Հարցազրույցներ

«Մեր 5 զինվորականների կյանքերն Ալիևի խղճին են, իսկ ո՞ւմ խղճին են կորոնավիրու«Մեր 5 զինվորականների կյանքերն Ալիևի խղճին են, իսկ ո՞ւմ խղճին են կորոնավիրոսի՝ 900-ից ավելի զոհերը&raq

25.07.2020

 «Չեմ բացառում, որ մարտերը ծագել են իրավիճակային, իրադարձային առիթով, բայց Ադրբեջանի համար դա ցանկալի սցենար էր»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով տավուշյան սրացմանը, հնարավոր տարածաշրջանային զարգացումներին, բանակցային գործընթացի ապագա օրակարգին, Թուրքիայի և Ռուսաստանի դերակատարությանը և մի շարք այլ հարցերի:

 
Արմեն Աշոտյանն ասաց, որ կա իրավիճակը խորությամբ ընկալելու խնդիր, և այս իշխանությունների համար տեղի ունեցածը սառը ցնցուղ էր:
 
 «Ինչո՞ւ էր սառը ցնցուղ, որովհետև նրանք սովոր էին, որ իրենց նեղ աշխարհաքաղաքական ընկալումների մեջ, չունենալով միջազգային հարաբերություններում ընկղմված լինելու մեծ փորձ, գիտելիք ու կապեր, իրավիճակին նայել իրենց թեթևսոլիկ քարոզարշավների և մակերեսային քարոզչության աչքերով: Կորոնավիրուսը, համավարակն առաջին հարվածն էր այս իշխանություններին, որ մերկացրեց բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ կառավարման, և ընդհատեց Նիկոլ Փաշինյանի կառավարման մեղրամիսը: Տավուշյան մարտերը երկրորդ հարվածն էր, որն ավելի վերադարձրեցին և, հուսով եմ, այս իշխանությանը կվերադարձնեն դեպի իրականություն: Ադրբեջանը մշտապես սպառնացել է Հայաստանին պատերազմով: Դա եղել է և՛ Առաջին, և՛ Երկրորդ, և՛ Երրորդ նախագահների ժամանակ, այդպես է նաև այսօր:
Ընդհանուր տեսակետից որևէ անակնկալ չկա, սակայն մի բան է՝ մշտապես սպառնալ պատերազմով, մեկ այլ բան է՝ առիթն օգտագործել ռազմական գործողություններ իրականացնելու համար: Գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Ադրբեջանի իշխանությունները լավատեսորեն էին տրամադրված իրենց դիտանկյան մեջ և անգամ ողջունում էին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, գլուխ էին գովում, որ հանրապետականների հախից նաև իրենք են եկել, ակնարկներ ասում տարբեր ֆինանսական գործարքների մասին՝ մինչև վերջ չբացելով, անվանարկում Հանրապետականին և Սերժ Սարգսյանին»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Ըստ նրա՝ ստացվեց այնպես, որ մի քանի ամիս առաջ Ալիևը տարբեր պատճառներով ընկավ խորը սթրեսի մեջ:
 
Արմեն Աշոտյանը նման պահվածքի համար ներկայացրեց 5 գործոն՝ ներիշխանական պայքար, ներքաղաքական իրավիճակ, հարաբերությունները Հայաստանի հետ և Արցախյան հակամարտությունը, տարածաշրջանային զարգացումները, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերն ու Արևմուտքի մասնակցությունն այդ ամենին, և գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք արագանում են հետհամաճարակային աշխարհում:
 
«Այսինքն՝ այս հինգ գործոնների համադրությունն է, որն այս կամ այն կերպ ազդում է Ալիևի պահվածքի վրա: Եթե փորձենք անաչառ վերլուծել՝ զերծ մնալով քարոզչական կլիշեներից, ապա Ադրբեջանը, այո՛, վերջին ամիսներին հատկապես ինտենսիվ կերպով պատրաստվում էր պատերազմի, դրա մասին վկայում էին սաստկացած հռետորաբանությունը, հայատյացության նոր աստիճանը, որն Ալիևն արտազատում էր հանրային խոսքով, և, իհարկե, այն հանգամանքը, որ հետևողականորեն վարկաբեկում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը:
 
Տավուշյան դեպքերը կարծես թե առիթ էին այդ ամենն ի ցույց դնելու համար: Ես չեմ բացառում, որ մարտերը ծագել են իրավիճակային, իրադարձային առիթով, բայց Ադրբեջանի համար դա ցանկալի սցենար էր, և Ադրբեջանի պահվածքը ցույց է տալիս, որ նրանք պատրաստվել են ցանկացած ռազմական սրացումների: Տավուշն առիթ էր, ինչը փորձեց Ալիևն օգտագործել»,- ասաց Արմեն Աշոտյանը:
 
Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ պետք է պատրաստ լինել ցանկացած վատագույն սցենարի մշտապե՛ս, ու սա հայ ժողովրդի ճակատագիրն է՝ անկախ իշխանություններից:
 
Ամփոփելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին իր դիտարկումները՝ Արմեն Աշոտյանը հիշեցրեց. «Հայի հետին խելքն է լավը: Հուսամ, որ Նիկոլի հետին խելքն այս դեպքում լավը կլինի զուտ արտաքին քաղաքական մասով: Չեմ ուզում ներքաղաքականի վերաբերյալ ասել, թե այս ընթացքում իրենք ինչպես են վարվել, ինչպես են խորացրել բաժանարար գծերը, պատերազմի անվան տակ նոր քրեական գործեր են հարուցել, ՍԴ-ի խայտառակ բռնաբարումն են շարունակում իրականացնել այս ընթացքում, ԲՀԿ-ին են այնտեղ ճնշում, այստեղ նոր քրեական գործեր են հարուցում մեր դեմ:
 
Տղերք, հազիվ փխրուն համերաշխություն է ստեղծվել, բոլորս եռագույնի տակ հավաքվել ենք, այնպես արեք, որ տեղ ունենաք այդ եռագույն դրոշի տակ: Այլապես հարց է ծագում՝ մեր 5 զինվորականների կյանքերն Ալիևի խղճի վրա են, իսկ ո՞ւմ խղճի վրա են կորոնավիրուսի փնթի կազմակերպված պայքարի արդյունքում 900-ից ավելի զոհերը»:
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
Արաքս Մարտիրոսյան
 
168.am
 
 

← Վերադառնալ ցուցակին