Հարցազրույցներ
«Այս հեղափոխությունը Հայաստանի համար կործանարար նշանակություն է ունեցել»
12.05.2020
Մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը և դրան հետևած Նիկոլ Փաշինյանի ելույթը նրա երկամյա կառավարման յուրահատուկ գնահատականն էր։ Բացի էական խնդիրների բացահայտումից, այդ միջադեպը մի նրբերանգ էլ ուներ։ Ոչ վաղ անցյալում միևնույն դաշինքի անդամներն այսօր իրար են ծեծում ու մեղադրում նախկինների հետ կապի մեջ։ «Ելք» խմբակցության երրորդ համարը առաջինին մեղադրում է նախկին ռեժիմի սպասարկու լինելու մեջ, իսկ հինգերորդ համարը ծեծում է նրան, մինչդեռ, փաստն այն է, որ բոլորն էլ նույն խմորից են հունցված։ Խորհրդարանում տեղի ունեցածի, ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի շուրջ զրուցում ենք ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ։
-Որպես նախկին խորհրդարանական, ինչպե՞ս եք գնահատում ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը, դրան հաջորդած Փաշինյանի ելույթը։
-Տգեղ, տհաճ բան տեղի ունեցավ խորհրդարանում, կրկնակի ամոթալի էր, որ դա եղավ Շուշիի ազատագրման օրը, եռակի ամոթալի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ եղավ, քառակի ամոթալի, որ խորհրդարանական մեծամասնությունը բռունցքներով փորձում էր լռեցնել ընդդիմադիր խմբակցության ղեկավարին։ Մեր խորհրդարանի պատմության մեջ եղել են նման միջադեպեր, երբ պատգամավորի են հարվածել, բայց ողջ խմբակցությամբ հարձակվել մեկ պատգամավորի, խմբակցության ղեկավարի վրա, երբեք չի եղել։ Նախկինում նման դեպքերն իշխանությունը միշտ դատապարտել է։ 1996-ին, երբ Շավարշ Քոչարյանին հարվածեցին, Լևոն Տեր-Պետրոսյանը չասաց, թե լավ են արել, սադրել է։ Մեր ժամանակ էլ տհաճ միջադեպերը միշտ հարթվել են, դատապարտվել ու համարվել խորհրդարանական մշակույթին ոչ հարիր։ Երբ Արամ Մանուկյանի հետ միջադեպ էր եղել (խոսքը 2014-ին ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի վրա իր տան շքամուտքի մոտ հարձակման մասին է-Ռ.Խ.), ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իրեն ճղում էր, թե ինչպես կարելի է ընդդիմադրի վրա ձեռք բարձրացնել, այն դեպքում, որ Մանուկյանը քաղաքական ուժի ղեկավարին հայհոյել էր, ու նրան քաղաքացիներից մեկը հայրական ապտակ էր հասցրել։ Մենք նիստ արեցինք ու հայտարարեցինք, որ դա անթույլատրելի է և բռնություն է։ Արամ Մանուկյանն այն ժամանակ սադրանք թույլ չէ՞ր տվել, իսկ այսօր, երբ Էդմոն Մարուքյանն իր համար խելոք ելույթ էր ունենում, սադրու՞մ էր։ Խորհրդարանում ամեն ինչ լինում է, մենք էլ ենք բարձր տոնով բանավիճել և՛ Փաշինյանի, և՛ Մարուքյանի հետ, իհարկե, երբեք գործը բռնունցքներին չի հասել, բայց անգամ դրանից հետո, որպես իշխող ուժի ներկայացուցիչ, ես միշտ ներողություն եմ խնդրել, ղեկավարությունն էլ դատապարտել է, ոչ թե կանգնել ասել ենք, թե «պադյեզդներում կփռենք ասֆալտին»։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, պառլամենտարիզմի թաղումն էր։ Մայիսի 8-ը եռատոնի և սգո օր է՝ պառլամենտարիզմի թաղման։ Փաշինյանն ասում է` քանի որ դուք մեզ քննադատում եք, մենք էլ ձեզ ծեծելու ենք, տեսեք, խորհրդարանում ենք ծեծում, «պադյեզդներում» էլ ենք ծեծելու։ Այսպիսի վարչակարգ 1930-ականներին եղել է Գերմանիայում։ Ով Հիտլերին թթու խոսք էր ասում, գեստապոն հետևից գալիս էր։ Հիմա էլ Նիկոլն ունի «հեղափոխության պահպաններ», որոնք այս կամ այն մարդուն են պատժում։ Ֆաշիստներն էլ 1937-ին ունեցել են «հեղափոխության պահապանների» խումբ, և ով նացիոնալ-սոցիալիստներին քննադատում էր, սպանում էին։ Սա խայտառակություն է։ Այս իշխանությանը միշտ պետք է հակառակորդ, թշամու կերպար։ Սկզբում ՀՀԿ-ն էր, Երևանի քաղաքապետի ընտրությանը չմասնակցեցինք, իրենք իրենցով էին, ասացին` սևեր ու սպիտակներ, հետո Հրայր Թովմասյանը դարձավ թշնամու կերպար։ Այսօր խորհրդարանում հավաքված են այն բոլոր ուժերը, որոնք ողջունեցին հեղափոխությունը, չկա մի ուժ, որը նրա կառավարման անդամ չի դարձել։ Նույնիսկ իր գաղափարական թվացյալ աջակիցներին այսօր հակառակորդ է կարգել։ Այսօր Էդմոն Մարուքյանն է, վաղը կլինի Գագիկ Ծառուկյանը, հետո հերթը հասնելու է «Իմ քայլը» խմբակցությունը բաժան-բաժան անելուն։ Այս ամենը նշանակում է մեկ բան՝ Փաշինյանն այլակարծություն չի հանդուրժում։ Այդ մարդիկ կարծում են, որ Նիկոլը ֆյուրեր է, համարյա Քրիստոս է, ինչ ասում է, ճիշտ է։
-Փաշինյանի ելույթում կար նաև ուշագրավ մի դրվագ։ Նա հայտարարեց, թե վիրտուալ տարածքում այսօր իր թիմի կանանց հանդեպ բռնություն է իրականացվում, իրենք հոգեբանական ճնշումների են ենթարկվում։ Ձեզ դա ոչ վաղ անցյալի պատկերներ չհիշեցրե՞ց։
-Այդ կոկորդիլոսի արցունքները նողկանք էին առաջացնում, թե քաղաքական իշխանության նկատմամբ իբր ճնշումներ, բռնություն են կիրառվում։ Այդ հեղափոխությունը, Փաշինյանի գլխավորությամբ, ողջունել է իմ, Արմեն Աշոտյանի անունով դագաղները, 55 ՀՀԿ-ականների «թաղումները», սև ժապավենները, ընտանիքների վրա հարձակումը, ֆեյքերով սրբություններին հայհոյելը։ ՈՒ դեռ ի՞նքն է խոսում բռնությունից։ Եթե մենք Նիկոլ Փաշինյանի խելքից ունենայինք, 6 տարի խորհրդարանում է եղել, ու այնպես չէ, որ առիթ չկար ու չէինք կարող բռունցքներով հարձակվել վրան։ 6 տարի ինչ ուզել, խոսել, գնացել է։ Վախկոտը նրանք են, ովքեր բռնություն են կիրառում, պատրաստ չեն լսելու քաղաքական խոսք, մարդուն հետևից խփում են։ ՈՒ այս ամենից հետո խոսել ժողովրդավարությունից ու արժանապատվությունից` ամոթ է։ Որն է Նիկոլի ուղերձը՝ հեղափոխությանը դեմ մարդիկ չպե՞տք է ապրեն։ Միայն ՀՀԿ-ին 60 հազար մարդ ձայն է տվել, նրանց հետ ի՞նչ պետք է անեն, հրապարակում պիտի կախե՞ն։ Այս հեղափոխությունը Հայաստանի համար կործանարար նշանակություն