Հարցազրույցներ

Խղճացի Փաշինյանին, քանի որ ակնհատ էր, որ նա այսօր չի տիրապետում իրավիճակին․ Մարգարիտ Եսայան

11.05.2020

Օրերս Ազգային Ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի և դրա վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարության շուրջ զրուցել ենք Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ։

 
Տիկի՛ն Եսայան, վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ իրենց կին պատգամավորներին սպառնում են, սպառնում են նրանց ընտանիքի անդամներին։ Ի՞նչ զգացիք, երբ դա լսում էիք մի մարդուց, որը երկու տարի առաջ նման հարձակումներ էր կազմակերպում ՀՀԿ կանանց նկատմամբ։
 
Եթե՝ անկեղծ, քմծիծաղ, քանզի վաղուց արդեն վարչապետի ոչ մի հայտարարություն ինձ մոտ ոչ մի զգացողություն չի առաջացնում։ Թեպետ, մյուս կողմից, խղճացի նրան, քանի որ ակնհատ էր, Փաշինյանն այսօր չի տիրապետում իրավիճակին, անգամ իր մեծամասնության ներսում, եւ սա է պատճառը, որ նա իրականությունը թողած դարձյալ կախվեց իր անցյալի լալահառաչ ելույթներից, դարձյալ հիշեց նախկիններին։ Այո, բումերանգը վերադառնում է, ես սպասում էի այս օրվան։Երիցս ճշմարիտ է ժողովրդական խոսքը՝ ինչ ցանես, այն էլ կհնձեց, իսկ քալիստները Փաշինյանի գլխավորությամբ ցանեցին ատելություն, չարություն, անհանդուրժողականություն, հայհոյանք եւ սպառնալիք եւ այսօր հենց դա էլ ստանում են։
 
Շատերն էին խոսում, որ նոր ԱԺ-ն նախկինից տարբերվում է, որ հայհոյանք չկա։ Վերջին օրերին տեսանք և հայհոյանք և ծեծ (ի դեպ իրար ծեծել գոնե ձեր ժամանակ չկար)։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը, ԱԺ-ում ստեղծված մթնոլորտը։
 
- Այսօրվա խորհրդարանում չկա պետականության զգացողություն, դահլիճում նստածները (ճնշող մեծամասնությունը) չունի կենսագրություն, չունի պետության զգացողություն, նրանք իրենց համար էլ անսպասելի հայտնվել են երկրի ամենաբարձր մարմնում եւ «ղզղնել են», թող ներեն այս բառի համար, բայց գրական հայերենում ավելի անմեղ հոմանիշը դժվարացա գտնել։ Եթե նկատեցիք, այդ խայտառակ տուրուդմփոցի ժամանակ, յուրաքանչյուր հետույքից խփող, գլխին խփող եւ քաշքշող ամենավերջին խուլիգանի պես էր պահում իրեն, այդպես փողոցային ճանապարհով նրանք եկան հասան այդ դահլիճ եւ այդպես էլ մնացին՝ փողոցի ազդեցության տակ։
 
Տիկի՛ն Եսայան, վարչապետի խոսքից հասկանալի է, որ նա ոչ միայն չի դատապարտում, այլև քաջալերում է իր թիմակիցներին։ Սա ի՞նչ հետևանքների կարող է բերել։
 
Հետեւանքերը վտանգավոր են լինելու առաջին հերթին վարչապետ Փաշինյանի համար։ Նա, իմ տպավորությամբ չի տիրապետում մեծամասնությանը եւ ունի որոշակի վախեր, որքան բարձր է նա, մարդն՝ առհասարակ, բղավում, այնքան շատ է վախեցած։
 
Տիկին Եսայան միջադեպից անցել է մի քանի օր ու ինչպես տեսանք իշխող ուժը չպատժեց իր խուլիգան (ինչպես ընդդիմադիր Փաշինյանը կնշեր) պատգամավորներին: Ի՞նչ սպասել, արդյո՞ք սա բռնության մշակույթի խրախուսում չէ։
 
-Չի լինելու ձեր նշած պատիժը, մեծամասնությունը ինքն իրեն օրենքից դուրս է դրել եւ սա է վտանգավորը, հարկավոր է սրա դեմն առնել։ Չեմ կասկածում, որ նույն այդ դահլիճում դեռ էլի են իրար ծեծելու եւ շշեր շպրտելու։ Եվ սա թող դաս լինի մեր հասարակության համար, որ այլեւս երբեք չփորձեն փողոցներով, փողոցներից պատահական, կասկածելի կենսագրությամբ մարդկանց բերել իշխանության։ Պետական մտածողության, գրագիտության կարիք կա, նաեւ՝ լրջանալու։
 
politik.am

← Վերադառնալ ցուցակին