Հարցազրույցներ

«Տարածքների կամ անվտանգության գոտիների հանձնումը նույնիսկ Երևանի կենտրոնում ապրող մարդու շահերից չի բխում». Արտակ Զաքարյան

25.12.2020

Կառավարության այսօրվա՝ 2020 թվականի վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի մարզի սահմանային, ինչպես նաև սահմանազատման աշխատանքներին՝ նշելով, թե այդ աշխատանքները որոշակի բարդություններ են պարունակում:
 
«Սյունիքի մարզում ներկայումս տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ: Եվ այդ տեղորոշման աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ և որոշակի բարդություններ, բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա և այդ աշխատանքն անհրաժեշտ է Սյունիքի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից: Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված՝ կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը՝ Սյունիքի մարզի Որոտան համայնքի, գյուղի, բնակավայրի մասին է, երկրորդը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի, ցավոտ իրավիճակների բերել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչպե՞ս է հնարավոր Սյունիքից տարածքներ հանձնել Ադբեջանին և խոսել ՀՀ քաղաքացու շահերից։
«Դա ձևակերպում չի՝ առավելևս՝ պետության ղեկավարի կողմից արված։ Ինչպե՞ս է հնարավոր՝ տարածքների կամ անվտանգության գոտիների հանձնումը բխի ՀՀ որևէ քաղաքացու շահերից. դա նույնիսկ Երևանի կենտրոնում ապրող մարդու շահերից չի բխում, էլ ուր մնաց՝ սյունեցու։ Այսօր Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկելը դարձել է բարդ և վտանգավոր, իսկ երբ ԱԱԾ-ն հորդորում է ճանապարհներին խնդիրների հանդիպելու դեպքում արագ ընթանալ և հեռախոսահամարներ է տալիս, սա արդեն ազդանշան է, որ Կառավարությունն ի զորու չէ պաշտպանել ՀՀ քաղաքացու շահերը, և ապացուցում, որ այս պատերազմը պարտվել է քաղաքական իշխանությունը, սա բանակի պարտությունը չի եղել։ Բանակի համար պետք էր պետության կողմից հստակ հասցեական գործողություններ և միջոցառումներ արվեին, ինչը չի արվել, ավելին՝ հատուկ հող է նախապատաստվել, որ ադրբեջանցիները հեշտությամբ գան, իսկ այսօր էլ հատուկ շնորհակալություն են հայտնում ոչ թե Ալիևին, այլ Փաշինյանին, որ իրենց հնարավորություն տվեց գալ հասնել Շուշի և Իշխանաձոր»,- ասաց Զաքարյանը։
 
Ըստ նրա՝ բանակը չէր կարող այս պատերազմն այսպիսի ելքով ավարտել, եթե լիներ քաղաքական իշխանության կողմից ճշգրիտ կառավարում, այսպիսի խայտառակ վերջաբան չէր լինի, մինչդեռ այսօր ոչ միայն Արցախի մեծ մասն է հանձնվել, այլ  արդեն Հայաստանի անվտանգությանն է սպառնում Թուրքիան և Ադրբեջանը, ինչի ապացույցն էլ Ադրբեջանի 2021 թվականի բյուջեի ռազմական ծախսերի ավելացումն է ու սահմանին իրականացվող ամրաշինական աշխատանքները։
 
«Տարածաշրջանային մեծ խաղի փոքր դրվագն էր այս պատերազմը։ Չի բացառվում, որ առաջիկայում Սյունիքում նոր սպառնալիքներ ունենանք։ Պետք է հասկանալ, թե գլոբալ առումով հակառուսական ինչպիսի ուժեր են հիմա գեներացվում, թե ռուսական խաղաղապահ ուժերը էլ ի՞նչ ռազմավարական խնդիրներ ունեն իրենց առաջ դրված, պետք է կարողանալ այս փուլում ռուսական շահերը մեր շահերի հետ համադրել, ինչպես նաև գիտակցել, թե Թուրքիան ինչի համար էր օգնում Ադրբեջանին»,- ասաց Զաքարյանը՝ նշելով, որ հրատապ է դարձել Արցախում և Սյունիքում Ռուսաստանի ուղիղ ներկայության հետ հայկական զինված ուժերի գործողությունների համադրումը՝ առաջիկա սպառնալիքներին դիմագրավելու համար։
 
Ինչ վերաբերում է Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայման առաջարկին, որ օրեր առաջ հնչեցրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ինչից հետո նույն առաջարկը կրկնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Արտակ Զաքարյանը նշեց.
 
«Ամեն ինչ կախված է այն քաղաքականությունից, որը պետք է վարվի. այս իրավիճակում պետք է ողջունենք ՌԴ-ի՝ մեզ տրված հնարավորությունը, և հասկանանք, որ այս տարածաշրջանում ունենք գրեթե համընկնող շահեր։ Մեր Զինված ուժերը պետք է շատ արագ վերաֆորմատավորեն, վերաձևակերպեն խնդիրները և շատ արագ պատրաստվեն նոր խնդիրների լուծմանը, որովհետև միայն ռուսական ներկայությունը բավարար չէ։ Մենք պետք է ոչ թե հույս դնենք ամբողջությամբ ՌԴ-ի վրա, այլ այդ պետության հետ պետք է կարողանանք ապահովել ՀՀ-ի սահմանների պաշտպանությունը, ինչպես նաև մտածենք նրա մասին, որ վաղն Արցախի բանակցային գործընթացում լիարժեք կարողանանք խոսենք այն բոլոր համայնքների վերադարձի մասին, որոնք բանակցային գործընթացի անքակտելի մաս են կազմել։ Իսկ այսօր՝ այս իշխանության օրոք, Հայաստանը տրորվում է աշխարհաքաղաքական բոլոր խաղերի մեջ»,- ասաց Զաքարյանը՝ շեշտելով, որ այս կարևոր հարցերը լուծելու փոխարեն՝ այսօր Հայաստանի իշխանությունը զբաղված է ոչնչով, Ադրբեջանն էլ տեսնում է, որ չկա իշխանություն, և իրեն ինչ դիրք պետք է՝ դա էլ վերցնում է։
 
«Ես չգիտեմ, թե ընդդիմությունն էլ ի՞նչ լեզվով բացատրի, որ մարդիկ հասկանան, որ իրենց հայրենիքն ամեն օր պակասում է։ Եթե կան մարդիկ, որոնք այնքան տգետ են, որ մտածում են, թե Արցախի խնդիրն ավարտվեց, էլ խնդիր չունենք անվտանգության, սխալվում են, որովհետև մենք խնդիր չունեինք, երբ մեր սահմանն անցնում էր Հորադիզով, իսկ հիմա իսկապես ունենք անվտանգության խնդիր, հետևաբար՝ պետք չէ թույլ տալ, որ Փաշինյանը փափուկ բարձ դնի մարդկանց գլխի տակ»,- ասաց մեր զրուցակիցը։
 
Արդյո՞ք փափուկ բարձ է դնում Փաշինյանը, երբ հայտարարում է, որ Կառավարությունը կփոխհատուցի այն մարդկանց, որոնց շահը կվնասվի սահմանների սահմանազտումների ժամանակ, Արտակ Զաքարյանը պատասխանեց.
 
«Փառք մեր Կառավարությանը։ Իշխանությունն ասում է՝ հայրենիքդ կորցնում ես, բայց մեկ է՝ Ադրբեջանը փողը տալու է, արի տամ քեզ, գնա Ռուսաստանում ապրի»։
 
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին