Հարցազրույցներ

Ներկայիս իշխանությունն Ապրիլյան պատերազմի թեման շահարկում է` հարմար դիրքեր ապահովելու համար. կասկածի տակ դնելով հաղթանակը՝ կասկածի տակ են դնում ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը. Արտակ Զաքարյան

23.08.2020

 Ցավոք, նախկին ընդդիմությունը՝ ներկա իշխանությունը, հետևություններ անելու փոխարեն՝ դեռ շարունակում է շահարկել Ապրիլյան պատերազմի թեման, որն անում է իր համար հարմար դիրքեր ապահովելու քաղաքական նպատակով՝ մոռանալով մի շատ կարևոր հանգամանք, որ Ապրիլյան գործողությունների հաղթանակը ՀՀ-ի անվտանգության, կայուն զարգացման և առաջին հերթին Արցախի բանակցություններում ամուր դիրքեր ունենալու համար է:

 
Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունների վերաբերյալ ասուլիսի մասին:
 
Զաքարյանի խոսքով՝ Հանրապետության երրորդ նախագահի արձագանքը սպասելի էր, որը, ըստ էության, տեղի ունեցավ որոշ ժամանակ լռություն պահպանելուց հետո, սակայն կապ ուներ հասարակության համար կարևոր թեմաներից մեկի հետ և ասուլիսի վերաբերյալ լայն արձագանքը սպասելի էր և թեման երկար ժամանակ կմնա գլխավորներից մեկը:
 
«Հիմնական պատճառը, կարծում եմ, այն է, որ արդեն չորս տարի է՝ մեր երկրում տարբեր քաղաքական շրջանակներ աղավաղել են Ապրիլյան պատերազմի մարտական գործողությունների էությունը, ընթացքը, Զինված ուժերի պատրաստվածության մակարդակը, կատարված ռազմաքաղաքական և ռազմական բնույթի գործողությունները, դրա կառավարման խնդիրները և այս առումով՝ շատ կարևոր էր, որ մենք ՀՀ երրորդ նախագահից կարողանայինք իրականությունը լսել»,- ասաց նա և հավելեց, որ այս իրավիճակում մարդիկ ավելի հանգիստ են, ավելի գիտակից են մոտենում իրականությունը և չեն ենթարկվում տարբեր տեղեկատվական ճնշումներին:
 
Արտակ Զաքարյանը նշեց՝ Ապրիլյան պատերազմի մասին խոսելն ուղիղ կապ ունի մեր երկրի անվտանգության հետ, Արցախի բանակցային գործընթացների հետ, ներքաղաքական մի շարք զարգացումների հետ, ԶՈՒ-ի արդիականացման, անվտանգային համակարգի նոր մակարդակի բարձրացման հետ, արտաքին քաղաքական երկկողմ և բազմակողմ կոնֆլիկտի ներկայացման հետ և, ըստ նրա, այս ամենից, բնականաբար, հետևություններ պետք է անել: Ըստ նրա՝ ներկայիս իշխանությունը կասկածի տակ է դնում Ապրիլյանի պատերազմի ժամանակ հայկական կողմի հաղթանակը:
 
«Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում այդ հաղթանակը, կասկածի տակ են դնում ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը, այն իրականությունը, որ ՀՀ-ն երաշխավորում է ԼՂՀ-ի բնակչության անվտանգությունը: Շատերը ձգտել են և մինչև հիմա ձգտում են այդ հաղթանակը գողանալ, որը նշանակում է Ադրբեջանին հնարավորություն տալ իր ժողովրդի մեջ արմատավորել այն միտքը, թե հայերն էլ մինչև հիմա չեն կողմնորոշվում՝ դա հաղթանակ էր, թե պարտություն, Սերժ Սարգսյանն այդ հնարավորությունը երբեք Ադրբեջանին չի տվել»,- նշեց Զաքարյանը:
 
ՀՀԿ խորհրդի անդամի խոսքով՝ արդեն երկու տարի է, ինչ ներկայիս իշխանությանը հորդորում են ճիշտ ճանապարհին վերադառնալ, պատրաստակամություն են հայտնում աջակցել բանակցությունների հարցում, քանի որ ցանկացած սխալ ուղղվում է ՀՀ-ի և Արցախի դեմ։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որը նա արել էր դեռ ընդդիմադիր եղած ժամանակ, առ այն, որ 2016 թվականին ապրիլյան գործողությունները չէին կարող լինել առանց Ռուսաստանի իմացության, որին Սերժ Սարգսյանը բավական կոշտ էր արձագանքել՝ նշելով, որ քաղաքական առումով տգիտոթյուն է այդպես խոսելը և սրան էլ հաջորդեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի այն պատասխանը, թե խորհուրդ է տալիս Սերժ Սարգսյանին ծպտված դուրս գալ Հայաստանի ցանկացած տարածք և հարցնել քաղաքացիներից և՛ Սերժ Սարգսյանի գործունեության և՛ Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ, Արտակ Զաքարյանն ասաց, որ սա պարզ և սովորական ավանտյուր է, որը նորից փորձում է հասարակության ուշադրությունը շեղել և հիշեցրեց երրորդ նախագահի այն խոսքը, թե դրան ևս անդրադարձ կլինի ապագայում:
 
«Հասարակության համար շատ ու շատ հարցեր պարզ, թափանցիկ և իրատեսական են լինելու: Իսկ այդ հայտարարություններն ավելի շատ մանկապատանեկան ժանրի հայտարարություններ են, որոնք ըստ էության՝ ո՛չ պատասխան, ո՛չ անդրադարձ չեն»,- շեշտեց Զաքարյանը և հավելեց, որ պետք է հենց նրանք դուրս գան փողոց ու նայեն մարդկանց աչքերի մեջ, քանի որ իրականում տեղի ունեցածը պարզ, սովորական իշխանափոխություն էր, որը վնասեց պետությունը:
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
tert.am
 
 
 

← Վերադառնալ ցուցակին