենա հենման կետ տարածաշրջանում: Այսօր, ցավոք, ՀՀ-ն այդ հենման կետը չունի և ակնհայտ է ՌԴ իշխանությունների վերաբերմունքը մեր իշխանություններին, որը մինիմալ է ռազմավարական, մարտավարական խնդիրների լուծման համար և լավագույնս չի ներառում հենց հայկական շահը, որը Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ ներկայացնել:
 
Ռուսաստանը Հայաստանին աջակցելու շատ հարուստ ու բազմապիսի գործիքակազմ ունի: Թե դրանից որ գործիքներն են տվյալ պահին գործի դրվում ու ինչ ուժգնությամբ՝ կախված է տարբեր գործոններից: Ակնհայտ է, որ Փաշինյանի քաղաքական գոյության դեպքում ակնկալել, որ ռուսական քաղաքականությունը Հարավային Կովկասում մաքսիմալ ներառելու է ՀՀ և հայ ժողովրդի բոլոր շահերը միամտություն է, որովհետև չի կարող  Վլադիմիր Պուտինը ներկայացնել շահեր, որոնք չեն արտահայտվում Հայաստանի ղեկավարի կողմից: Որպեսզի այդ շահերը պաշտպանվեն և ներառվեն, պետք են նոր մարդիկ, որոնք կարող են դրանք բանաձևել Հայաստանի կողմից և ներկայացնել ՌԴ-ին:
 
Ի մի բերելով պետք է ասել, որ ռուսաստանյան կողմին որևէ մեղադրանք երեկվա հայտարարության հետ կապված դատարկ է և անհիմն, որովհետև մենք պետք է մեղադրենք նախևառաջ ինքներս մեզ, թե ինչու է մինչև հիմա ՀՀ-ն ներկայացնում Նիկոլ Փաշինյանը, իսկ դա բացառապես հայ ժողովրդի մեղքն է և ոչ թե ՌԴ ղեկավարության:
 
- ՀՀԿ ԳՄ վերջին նիստի քննարկումների մասին, որը վարել է Սերժ Սարգսյանը , տարատեսակ լուրեր տարածվեցին, բայց առանցքայինը թերևս այն էր, որ պետք է ակտիվանալ: Ինչ է դա նշանակում:
 
- ՀՀԿ ԳՄ նիստը շատ կարևոր էր, մենք մամլո հաղորդագրության մեջ դիվանագիտորեն, բայց հստակ  ուրվագծել էինք հարցերի այն շրջանակը, որը գոյություն ունի: ՀՀԿ-ն միշտ է ակտիվ եղել, այն բացառիկ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ դեռևս 2018 թվականի ապրիլ-մայիսից սկսած բարձրաձայնում էր Արցախի շուրջ իր մտահոգությունները, խոսում էր այն մասին, որ այսպես կոչված հեղափոխությունը, իսկ իրականում իշխանության զավթումը պայմանավորված է բացառապես արցախյան հարցով և ցավոք մենք ճիշտ դուրս եկանք: Հանրապետական երբեք քաղաքական գործընթացներից դուրս չի մնացել և այսօր էլ չի պատրաստվում մնալ, հատկապես հաշվի առնելով ոչ թե իշխանության վերադառնալու այն պիտակը, որը մեզ փորձում են կպցնել, այլ երկրի և ժողովրդի առջև ծառացած  լրջագույն մարտահրավերները: Պատկերավոր ասած, բաժանվելուց հետո մենք չենք ուզում ամուսնանալ նույն զուգընկերոջ հետ, բայց մենք ուզում ենք ամեն ջանք գործադրել, որպեսզի պաշտպանենք մեր ու մեր նախկին զուգընկերոջ համատեղ երեխաներին: Սրանք տարբեր օրակարգեր են: Ես վստահ եմ, որ 17+ ձևաչափից բացի կա նաև  հնարավորություններ տարբեր հանրային, հասարակական, քաղաքական նախաձեռնություններով հարստացնել համազգային պայքարի ներկապնակը: 17+ ձևաչափը այդ պայքարի այցեքարտն է, սակայն միակը չէ և դրա մասին  վկայում են բազմաթիվ այլ նախաձեռնություններ՝ Փաշինյանի հեռացմանը միտված, և այստեղ մենք կարծում ենք, որ ցանկացած նոր նախաձեռնություն կամ գործողություն, որը կարող է ծառայլ ընդհանուր գործին և շահին, պետք է միայն ողջունվի:
 
- Լուրեր կան, որ 17 կուսակցությունները ներքին պայմանավորվածություն ունեն փոխելու ոչ միայն պայքարի մեթոդոլոգիան, այլև ձևաչափը: Մասնավորապես, հնարավոր է, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերից դուրս մնա ԲՀԿ-ն:
 
- Ես նման լուր չեմ լսել, ես նման տեղեկատվությանը չեմ տիրապետում, հետևապես չեմ կարող մեկնաբանել:  
 
Լիա Խոջոյան
 
verelq.am

← Վերադառնալ ցուցակին