Հարցազրույցներ

«Նախարար Թորոսյանը, իր բոլոր քայլերով փորձում է տապալել համակարգը»․ Մարգարիտ Եսայան

10.07.2020

 – Տիկին Եսայան, ինչպե՞ս եք գնահատում COVID 19-ի դեմ Առողջապահության նախարարության ջանքերը։

 
-Շատ վատ, առողջապահության համակարգը, ինքնին, որպես տարիներ շարունակ կայացած համակարգ, իր գործառույթները, իհարկե, իրականացնում է, բուժանձնակազմը աշխատում է սրտացավությամբ, հերոսաբար։ Բայց նախարար Արսեն Թորոսյանը, ակնհայտորեն, իր բոլոր քայլերով փորձում է տապալել համակարգը, բուժանձնակազմը ուժասպառ է լինում եւ նրանց չեն տրվում համարժեք փոխհատուցումներ, անգամ այս դաժան օրերին միլիոններով պարգեւատրումներ են ստանում կառավարությունում եւ Ազգային Ժողովում, իսկ բժիշկները, բուժքույրերը՝ ոչինչ, բոլոր բուժաշխատողների կյանքում միայն դժվարություններն են ավելացել, նրանք աշխատում են ինչպես ռազմադաշտում, իրենք են վարակվում, հիվանդանում եւ, ցավալին այն է, որ պետության կողմից չկա հոգատարություն, համարժեք վերաբերմունք։ Իրականում պետության կողմից այդ հոգատարությունը չկա ոչ միայն բուժաշխատողների, այլ՝ բոլոր քաղաքացիների նկատմամբ։Նրանց միայն տուգանում են եւ փռում ասֆալտին։ Իսկ համավարակի այս պատերազմական վիճակում պետության այսպիսի վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ քաղաքացիներին թիկունքից հարվածելու գործողություն, դավաճանությունը հենց այդպիսին է լինում։
 
-Արսեն Թորոսյանի աշխատելաոճը մեծապես քննադատությունների է արժանանում։ Կիսում ե՞ք այդ կարծիքը։
 
-Ես արդեն մասամբ անդրադարձա Թորոսյանին, բայց, ուզում եմ հատուկ շեշտել, մինչ նախարար դառնալը եւ ապա նախարարության այս շրջանում այդ անձը ՀՀ առողջապահական համակարգ է ներմուծում, կամ, փորձում է ներմուծել այնպիսի բաներ, պատվաստանյութերից սկսած մինչեւ այլ ներարկումներ, որոնք տարիներ շարունակ մերժվել են, քանի որ համակարգի մասնագետները այստեղ լուրջ վտանգներ են տեսել, մեր քաղաքացիների առողջության հարցում վտանգներ են տեսել։ Հիմա, աջ ու ձախ նա փորձում է կատարել իր պլանը եւ վտանգը գնալով խորանում է։ Համոզված եմ, 3 միլիոն բնակչություն ունեցող մեր փոքրիկ երկրում հնարավոր էր եւ պարտադիր էր ճիշտ աշխատել եւ վիրուսի այս կարգի համաատարած հաղթարշավը կանգնեցնել, բայց, լուրջ կասկածներ ունեմ, որ այս հաղթարշավը, մահերի այս սարսռեցնող թիվը, վարակվածների այս վախեցնող թվերը ոմանց դուր են գալիս, եւ այդ ոմանք պատահական մարդիկ չեն, օրինակ, ես մտահոգություն չեմ տեսնում առողջապահության նախարարի դեմքին, նա կարծես միշտ եւ ինչ-որ բանից գոհ է։ Իսկ այս պայմաններում, երբ մահերի եւ վարակվածների թվով մեր երկիրմ․ ամոթ էլ է ասելը, առաջատարների ցանկում է, առնվազն տարօրինակ է նախարարի այդ ինքնագոհությունը։
 
-Շատերի մոտ այնպիսի տպավորություն է ՝ ասես կորոնավիրուսի դեմ պայքարում կարևոր կետերը տուգանքն ու դիմակներն են։ Համաձայն ե՞ք այդ տեսակետի հետ։
 
-Ցավոք, դա ռեալ իրականությունն է։ Գիտեք, ես անգամ պաշտոնական թվերին չեմ հավատում, լուրջ վերապահում ունեմ, եւ ամենեւին չեմ զարմանա, եթե շուտով պարզվի, որ այդ թվերը դարձել են որոշ պաշտոնյաների համար բիզնես-շահի աղբյուր, թույլ տվեք, առայժմ բավարարվենք սրանով․․ Կարծում եմ շուտով ամեն ինչ կբացահայտվի նաեւ այս դաշտում։ Այսօր իշխանությունը միայն մեկ երգ գիտի եւ այդ երգը դիմակների մասին է, մնացած բոլոր հարցերը նրա համար երկրորդական եմ, իհարկե, իշխանությունը համավարակը օգտագործում է իր հարցերը թաքուն կարգավորելու համար, օրինակ, հավաքների ազատությունը կաշկանդված է արտակարգի պայմաններում, օրինակ, ինչ-որ օգնության ծրագրերից են խոսում պետական թիվիներով, բայց նույն այդ թիվիները երբեք չեն ցուցադրում մարդկանց, որ դժգոհ են, որ խոսում են զրո օգնության մասին, որ չեն թաքցնում պետության կողմից իրենց մոռացության մատնվելը․․Չշարունակեմ, բոլորը դա տեսնում են , դա վերաբերում է ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիներին։ Պետությունը միայնակ է թողել տնտեսվաողին, մանկավարժին, մեծ կամ փոքր բիզնեսը, գյուղատնտեսությունը, բոլորին, պետությունը այսօր զբաղված է մարդկանց ասֆալտին փռելով եւ վարակի տարածումը մեծացնելով։
 
-Վերջին օրերին վարակի ռեկորդային թվեր չեն գրանցվում, բայց վիրուսը չի էլ նահանջում, ի՞նչն է սխալ անում ԱՆ-ը։
 
-Ես անգամ թվերի հանդեպ վերապահում ունեմ, պետության հրապարակած թվերը երբեմն կասկածելի են, իրականում մենք այնքան ռեկորդներ ունեցանք եւ մահերի եւ վարակների թվով, որ իրոք, ամոթ էր, սա նշանակում է, պետությունը պատշաճ քայլեր չիրականացրեց եւ ի սզբանե՝ հիշեք քարոզարշավ, մարզերում մարդկանց բուկլետների բաժանում, քեֆ-խնջույքներ եւ այլն։ Եվ հարյուրավոր մահերի եւ վարակվածների համար թիվ մեկ մեղավորը իշխանությունն է, ավելի կոնկրետ՝ Փաշինյան-Թորոսյան դուետը։ Իսկ վարակը կնահանջի, ի վերջո, աշխարհում ամեն ինչ արվում է դրա համար, մնում է մեր երկրում եւս մարդիկ սթափվեն։
 
medmedia.am

← Վերադառնալ ցուցակին