Հարցազրույցներ
Սերժ Սարգսյանի կարևոր ուղերձն այն է, որ պետք է վերականգնել դիվանագիտական ճակատի հայկական հաղթանակները, հակառակ դեպքում՝ ՀՀ-ն պատերազմի առաջ է կանգնելու. Մարգարիտ Եսայան
23.08.2020
ՀՀ երրորդ նախագահի ասուլիսի նպատակը, կարծում եմ, այն էր, որ մեր հասարակությունը հասկանա՝ այսօր արցախյան հարցի շուրջ բանակցային գործընթաց չկա, և եղածն արդեն այսօրվա իշխանության թեթև ձեռքով զրոյացվել է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքների վերաբերյալ ասուլիսի մասին:
«Սերժ Սարգսյանը, այս ամենի ակունքներում գտնվելով, զգուշացրեց, ահազանգեց այսօրվա իշխանությանը, թե` տղե'րք, ուշադի'ր եղեք, դուք բանակցություններ չեք անում, մեր բանակը հաղթանակում է նաև «հուլիսյան պատերազմում», բայց դուք շարունակում եք չնկատել ո՛չ Ապրիլյան պատերազմի հաղթանակը, ո՛չ հուլիսյանը»,- ասաց նա և հավելեց, որ ՀՀ երրորդ նախագահի կարևոր ուղերձն այն է, որ պետք է վերականգնել դիվանագիտական ճակատի հայկական հաղթանակները, հակառակ դեպքում` Հայաստանը կանգնելու է պատերազմի վտանգի առաջ:
Անդրադառնալով այն հարցին, որ Սերժ Սարգսյանի ասուլիսից հետո վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրել էր, թե խորհուրդ է տալիս Սերժ Սարգսյանին ծպտված դուրս գալ Հայաստանի ցանկացած տարածք և հարցնել քաղաքացիներից և՛ Սերժ Սարգսյանի գործունեության, և՛ Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ, քանի որ, ըստ նրա, 2018 թվականին տեղի ունեցած գործողություններն արդեն բավարար գնահատական են տվել Սերժ Սարգսյանի կառավարման մասին, նախկին պատգամավորն արձագանքեց՝ սա ապացուցում է, որ այսօրվա իշխանությունը մանկամտության մակարդակից վերև չի բարձրացել:
«Նրանք չեն գիտակցում, որ երկրի և Արցախի անվտանգությունն այսօրվա իշխանության և վարչապետի ուսերին է: Եվ այդ պարզունակ արձագանքը` այդ հզոր ասուլիսին ուղղված, մի բանի մասին է վկայում, որ այսօրվա իշխանությունը, ինչպես ամբողջ պատասխանատվությամբ չի գիտակցում այն բեռը, որի տակ նա մտել է, այնպես էլ շարունակում է չգիտակցելով առաջ գնալ, և սա նրան շատ վտանգավոր տեղ է տանելու»,-շեշտեց Եսայանը:
Նրա տպավորությամբ՝ այն մարդիկ, որոնք հասկացել են Սերժ Սարգսյանի ասուլիսի ազդակները, նրանք հիմա լռում են, իրենց մեջ քննում են, վերլուծում են և մի քիչ ամաչում են: «Վստահեցնում եմ, որ այդ անձի հայտարարությունը մեկ կետից ուղղված հայտարարություն է, ես վստահեցնում եմ, որ Սերժ Սարգսյանի ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը հանգիստ չի քնում, նա շատ անհանգիստ է և լուրջ հոգեխանգարմունքի մեջ է»,- ընդգծեց նախկին պատգամավորը և հավելեց, որ սա պայմանավորված է նրանով, որ համեմատելու չեն Սերժ Սարգսյանի ասուլիսի լրջությունն ու իշխանականների արձագանքը:
Ըստ Եսայանի` իրադարձությունների այս հաջորդականությունից պետք է հասարակությունը հետևություններ անի, որովհետև առնվազն երկու տարվա ընթացքում ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունն իրեն խաբել է, և Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմադիր դիրքերով հասարակությանը մի իրավիճակի է տրամադրել, որով նա կարողացել է հավատացնել հասարակությանը, սակայն, նրա խոսքով՝ այսօր տարբեր սոցիալական խմբեր են դուրս գալիս բողոքի՝ իրավունքներ պահանջելով:
Մանրամասները՝ տեսանյութում:
tert.am