Հարցազրույցներ
«Էմոցիոնալ եւ մակերեսային արտաքին քաղաքականությունն ի սկզբանե դատապարտված է». Արտակ Զաքարյան
23.04.2020
«Ես կարծում եմ, որ Լավրովի հայտարարությունը դա միայն ռուսական կողմի հայտարարություն չէ, այլ արտահայտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը: Այլապես, եթե բանակցային սեղանին դրված չլինի կոնկրետ քննարկվող փաստաթուղթ, ապա ԱՄՆ կամ Ֆրանսիայի ներկայացուցիչները պետք է, որ այլ հայտարարություններ անեն». «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը:
– Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ բանակցային սեղանին դրված է Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակը, Հայաստանում մեծ աժիոտաժ է առաջացրել: Ի դեպ, Սերգեյ Լավրովը մանրամասնել էր. «Առաջին փուլում ապահովելով առավել հրատապ խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»: Նա նաեւ հայտարարել էր, որ այս տարբերակի քննարկմանը վերադառնալը համաձայնեցվել է անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Ձեզ համար նույնպե՞ս շոկային էր Սերգեյ Լավրովի այս հայտարարությունը, թե՞ Արցախի հարցի կարգավորման շուրջ վերջին երկու տարիների զարգացումները հենց սա էին փաստում, պարզապես պաշտոնական հաստատումը եղավ:
– ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների այս փուլում ընթացող զարգացումների վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարի հրապարակած տեղեկությունները իրականում մեծ մտահոգություն է առաջ բերում: Արցախյան հարցում Հայաստանի իշխանությունների վարած արկածային քաղաքականությունը լրջագույն վտանգներ է ստեղծում եւ՛ նրա խաղաղ կարգավորման, եւ՛ արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման համար: Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ մեկ տարի առաջ սեղանին է դրվել փուլային լուծման տարբերակ՝ դա Հայաստանի պարտվողական քաղաքականության առաջին քայլն է:
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ բանակցային սեղանին հարցի կարգավորման որեւէ տարբերակ չկա, քննարկումների փուլում են` տարբերակի ընտրության համար, ինքն էլ ավելի վաղ խոստացել էր հարցի կարգավորումն իր կետից սկսել: Ինչո՞ւ է հիմա Սերգեյ Լավրովը նման հայտարարություն անում: Ո՞ւմ հավատալ`բացարձակ լեգիտիմությամբ իշխանության եկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե համանախագահ երկրի ԱԳ նախարարին:
– Ես կարծում եմ, որ Լավրովի հայտարարությունը դա միայն ռուսական կողմի հայտարարություն չէ, այլ արտահայտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը: Այլապես, եթե բանակցային սեղանին դրված չլինի կոնկրետ քննարկվող փաստաթուղթ, ապա ԱՄՆ կամ Ֆրանսիայի ներկայացուցիչները պետք է, որ այլ հայտարարություններ անեն: Մեկ տարի առաջվա շեշտումը եւ փուլային տարբերակի մատնանշումը վկայում են, որ 2019թ.-ից ինչ-որ նոր գործընթաց է սկսվել ԵԱՀԿ շրջանակում, որտեղ կամ մեր իշխանությունները ներգրավվել են, կամ էլ բանակցություններում չեն կարողանում բավարար կերպով առաջ տանել ինքնորոշման իրավունքի սկզբունքի անբեկանելիությունն ու առաջնայնությունը: Այս հարցում, որքան էլ, որ բարդ վիճակի մեջ հայտնված լինեն մեր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պետք է հասկանալ իրականությունը եւ փորձել դուրս գալ այդ իրավիճակից՝ օգնելով բանակցողներին: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Փաշինյանը, գոնե այս հարցում անկեղծ լինի Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի հետ: Այլապես վերջին պահին կարող ենք փաստի առաջ հայտնվել եւ վտանգել խաղաղ կարգավորման հնարավորությունները:
