Հարցազրույցներ

Ա՛յ մարդ, դու պարտված ես ու պարտության խորհրդանիշ. Աճեմյանը՝ Փաշինյանին

03.12.2020

Բոլոր խնդիրներով, որոնք այսօր ծառացած են մեր հայրենակիցների առջև, զբաղվում է միայն ռուսական կողմը, որովհետեւ հայկական կողմը զբաղված է ճղճիմ ինտրիգներով. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը։

 
Ըստ նրա՝ այս իշխանությունը պիտի օր առաջ գնա, որ մենք այս ողբերգական, սարսափելի, խայտառակ էջը փոխենք, մենք պարտավոր ենք պահել այն, ինչ դեռ ունենք։
 
«Փաշինյանը ստորագրեց մի փաստաթուղթ, որը միայն բավարարում է Ադրբեջանի ժողովրդին ու Ադրբեջանի իշխանությանը։ Այլևս մենք չունենք ազգային արժանապատվություն, մենք այլևս ծաղրի առարկա ենք դարձել։ Իհարկե, Ադրբեջանին ձեռնտու է Փաշինյանի ղեկավարումը, քանի որ էլի կարող են պոկել, ինչ հնարավոր է կորզել այս թուլացած և մշուշոտ ապագա ունեցող երկրից։ Ինչպես տեսնում ենք, սահմաններն են արդեն տարբեր ձևով խմբագրվում, ինչ ուզում են անում են։ Սա մի բանի մասին է միայն խոսում, որ, խաբելով, չկառավարելով մեր երկիրը, հասցրեցին այսպիսի ահավոր հանգրվանի, քանի որ Ադրբեջանի ժողովրդի կամքն իր համար առաջնային է եղել»,- ասաց Կարինե Աճեմյանը:
 
Նախկին պատգամավորը այսօրվա իշխանական պատգամավորների քայլերը բնութագրեց որպես դավաճանական: «Որպես պատգամավոր՝ բոլոր միջազգային կառույցներում աշխատելիս բարձր ճակատով ենք ներկայացել, երբեք ընկճված և նվաստացած չենք եղել և մեր հայրենիքի՝ Արցախի հարցը մշտապես բարձրացրել ենք մեծ արժանապատվությամբ։ Հիմնական առանցքը եղել է Արցախի ինքնորոշման սկզբունքն ու կարգավիճակի հարցը, որն այսօր որևէ մեկը չի հիշում։ Իսկ այս սարսափելի, խայտառակ փաստաթղթում նույնիսկ Արցախի կարգավիճակի մասին որեւէ բառ չկա»,- շեշտեց նա։
 
Կարինե Աճեմյանը ցավով արձանագրեց, որ Արցախի հետ հանձնել ենք մեր հոգին, մեր ինքնությունն ու մշակութային սքանչելի ժառանգություն: «Արցախն այն բացառիկ տարածքներից է, որտեղ ամենաշատ են կենտրոնացված քրիստոնեական արժեքները, որոնք մենք հանձնել ենք թշնամուն։ Իսկ Շուշին՝ մեր գեղեցկագույն քաղաքը, որը ոմանց համար մոլախոտ էր կամ դժգույն քաղաք, ոչ ոք չէր պատկերացնում, որ պետք է հանձնվի»,- նշեց նա և, որպես մշակութաբան, խոր մտահոգություն հայտնեց՝ հսկայական ժառանգությունը թողեցինք թշնամուն․ «Ամեն եկեղեցու, ամեն կոթողի մոտ պիտի 3-4 ռուս խաղաղապահ կանգնեցնենք, որ Դադիվանքի նման մեր կոթողները պահպանենք, բայց ես անհանգստացած եմ նաև մեր տարածքում մնացած մշակութային հուշակոթողների ճակատագրով, քանի որ իշխանությունն այդ հարցով ոչինչ չի անում, ինչպես չի զբաղվում ռազմագերիների խնդրով»։
 
Մեր դիտարկմանը, թե կառավարության համար չկա Արցախ, չկա նաև խնդիր, Աճեմյանն արձագանքեց, որ եթե չկա Արցախ, լինելու է շատ մեծ խնդիր. «Կարծում եմ՝ մեր խնդիրները նոր են սկսվելու, որովհետև այսօր վտանգված է  Հայաստանի Հանրապետությունը, և հնարավոր է մեզ շատ ավելի մեծ պատերազմ է սպասվում։ Սա մեր հայրենիքի վերջին կտորն է, որի վրա պիտի գոյատևենք»։
 
Նրա կարծիքով՝ այսօր միայն կամիկաձեն կարող է աթոռի կռիվ տալ: «Այս փոքր երկրում լուսնից մարդ չեն բերելու, միայն քաղաքական գործիչը կարող է գալ իշխանության, քանի որ տեսանք՝ փողոցից բերված մարդը չի կարողանում բանակցել, ընդհանրապես ամեն ինչ զրոյացնում է։ Իսկ դիլետանտ, անհայրենիք մարդիկ մեր երկրում պիտի տեղ չունենան։ Այս փոքրիկ հողակտորը, որ մեր գոյատևման, մեր ապագայի միակ երաշխիքն է, իրավունք չունենք կորցնելու։ Փաշինյանը մեր կորստի ու պարտության խորհրդանիշն է, նա օր առաջ պիտի հեռանա, որպեսզի այս երկիրը և ժողովուրդը ազատվեն նրա նման չարիքից։ Իսկ հայրենիք հանձնողն ինձ համար վերջին դավաճանն է»,- շեշտեց Կարինե Աճեմյանը։
 
Նրա պնդմամբ՝ Փաշինյանին միայն սահմանադրական ճանապարհով հնարավոր կլինի հեռացնել իշխանությունից: «ԱԺ-ում այսօր մենք չունենք պատգամավորների մի խումբ, որը երկրի ապագան կգերադասեր իր աթոռից։ Բայց նրա խմբակն էլ նրա նման անհայրենիք դավաճան է։ Ա՛յ մարդ, դու պարտված մարդ ես ու պարտության խորհրդանիշ, քեզ պիտի մոռանանք»,- խոսքն ամփոփեց Կարինե Աճեմյանը։
 
Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:
 
Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը

yerkir.am
 

← Վերադառնալ ցուցակին