է ունեցել, ու դա կարող եմ ոլորտ առ ոլորտ փաստարկված ներկայացնել։ Սկսած հայ-ռուսական, հայ-ամերիկյան հարաբերություններից մինչև տնտեսական իրավիճակ, ներդրումների բացակայություն, աղքատության ավելացում, անհասկանալի պարգևավճարների սահմանում, տապալված կառավարում։ Ինչպես 1920-ականներին էին բոլշևիկներն անընդհատ հեղափոխություն ասում, հիմա էլ` սա։ Այ մարդ, դու հո Վիշինսկի՞ն չես։ Ասում է, թե հեղափոխությանը վտանգ է սպառնում։ Իբր հեղափոխությունը լավ բան է, մի հատ էլ վտանգ է սպառնում։ Իր նման էին նաև բոլշևիկները, եկան եկեղեցու խաչը քանդեցին, նետեցին, Քրիստոսին, եկեղեցին մերժեցին։ Նույն բանն իրենք են անում։ Վեհարանի վրա հարձակվեցին, քո թիմի անդամը, ԱԺ փոխխոսնակը վեհափառին անուն-ազգանունով ու ծաղրանքով է դիմում։ Չնայած կարծում եմ, որ Փաշինյանն է դա անձամբ գրել, տվել Ալեն Սիմոնյանին, որովհետև վերջինս երկար էլ մտածեր` չէր իմանա Կտրիճ Ներսիսյան անուն-ազգանունը։ Դա Փաշինյանի ոճն է։ Արդարացնում են եկեղեցու վրա հարձակումը, նախարարի ու Կարաբինայի հանդիպումը, ԱԺ-ում տրանսգենդերի ելույթը, ծեծուջարդը, քաղաքական հակառակորդների դագաղներով, սև ժապավեններով թաղում կազմակերպելը։ Առանց դատարանի վճռի բոլորին թալանչի ու կաշառակեր են համարում, մի դատական ավարտված գործ չկա թալանի վերաբերյալ։ Կամ, ենթադրենք, մի քանի հոգի դրանով զբաղվել են, բոլորին ինչու՞ եք թալանչի ասում։ Եթե բոլորը թալանչի են, ուրեմն բյուջեն մսխվել է։ Է, եթե մսխվել է, ինչու է «Ելք» խմբակցությունը 2017-ի բյուջեի կատարողականին կողմ քվեարկել։ Այդ ինչպե՞ս է մսխվել։
-Իշխանության բացերն ավելի սուր քննադատում ու նկատում է արտախորհրդարանական ընդդիմությունը, իսկ ԱԺ-ի ընդդիմադիրների քննադատությունը վախվորած է, չեզոք։ Երբ մեկ-երկու թիրախավորված քննադատություն է լինում, նրանց անմիջապես կապում են ՀՀԿ իշխանության հետ, վերջիններս էլ գրեթե «երդվում» են, թե ոչ մի կապ չունեն ձեզ հետ։ Ինչու՞ է ՀՀԿ-ի հետ կապն այդքան վրդովեցնում և՛ իշխանականներին, և՛ ընդդիմադիրներին։
-Այս խորհրդարանում մի նորմալ ընդդիմադիր ուժ չկա։ Եթե լիներ, մեկը նրանցից չէ՞ր ասի, թե 350 միլիոնով գնացիր ԱՄՆ, հետ եկար, ո՞րն էր դրա արդյունքը, ինչու՞ 2019-ի կառավարության կատարողականում դրա մասին խոսք չկա։ Կիսատ-պռատ են խոսում, հայտարարում են, թե նախկինների հետ կապ չունեն։ Ախր, դուք կերազեք, որ ՀՀԿ-ի հետ կապ ունենաք։ ՀՀԿ-ն արցախյան երկու հաղթանակների մասնակից է եղել, դու՞ք ինչ եք արել։ ՀՀԿ-ն երկիր է կառուցել։ Երբ ՀՀԿ-ն իշխանության մաս դարձավ, մանկապարտեզներում և դպրոցներում երկու տարի աշխատավարձ չէին ստացել։ Մի արդյունաբերական գործարան կառուցե՞լ եք։ ՀՀԿ-ն բանակ է հզորացրել, «Իսկանդեր», զենք է բերել, պետություն է ուժեղացրել։ Իհարկե, թերություններ էլ են եղել։ Երկու տարվա իշխանությունում իր հետ քայլածները կաշառքի վրա բռնվել են, հիմա կանգնեմ, ասեմ, թե Նիկոլը կաշառակե՞ր է։ Իրենք սու՞րբ են, այդքան պարգևավճարներ են ստանում, այդ ի՞նչ են արել։ Պարգևավճար ստանում են արդյունավետ աշխատանքի համար։