– Երեկ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ անդրադառնալով Սերգեյ Լավրովի հայտարարությանն՝ ասել էր, որ ՀՀ իշխանությունները չեն կարող ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում խոսել մեկ բան ու ժողովրդին ներկայացնել մեկ այլ բան: «Մեր դիրքորոշումներն ու մոտեցումները հայտնել ենք շատ պարզ ձեւով։ Այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականին, եւ այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման, գնատահման վերաբերյալ: 2014թ.-ին առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»,-ասել էր Մնացականյանը`հավելելով, որ ինքնորոշման սկզբունքը մեզ համար գերակա է, նաեւ հստակեցրել էր, որ հայկական կողմերը չեն կարող գնալ զիջումների`վտանգելով Արցախի ժողովրդի անվտանգությունը: Թվում է, թե բոլոր «մեխերը խփված են», ո՞րն է խնդիրը:
– Մենք պաշտոնապես եւս մեկ անգամ հերքել ենք, որ Սերժ Սարգսյանը կամ Էդվարդ Նալբանդյանը փոխհամաձայնեցված գործելով Արցախի իշխանությունների հետ, երբեք չեն քննարկել հիմնախնդրի լուծման փուլային տարբերակ, ավելին` այն համարել ենք անթույլատրելի, անիրագործելի եւ աներկբա մերժել ենք: Այնպես, որ այսպես կոչված փուլային տարբերակ հասկացության վրա հղում անող որեւէ նախկին հիմքեր գոյություն ունենալ չեն կարող: Խնդիրը կարծում եմ նրանում է, որ գործող իշխանությունները չեն կարողանում բավարար կերպով օգտագործել Հայաստանի ունեցած բանակցային փաստարկները՝ կարեւորագույն սկզբունքի առաջնայնությունն ապահովելու համար:
– Միջազգային շուկայում նավթի գների խայտառակ անկումը ի՞նչ իրավիճակ կստեղծի Ադրբեջանում եւ ի՞նչ հետեւանքների կբերի դա: Նկատի ունեմ, որ 2016-ի համանման իրավիճակից դուրս գալու համար Ադրբեջանի նախագահը գնաց արկածախնդրության, հիմա ի՞նչ սպասել:
– Ցավոք, նավթի գների անկումը եւս կարող են գործոն հանդիսանալ Ադրբեջանի համար, նոր արկածախնդրությունների գնալու հարցում: Այսօր մեր իշխանությունները պետք է կարողանան ապահովել նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, հաշվի առնելով համաշխարհային պանդեմիան եւ համաճարակի պատճառած խառնաշփոթը՝ միջազգային քաղաքականության մեջ: Անհրաժեշտ է հասնել նրան, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով արվի նոր համատեղ հայտարարություն՝ ԼՂ հարցում ուժի սպառնալիքի կիրառումը բացառելու համար: Բացի այդ, Հայաստանը պետք է հստակ շեշտադրի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները եւ բանակցային գործընթացում հանդես գա հստակ դիրքորոշումներով՝ առանց ավելորդ մանեւրողականության: Սրա մասին արդեն երկու տարի անընդհատ ասում ենք:
– ՌԴ ԱԳ նախարարը նաեւ, ըստ էության ասել էր, որ գազի գինը Հայաստանի եւ Բելառուսի համար չի փոխվի, ապա ուշագրավ ընդգծում էր արել. «Իսկ եթե մենք խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա դրանք պետք է արտահայտվեն բոլոր ոլորտներում: Տնտեսության մասին խոսելիս մենք հույս ունենք, որ վերջին երկու տարիներին մեր համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի դեմ հարուցված դատական գործընթացները կկարգավորվեն` առանց դաշնակիցներին ոչ սազական քայլերի: Ես դրա մասին անկեղծ եմ խոսում, քանի որ ռուսական մի քանի ընկերություններ հայտնվել են այսպիսի դժվարին իրավիճակում»: Պարզ է, որ գազը ՌԴ-ի համար միշտ էլ քաղաքական գործոն է եղել, բայց սա վրեժխնդրությո՞ւն է:
