Հարցազրույցներ

«Նիկո՛լ, ի՞նչ է՝ ռուսներին բա՞ն ես պատմում հակառուս Արմենի միջոցով, ինչի նրանք չգիտե՞ն՝ Արմենն ով է». Սամվել Նիկոյան

25.09.2020

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ ռուսական վերլուծական կենտրոններից մեկը՝ «Ցաստը», հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վերաբերյալ  գնահատական։

 
Ըստ ԱԱԽ քարտուղարի՝ ռուսական կենտրոնն իր վերլուծականում համապարփակ ձևով գնահատում է Ռուսաստանի ՀԱՊԿ-ի շրջանակներում՝  ՀԱՊԿ-ի գործընկերների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։
 «Այնտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ՝ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում»,- նշել է Գրիգորյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը, անդրադառնալով  Կառավարության նիստի ընթացքում հնչեցված այդ հրապարակմանը, նշեց, որ վարչապետը հերթական անգամ դիմել է քարոզչական մի հնարքի, սակայն չի նշել մի կարևոր հանգամանք՝ այդ գնահատականը վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին՝ վերջին 30, և ոչ թե՝ 2 տարիների կտրվածքով։
 
«Այդ գիրքը վերաբերում է վերջին 30 տարիների հայ-ռուսական հարաբերություններին։ Վարչապետը Կառավարության նիստի ժամանակ, որպես քարոզչություն, անդրադառնում է ինչ-որ գրքի, դա նշանակոմ է, որ նա գիտակցում է, որ խնդիր կա, և Անվտանգության խորհրդի հակառուս ղեկավարին ասում է՝ մանրամասներ ներկայացրու հայ-ռուսական հարաբերությունների մասով, ասա՝ ինչ ունենք։ Արմեն Գրիգորյանին ասաց՝ ներկայացրու, որ ծաղրի հայ-ռուսական հարաբերությունները։ Արմե՞նը պետք է ներկայացնի հայ-ռուսական հարաբերությունները, չէ՞ որ ռուսները շատ լավ ճանաչում են, թե ով է Արմենը։ Տեսեք՝ այս վերջում էլ ռուս գործակալներ են փնտրում, և հիմա վարչապետն ասում է՝ Արմեն, պատմի, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են»,- ասաց Սամվել Նիկոյանը՝ հարց ուղղելով գործող իշխանությանը՝ եթե Հայաստանը գտնվում է Ռուսաստանի հետ նույն անվտանգության նույն համակարգում, և այդ հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ գնում են ՌԴ և հանդիպում համապատասխան պաշտոնյաների հետ, մի՞թե նրանք էլ են գործակալներ։«Իրականում այս իշխանությունը քայլեր է անում, որոնք անհասկանալի են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։ Ի՞նչ է՝ Նիկոլ, դու ռուսներին բա՞ն ես պատմում Արմենի միջոցով, ինչի նրանք չգիտե՞ն՝ Արմենն ով է։ Այս իշխանությունը քայլեր է անում, հետո ազդակներ է ստանում ու փորձում է դրանք ուղղել։ Մե՛կ  Ռուսաստանին համարում է թշնամական երկիր, մե՛կ գործակալներ փնտրում, հետո էլ զարմանում է, թե ինչո՞ւ Ռուսաստանն իր օդային սահմանները չի բացում Հայաստանի համար»,- ասաց Նիկոյանը։
 
ՀՀԿ ԳՄ անդամն անդրադարձավ նաև հոկտեմբերի 8-ին Հայ Հեղափոխական Դաշնակցության, «Հայրենիք» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքին և արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու պահանջին։
 
Ըստ Նիկոյանի՝ Հայաստանում հանրային ճնշման միջոցով իշխանափոխություն իրականացնելու նախադեպ է դրվել,  և հաշվի առնելով այն քաղաքական մեծամասնությունը, որն ունենք, ակնհայտ է, որ, բացի հանրային ճնշումը՝ իշխանափոխության այլ տարբերակ չկա։
 
«Ես բացառում եմ, որ վարչապետ Փաշինյանն ինքնակամ գնա խորհրդարանի ցրման, երկու անգամ չառաջադրվի այնպես, ինչպես 2018 թվականին։ Բացառված է, որ նա գնա նման քայլի, որովհետև գիտակցում է իր վարկանիշի անկումը։ Երբ ժողովուրդն այլևս դուրս է եկել էյֆորիայից, ես բացառում եմ, որ վարչապետն արտահերթ ընտրությունների ժամանակ հավաքի 50+1։ Գուցե նման թվի կարողանա հասնել, եթե այլ ուժի հետ կոալիցիա կազմի, բայց եթե այդքան վստահ է, որ անգամ այդ դեպքում նման թվի կարող է հասնել, թող գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, տանի 50+1, ինչից հետո ընդդիմությունը կսպասի  հերթական ընտրությունների։ Կրկնում եմ՝ բացառում եմ, որ Փաշինյանը երբևէ մտքի ծայրով կանցկացնի նման բան ու ինքնակամ կգնա արտահերթ ընտրությունների»,- ասաց նա։
 
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին