Հարցազրույցներ
«Սամվել Բաբայանը կփորձի Արցախում հասնել երկիշխանության, եթե մյուս կողմը զիջման չգնաց, դա կբերի բախման». Կարինե Աճեմյան
27.08.2020
Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց վարած քաղաքականությամբ մեծ վնաս հասցնել ոչ միայն երկրի տնտեսությանը, իմիջին, այլ նաև մեր ամենակայացած կառույցներից մեկին՝ բանակին, իսկ դրա ապացույցն այս իշխանության գալուց անմիջապես հետո ձևավորված Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի գոյությունն է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը:
«Այս իշխանությունը ցանկանում է ամեն ինչ ջնջել, այս իշխանության ղեկավարն ուզում է ինքն ամենալավը լինել, բայց այդպես չի կարող լինել, այդ ղեկավարը չի կարող ամենալավը լինել, որովհետև, օրինակ, բանակում չի ծառայել, ռազմական գործին չի տիրապետում, ախր մենք տեսանք, չէ՞, թե ինչպես Տավուշի դեպքերի ժամանակ չհասկացավ, թե ի՞նչ կատարվեց, բայց հիմա ստեղծել են հանձնաժողով, որը պղծում է այն երիտասարդների հիշատակը, որոնք զոհվեցին իրենց հայրենիքը պաշտպանելով»,- ասաց Կարինե Աճեմյանը՝ նշելով, որ հայաստանյան իշխանությունների այս քաղաքականությունը առաջ է տանում նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը։
«Սամել Բաբայանը, չկարողանալով իր անձնական ամբիցիաները կառավարել, հակադրվում է Սերժ Սարգսյանին և ադրբեջանական մամուլի էջերում հայտնվում՝ որպես հերոս։ Այստեղ գործ ունենք Սամվել Բաբայանի՝ Սերժ Սարգսյանից ունեցած նեղացվածության հետ»,- ասաց Կարինե Աճեմյանը՝ շեշտելով, որ իշխանությունն առաջ է տանում հայտնի թեզը՝ «զոհեր՝ հանուն ոչնչի»։
Ըստ Աճեմյանի՝ կան ռազմական գործիչներ, որոնք պետք է առհասարակ իրենց գործն ավարտեն մարտի դաշտում և հեռու մնան քաղաքական դաշտից, իսկ Սամվել Բաբայանը հենց այդ տեսակն է։
«Սերժ Սարգսյանից այդ նեղացվածությունը կա, բայց չէ՞ որ նա, բացի այն, որ լավ կռվել է, գիտենք, չէ՞, թե նա ի՞նչ ճանապարհ է անցել և հիմա մարդկանց մեղադրում է իր իսկ կատարած սխալների համար, բայց չէ՞ որ դրանք սխալներ էին, որոնց համար պետք էր տա՛լ պատասխան»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը չբացառեց, որ գուցե Սամվել Բաբայանը փորձի Արցախում հասնել երկիշխանության, իսկ Անվտանգության խորհրդում հաստիքների թվի կտրուկ մեծացումը դրա առաջին քայլերից մեկը կարելի է դիտարկել։
«Նա շատ է ցանկանալու ավելի մեծ իշխանություն, նա նախագահի ինստիտուտը չի հարգում, նրա մարդկային ամբիցիաները այնքան շատ են, որ բացի այլոց իրեն ենթարկելուց, այլ բան աչքերի առջև չի երևում։ Եթե մի կողմը զիջումներ չանի, բանը կարող է հասնել ընդհուպ բախումների, բայց չէ՞ որ այս տարիներին Արցախում քաղաքական շատ ներդաշնակ իրավիճակ է եղել Արցախում։ Հիմա այդ երկիշխանության հետևանքը կարող է լինել շատ վտանգավոր՝ ընդհուպ պատերազմական գործողություններ, որովհետև ակնհայտ է, երբ երկիրը թուլանում է, և ներքին գզվռտոցը շատանում է, դա բերում է պատերազմական իրավիճակի»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
Աղավնի Սուքիասյան
168.am