– Ես չգիտեմ վրեժխնդրություն է թե՞ ո՛չ, բայց որ ասում էինք, որ Հայաստանի իշխանությունները խոսելով ՌԴ հետ փայլուն հարաբերություններից, միաժամանակ իրենց գործողություններով վտանգում են այդ փոխադարձ վստահելիության մթնոլորտը՝ արդեն փաստ է: Այսօրվա իշխանության մեջ շատերը հայտնի են իրենց հակառուսական դիրքորոշումներով, դա եւս կարող է ազդող հանգամանք լինել: Բացի այդ ռուսական մի շարք ընկերությունների դեմ ցուցադրական գործողությունները եւս կարող էին նստվածքներ առաջ բերել: Եթե նույնիսկ կան խնդիրներ, ապա դաշնակցային հարաբերությունները եւ բարեկամական գործընկերությունը ենթադրում է, որ պետությունները հարցերը կարգավորում են փոխադարձ հարգանքի եւ համագործակցության միջոցով: Իսկ ՀՀ-ում գործող մի շարք իշխանական գործիչներ ու լրատվամիջոցներ անընդհատ շարունակում են թեժացնել հայ-ռուսական հարաբերությունների խնդրահարույց կողմերը: Մեր իշխանության տարիներին եւս եղել են տարակարծություններ ռուս գործընկերների հետ տարբեր հարցերում, բայց դա երբեք դուրս չի եկել հանրային դաշտ եւ չի դարձել այլոց կողմից շահարկման ու հրահրումների առիթ:
– Չ՞է որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել եւ խնդրել էր ՌԴ նախագահին միջամտել, որպեսզի «Գազպրոմը» վերանայի Հայաստանին մատակարարվելիք գազի գինը: Սա քաղաքական ապտա՞կ է Նիկոլ Փաշինյանին հասցված:
– Նախ, չեմ կարծում, թե նախարար Լավրովը նման նպատակ է ունեցել, եւ բացի այդ որեւէ կողմ կարիք չունի ապտակներ հասցնելու մեր երկրի իշխանություններին՝ անկախ նրանից դիլետանտ են, պոպուլիստ թե՞ առանց «իզմերի» գործիչներ: Ուղղակի «հեղափոխականները» պետք է վերջապես հասկանան, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ էական ու կենսական հարցերում խիստ կարեւոր են: Այդ բարեկամությունը պետք է վաստակել գործով, ոչ թե խնդրանքներով: Բոլոր պետությունների միջեւ հարաբերություններում գործում է նախ եւ առաջ փոխադարձության սկզբունքը՝ սա միջազգային չգրված կանոն է: Հայաստանն ունի կարեւոր դերակատարում տարածաշրջանում եւ հմուտ գործիչները ոչ թե փչացնում են այդ հնարավորությունը, այլ ընդհակառակը այն վերածում են գերտերությունների հետ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարեւորագույն միջոցի: Փաշինյանը թույլ է նաեւ արտաքին հարաբերություններում եւ նրան չի հերիքում իրավիճակի հստակ վերլուծումը, ռեալիզմը, քաղաքական հաշվարկների պրագմատիզմը: Էմոցիոնալ եւ մակերեսային արտաքին քաղաքականությունն ի սկզբանե դատապարտված է:
– Վարչապետի վերջին ուղիղ եթերներին հետեւե՞լ եք, Դուք հիասթափվածների ո՞ր խմբում եք: Առհասարակ, ի՞նչ տպավորություններ ստացաք Նիկոլ Փաշինյանի «Սերժի մնացորդների», «սամասուդ» անելու հայտարարություններից: Շատերը նաեւ տպավորություն ունեն, որ Նիկոլ Փաշինյանը իր հեռանալն է նախապատրաստում: Դուք ի՞նչ ենթադրություն-եզրակացություններ կանեք:
– Ես հիասթափվածների ոչ մի խմբում չեմ, որովհետեւ կյանքում երբեք չեմ հիասթափվում: Ինձ համար գոյություն ունի քաղաքական պայքար՝ իր վերելքներով ու վայրէջքներով: Երկու տարի հետո ուղղակի համոզվում ենք, որ մեր մտավախությունների մեծամասնությունն արդարացված էի՛ն, եւ ե՛ն: Ինչ վերաբերում է «սամասուդին», ապա եթե կառավարման սկզբում բավարար լեգիտիմություն ստացած պետության ղեկավարը, մեկ ու կես տարի հետո անցնում է նման բառապաշարի, ապա դա խոսում է վերջինիս ձախողված լինելու մասին: Նա շատ լավ շանս ուներ միավորելու հասարակությունը եւ արդյունավետ կառավարում իրականացնելու: Ի սկզբանե Փաշինյանն ուներ շատ լավ ստարտային պայմաններ, որ չեն ունեցել Հայաստանի ոչ մի ղեկավար: Բայց հիմա իր իսկ ջանքերով իրավիճակը գլխիվայր շուռ է եկել:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
aravot.am