-Դրա պարզաբանումն էլ տրվեց, նվիրյալներ չկան, պիտի բարձր աշխատավարձ ու պարգևավճար ստանան, որ արդյունավետ աշխատեն։
-Իրենք նվիրյալներ են, պարզապես` լրիվ այլ ուղղությամբ։ Պետական համակարգը քանդելու, երկրում ատելություն, թշնամանք տարածելու նվիրյալներ են։ Այն, ինչ խորհրդարանում տեղի ունեցավ, պատահական չէր, Փաշինյանի երկու տարվա կառավարմանն ի պատասխան ճակատագրի ապտակն էր հենց նրա վարչապետ ընտրվելու օրը։ Բումերանգի պես Փաշինյանի ճակատին հարվածեց։ Անգամ դուք ձեր մեջ եք իրար ուտում, իրար ատում։ Նիկոլն ու Էդմոնը միասին էին ՀՀԿ-ին քննադատում, մերժում։ Երբ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն շրջափակեցին, Մարուքյանն ու իր կուսակիցներից ոչ մեկը մի ծպտուն չհանեցին։ Սա ցույց է տալիս, որ, բացի իր մերձավոր շրջապատի մի քանի հոգուց, բոլորին էլ պիտի պոտենցիալ թշնամի դիտարկի։ Աբսուրդ է, մարդուն գեներալի կոչում է տալիս, մեդալ շնորհում, մի ամիս հետո, առանց պատճառի գործից հանում։ Կանգնում, հայտարարում է, թե Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունենք, Պուտինը մայիսի 9-ի կապակցությամբ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունենում, իսկ իր հետ` ոչ։ Սա այն դեպքում, որ մենք ենք ՀԱՊԿ անդամ։ Այնպես է արել, որ մեր մերձավոր դաշնակցի հետ հարաբերությունները գրեթե զրոյացել են, չնայած ում հետ հարաբերություններ ունի՞, որ...
-Փաշինյանի դիտանկյունից` նախկին իշխանությունը «վիզը ծռել, խեղճացած, կռացած» արտաքին քաղաքականություն էր վարում, բոլորից ինչ-որ բան էր աղերսում, փշրանք ստանալիս էլ երջանիկ լինում։ Հիմա Փաշինյանը արտաքին քաղաքականություն է ստեղծում, Ձեր տպավորությամբ, ո՞րն է այդ քաղաքականությունը։
-Եթե այդ արտաքին քաղաքականությունը Հայաստանը սորոսական գավառ դարձնելն է, միգուցե ստեղծում է։ Այդ ո՞րն է նոր քաղաքականությունը։ Նախկինում Հայաստանը ՄԱԿ-ի, Եվրասիական միության, ՀԱՊԿ-ի անդամ է դարձել, թուրքերի հետ հարաբերություններում հավասարի պես է խոսել, հայ-թուրքական արձանագրություններից շահած դուրս եկել։ Ղարաբաղյան հիմնահարցում Ալիևը բողոքում էր, որ իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը, Պուտինը, Օբաման, Օլանդը հինգ հայտարարություն են արել, որտեղ ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր են համարել։ Եթե այսքանից հրաժարվում է, տակը ի՞նչ է մնում։ Հայաստանի անունը փոխել ու դնել նիկոլապետություն կամ լակոտապետությու՞ն։ Իրենք դասական բոլշևիկ են: Հայաստանի փրկությունը համերաշխության մեջ է։ Հայաստանի վիճակն այսօր շատ ավելի է վատացել, քան երկու տարի առաջ էր։
