Հարցազրույցներ
«Սերժ Սարգսյանն Անդրանիկ Քոչարյանին մի քանի անգամ փրկել է. այս անգամ էլ փրկեց». Հայկ Մամիջանյան
12.08.2020
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով ու թեև որոշակի սահմանափակումներ այս անգամ հանվել են, միևնույն է, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի համոզմամբ՝ 5-րդ անգամ արտակարգ դրության 5-րդ երկարաձգումը կրում է խիստ ձևական բնույթ և ցանկացած պահի, քաղաքական իրավիճակով պայմանավորված, կարող է օգտագործվել իշխանության քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։
«Վարչապետը պարարտ հող է ստեղծում, որ, եթե զգաց, որ ցույցերը շարունակվում են, նորից վերադառնա երկրորդ, երրորդ ալիքին, թեև ես համաճարակաբան չեմ և չեմ կարող ասել, որ, առհասաակ, նման ալիքներ կլինեն»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայկ Մամիջանյանը։
Անդրադառնալով քաղաքական կյանքում ընթացող զարգացումներին՝ նախ նշեց, որ չի կիսում տեսակետը, թե ներքաղաքական կյանքում կա որոշակի պասիվություն, իսկ ինչ վերաբերում է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մեդիաակտիվությանը, ապա, ըստ Մամիջանյանի, խոսելու պահի ընտրությունը պայմանավորված էր ընդամենը կուտակված հարցերի քանակով ու դրանց պատասխանները լսելու՝ հանրության սպասմամբ։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի որոշ հարցերին տված պատասխաններին և դրանց՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի արձագանքներին, երբ Քոչարյանը տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չսպասեց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի սեպտեմբերին հրապարակվելիք եզրակացությանը, և դեռ իրենց հանձնաժողովը պետք է տա հարցի պատասխանը՝ արդյո՞ք 2016 թվականին ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք, Հայկ Մամիջանյանը հակադարձեց.
«Ես, վստահաբար, կարող եմ ասել, Սերժ Սարգսյանը մի քանի անգամ Անդրանիկ Քոչարյանին փրկել է, այս անգամ էլ փրկեց. այս մեկը նման դեպք էր։ Նիկոլ Փաշինյանն իր ողջ քաղաքական թիմով ասում էր, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ փամփուշտ չկար, և այլն, և այլն, սակայն նախագահ Սարգսյանը, մարդատեղ դնելով ստեղծված հանձնաժողովը, որը քաղաքական կշռի տեսակետից է ծիծաղելի, գնաց այդ նիստին, որից հետո Անդրանիկ Քոչարյանն ու հանձնաժողովի մյուս անդամները սկսեցին ասել, որ ամեն ինչ նորմալ է եղել, որից հետո հավանաբար Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Անդրանիկ Քոչարյանին և ասել, թե՝ այս ի՞նչ եք անում, ինչպե՞ս կարելի է, և հիմա Անդրանիկ Քոչարյանի համար Սերժ Սարգսյանի այս վերջին տեսանյութերը հոյակապ առիթ էին իր ծառայամտությունը ցույց տալու Նիկոլ Փաշինյանին, թե տես՝ ինչեր եմ հիմա ասում։ Իրականությունը դա է, իսկ ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ եղած հետախուզության պետ Արշակ Կարապետյանին, ապա պետք է նշեմ, որ նա 2-րդ նախագահի դեմ ցուցմունք տալու դիմաց ստանձնել է Փաշինյանի խորհրդականի պաշտոնը, և լավագույն դրսևորումն է մեր իշխանությունների երեսպաշտության»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Անդրադառնալով ներքաղաքական կյանքում կուտակված խնդիրներին՝ Մամիջանյանը նշեց, որ խնդիրներն այնքան շատ են, որ հանգեցրել են իշխանության վարկանիշի նվազման։
«Ստեղծված իրավիճակում որևէ մեկը չի կարող, սակայն, երաշխավորել, որ փոփոխությունները լինելու են դեպի լավը, որովհետև ժողովրդավարությունը վատից ազատվելու և ոչ թե՝ ավելի լավին ընտրելու տարբերակ է, բայց երբ քաղաքացին տեսնում է, որ Փաշինյանը վատն է, պետք է նրան փոխի»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
Աղավնի Սուքիասյան
168.am