Հարցազրույցներ
Համավարակի դեմ պայքարում սահմանափակումները պետք է լինեն տրամաբանական, անհրաժեշտ է դրանք խելամտորեն վերանայել. Արա Բաբլոյան
31.07.2020
Համավարակից քաղած հիմնական դասն այն է, որ կորոնավիրուսից փրկում են ոչ միայն դիմակը, պատշաճ հեռավորությունն ու հիգիենան, այլև ճշգրիտ տեղեկատվությունը. պետության բացթողումն այն էր, որ կարանտինից հետո կարգուկանոնի պահպանումը թողեց մարդկանց գիտակցության վրա, դա սխալ որոշում էր, պետք էր երկաթյա կարգապահություն սահմանել և վերահսկել դա: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:
«Անցած ամիսները թույլ տվեցին ինչ-որ չափով ճանաչել այս վիրուսը, թեև նույնիսկ կլինիկորեն ակնհայտ դեպքերում երբեմն հնարավոր չի լինում հաստատել դրա առկայությունը, թերևս որոշ ժամանակ անց հակամարմինների թեստով է հնարավոր պարզել հիվանդացության դեպքը: Դիմակներն ընդմիշտ չեն, դրանք պետք է դնել՝ մինչև կհասնենք պատվաստանյութի հայտնաբերմանը»,- ասել է բժիշկը:
Ըստ Բաբլոյանի՝ օրական կորոնացուցանիշները կաճեն երկու դեպքում՝ կա՛մ զանգվածային թեստավորման, կա՛մ անվտանգության կանոնները չպահպանելու. «Երբ օրական թվերը 700-750-ի շրջանում էին, ես կանխատեսեցի, որ մի քանի շաբաթից թվերը կնվազեն, և մենք կգնանք կայունացման: Հիմա օրական թվերը 200-300-ի միջակայքում են: Մենք կարող ենք շրջանցել կորոնավիրուսի երկրորդ ալիքը, քանի որ արդեն իսկ հասել ենք բարձր ալիքի, որը մեզ դասեր տվեց, և այժմ պարզ է, որ հույսը պետք է դնել ոչ թե մարդկանց գիտակցության, այլ ճիշտ կազմակերպչական աշխատանքների վրա, պետք է վերահսկել կանոնների պահպանումը»:
Բժշկագիտության դոկտորի կարծիքով՝ ամեն բնագավառում, նախևառաջ՝ դպրոցներում և բուհերում, պետք է մշակվի անվտանգության կանոնակարգ. «Հիմա ներքին տուրիզմի եռուն շրջան է, մարդիկ պետք է իրենց առօրյան կանոնակարգված կազմակերպեն, որ հանգիստը չբերի հիվանդացության աճի: Տնտեսությունն էլ պիտի աշխատեցնենք, կրթական օջախներն էլ պիտի բացվեն, միայն թե կանոնակարգերով: Դպրոցներին պետք է համաճարակաբաններ կցել, խմբերը փոքրացնել, դասարանների կահավորումը վերանայել, ժամերը կրճատել»:
Արա Բաբլոյանի պնդմամբ՝ սահմանափակումները պետք է լինեն տրամաբանական և խելամտորեն վերանայվեն, օրինակ՝ եթե մեկնաբանը տաղավարում միայնակ է, չպետք է դիմակ դնի. «Պետությունը, գործատուներն ու քաղաքացիները՝ ամեն մեկն իր տեղում, պետք է պատասխանատվություն կրի: Նույնիսկ զարգացած երկրներում, երբ պետությունը հույսը դրել է քաղաքացիների գիտակցության վրա, խնդիրներ է ունեցել և նորից խստացրել է սահմանափակումները: Պետք է փրկել առողջապահությունը, որ բժիշկներն էլ փրկեն մարդկանց. այսօր մեծ ռիսկի տակ են հատկապես պոլիկլինիկաները»:
Դավիթ Սարգսյան
tert.am