-Ո՞ր տեսանկյունից է վիճակն ավելի վատացել, սոցիալ-տնտեսակա՞ն, թե՞ բարոյահոգեբանական։
-Մեր թիվ մեկ հարցը անվտանգությունն է, որը լինում է ազգային և հոգևոր։ Փաշինյանը և՛ ազգային, և՛ հոգևոր անվտանգության հերն անիծել է։ Ոչ ոք չի ասում, որ մեր եկեղեցին անսխալական է, բոլորն այնտեղ հրեշտակներ են, բայց կան ազգային ինստիտուտներ, որոնց հանդեպ պիտի ունենալ գոնե տարրական հարգանք։ Որ այս երկու տարում բոլորիս բառապաշարում տրանսգենդերն ու գոմիկը դարձել են սովորական բառեր, պատահակա՞ն է։ Ամենևին ոչ։ Էլթըն Ջոնի հետ սելֆի անելը, Շուռնուխի խայտառակությունը, սեռական փոքրամասնությունները, տրանսգենդերների ոստիկանական բաժին մտնելն ու ոստիկաններին հարվածելը, ՊՊԾ գունդը գրաված ահաբեկիչների պարագլխի հետ կառավարությունում հանդիպելը, միտինգների ժամանակ 9 տարեկան երեխային ամբիոն բարձրացնելն ու Արցախի հերոսի հասցեին լուտանքներ թափելը, հերոս Աբաջյանի ֆեյք պապիկին ամբիոն բարձրացնելը... Այս ամենի հետևանքով է, որ նման երևույթները մեզանում սովորական են դարձել։ Փաշինյանը հայտարարեց, թե սեր ու համերաշխություն է բերում, վենդետա չի լինելու, սակայն այսօր անգամ իրենց ներսում համերաշխություն չկա։ Երկու տարի առաջ էլ, հիմա էլ նույնն եմ ասում. Հայաստանը կանգնած է 100 տարի առաջվա ընտրության առաջ` միասնության ժամանակ կունենանք նոր Սարդարապատ, բաժանումների ժամանակ կհանձնենք Կարսը։ Այսօրվա Կարսը Արցախն է։
-Տնտեսությունում էլ «աննախադեպ» բան է տեղի ունենում։ Ըստ կառավարության, 2019-ին վերջին 7 տարիների համեմատ աննախադեպ տնտեսական աճ է եղել։ Այդ ցուցանիշը վստահություն ներշնչու՞մ է։
-Իրենք իրենց խաբում են, թե տնտեսական աճ է եղել։ Բայց պիտի հասկանալ, թե այդ աճն ինչի հաշվին է եղել: ՀՀԿ-ի որոշման արդյունքում Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ, և ավտոմեքենաների ներկրումից անցյալ տարի ունեցել ենք որոշակի տնտեսական աճ։ Այն ԵԱՏՄ-ի շնորհիվ, որին Նիկոլը դեմ էր։ Փաստորեն ՀՀԿ-ի շնորհիվ բերած փողին տեր են, բայց ՀՀԿ-ն մերժում են։ Նրանք, ովքեր հայտարարում էին, թե Հայաստանում հեղափոխությունը հասունացել էր, գլուխները պատին են տալիս։ Հայաստանն անգամ այսօր հեղափոխության կարիք չունի, մենք չունենք երկրորդ հեղափոխության գնալու լիմիտ։ Մենք չպետք է եղբորը եղբոր դեմ հանենք, ես համերաշխության, քաղաքակրթության, կոռեկտության կոչ եմ անում։ Երկու տարի է ասում եմ. «Նիկոլ, Ալիևն ու Էրդողանը Բաքվում միավորվում են, շքերթ են անում, դու այստեղ հայությանը բաժան-բաժան ես անում»։ Աստված չանի, վաղը պատերազմ լինի. իրար ատողները նույն խրամատում ինչպե՞ս են կռվելու, հրամանատարները ինչպես են կռվելու, որ բոլորին թալանչի ես անվանել, բոլորին կանչում եք հանձնաժողով քննելու։ Հիմա էլ Կարեն Կարապետյանին եք կանչել, հարցնելու` որտեղի՞ց տեղեկությունը, թե տանկերը վառելիք չունեին... Բա ինչու՞ մի օր էլ Նիկոլին չեն կանչում հարցնելու, թե ինչ նկատի ուներ, երբ ասում էր` ապրիլյան պատերազմը Ռուսաստանի հետ համաձայնեցված է եղել։
Կորոնավիրուսից հետո աշխարհը ռեգիոնալ է լինելու, ու մեր տարածաշրջանում լինելու են երկու կարևոր խաղացող՝ Թուրքիան և Ռուսաստանը։ Հայ-թուրքական սահմանը ո՞վ է պահելու, ամերիկյան մի զինվոր երբևէ եկե՞լ է այս տարածաշրջան։ Պետք է հաշվարկներ անել ու Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ Բանը հասել է այնտեղ, որ շատ կարևոր տոնին Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները հեռախոսազրույց չեն ունենում, սա խայտառակություն է։ Խորհրդարանում հայտարարում է, թե Ալիևը կառուցողական է տրամադրված։ Որտե՞ղ է տեսել նրա կառուցողականությունը, այն դեպքում, երբ ընդամենը շաբաթներ առաջ Ադրբեջանի արտագործնախարարությունը Նիկոլին մեղադրում էր բանակցությունները վիժեցնելու մեջ։ Այս իշխանությունը երկիրը հիմքից քանդում է, բոլորին մերժում, այսինքն, Վարդան Մամիկոնյանը, Նժդեհը, Անդրանիկը, Վիկտոր Համբարձումյանը, Շուշիի գրավումը, ապրիլյան հաղթանակը, Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը սուտ են եղել, ամեն ինչ սկսվել է իրենից։ Հիմա էլ ընկել է ԱԱԾ-ի հետևից։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանը և առկա լուրջ մարտահրավերները, փոխանակ այդ կառույցն ուժեղացնի, թուլացնում է այն։ Քաղաքականությունը լուրջ բան է, դա հոդված գրել չէ։ Եթե ոմանց պետք են ցնցումներ, մեզ դա պետք չէ, Հայաստանը դրան էլ չի դիմանա։
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում իշխանության փոփոխությունը։
-Այս խորհրդարանը պետք է լուծարվի և արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն։ Այս խորհրդարանը Կալիգուլայի ձիերի խորհրդարան է։ Սա վիրավորանք չէ, քաղաքական տերմիններով եմ խոսում։ Կալիգուլան իր ձիուն բերեց Սենատ, իսկ Նիկոլն էլ իր հետ քայլածներին բերեց խորհրդարան, իհարկե, մի քանի բացառությամբ, կան ծառայություններ մատուցած գործիչներ։ Իր պես ես բոլորին նույն սանրով չեմ սանրում։ Այս խորհրդարանի գնահատականը երկու անգամ արդեն տրվել է, երբ կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ նրա խմբակցության կին պատգամավորներից մեկը հայտարարեց, որ եթե նույնիսկ ծրագիրը մեկ տողից բաղկացած լիներ, թե ամեն ինչ լավ է լինելու, պարտավոր էին ընդունել։ Երկրորդ գնահատականն այս ծեծկռտուքն էր, երբ բռնությունն արդարացվեց, ու դրան ծափահարեցին։ Ոչ մեկից հզոր չլինեք՝ Ստալինից, Մուսոլինիից, ՀՀՇ-ից ու ՀՀԿ-ից էլ հզոր չլինեք, մի օր եկել եք, մի օր էլ գնալու եք։ ՀՀԿ-ն ձեզ առանց ցնցումների իշխանություն տվեց, չտվեց, որ հանրությունը սևի ու սպիտակի բաժանեք։ Եթե Նիկոլի պես մտածեինք, ինքը Գյումրիից Վանաձոր չէր հասնի, ուր մնաց` Երևան։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
irates.am