Հարցազրույցներ

Հարյուր հազարավոր մարդիկ հասկացել են, որ չարաչար սխալվեցին, իշխանության բերելով Փաշինյանին եւ ալեններին․ Մարգարիտ Եսայան

17.04.2020

Ամենայն հայոց Կաթողիկոս գարեգին Բ-ի դեմ իշխանությունների  տեղեկատվական արշավի շուրջ զրուցել ենք ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ։

Տիկին Եսայան, երբ օրերս Կաթողիկոսը հայտարարեց, որ կորոնավիրուսի համավարակի վտանգներով պայմանավորված պետք է առավել ուշադիր լինել անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ։ Նշել էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը։ Այս հայտարարությունից հետո վարչապետի խոսնակը հեգնական մեկնաբանությամբ հանդես եկավ, որ կարծես թաքնված հրահանգ էր իրենց թիմին Կաթողիկոսի նկատմամբ տեղեկատվական արշավ սկսելու։ Հետևելով կատարվողին ,ինչպե՞ս եք այն գնահատում։ 

-Թույլ տվեք խոսնակին չմեկնաբանել, դա իմ արժանապատվությունից ցածր եմ համարում։ Բայց, երեւույթի մասին հարկավոր է խոսել։ Հարյուր-հազարավոր ՀՀ քաղաքացիներ եւ հայեր՝ ի սփյուռս աշխարհի արդեն հասկացել են, որ չարաչար սխալվեցին, իշխանության բերելով Փաշինյանին եւ ալեններին, եւ այսօր հարյուր-հազարավորները ելքեր են որոնում իրենց սխալն ուղղելու համար։ Իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին անվայելուչ կեցվածքը վկայությունն է մեկ բանի՝ այս մարդկանց հոգիներում չկա հավատ եւ սեր։ ՀՀ-ում իշխանազավթումից հետո նրանք հարձակման անցան ընդդեմ եկեղեցու, հիշեք ցույցերը, Մայր աթոռի խայտառակ շրջափակումները, անբարո կոչերը եւ, ապա, հիշեք, որ այդ խայտառակությունների կազմակերպիչները բարձր պաշտոններ էին ստանում եւ տաքուկ տեղավորվում։ Իսկ սա վկայում է, որ այդ անձերը խրախուսվում էին իշխանության կողմից։

Հայոց եկեղեցին եւ Կաթողիկոսությունը մշտապես եղել է հայոց պետականության հենարանը, աջակիցը։ Այդպես է նաեւ այսօր։ Իսկ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու մասին Կաթողիկոսի հորդորը բացառապես մարդասիրական է, սրտացավ՝ մարդու հոգսերին եւ առողջությանը։ Այն չի արվել ապօրինի կալանքից անմիջապես հետո,  ուստի նաեւ այս պատճառով չի կարող քաղաքական դիտվել։ Այս հայտարարությունն արվել է համաշխարհային պանդեմիայի պայմաններում, երբ ամբողջ աշխարհում գթասրտությունը հավասարաչափ է բաժանվում, ոչ միայն ազատության մեջ գտնվողների, այլեւ, անգամ առաջին հերթին՝ անազատության մեջ գտնվող, որոշակի տարիքային խմբում եւ կոնկրետ վատառողջության պայմաններում գտնվողներին է ուղղված։ Ուստի, պարզապես ամոթ է այն պահվածքը, որ որդեգրել է օրվա իշխանությունը , ընդդեմ Կաթողիկոսի, ընդդեմ առաքելական եկեղեցու եւ ընդդեմ գթասրտության։ Սա, միանշանակ, մերժելի եւ արգահատելի է։

Ձեր կարծիքով, ինչու են իշխանությունները փորձում հեղափոխություն իրականացնել նաև եկեղեցում, ինչո՞վ է նրանց խանգարում Կաթողիկոսը։ Կարծեք դեմ են դուրս գալիս Հիսուս Քրիստոսի խոսքին և «կեսարի գործը թողած, խառնվում են Աստծո գործերին»։ 

-Վաղուց ժամանակն է հանել վարդագույն ակնոցները եւ հասկանալ վերջապես, որ ՀՀ-ում իշխանության են եկել ուժեր, որոնք ունեն իրենց կոնկրետ անելիքը՝ խաթարել բնականոն կյանքը, սրբապղծել ամեն ազգայինը, հոգեւորը եւ պատմականը։ Սակայն, տապալվելու են, նրանք շատ պուճուրիկ են, Աստծո գործերին խառնվելու համար։ Ամեն ինչ իր տեղը կընկնի, չկասկածեք։ Սատանան երբեք ավելի հաղթող չի եղել, քան Աստված։

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայտարարել էր, որ առաջիկայում գուցե ունենան իրենց արժանի կաթողիկոս։ Երբ հետևում եք իշխանության քայլերին, ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները, ինչպիսի՞ն կարող է լինել իրենց արժանի Կաթողիկոսը։ 

-Մեկ բարեկամական խնդրանք, եթե թույլ տաք՝ առհասարակ այդ անուն-ազգանունը մոռացեք եւ մի փորձեք նրան հրապարակ բերել, նրա հնչեցրած այս կամ այն եղկելի մտքերը մեկնաբանելը մեծ մեղք եմ համարում։ Ես , հետայսու , անաստվածների մտքերը չեմ պատրաստվում մեկնաբանել ։ Մոռացեք նրանց եւ նրանք ուրվականների պես կանհետանան։

Առաքելական եկեղեցու հետևորդները պե՞տք է կանգնեն իպաշտպանություն եկեղեցու, եթե այո , ապա՝ ինչպե՞ս։ 

-Վստահաբար՝ այո, եւ դա պետք է անել հավատով ու նվիրվածությամբ, օրինակ, երբ այդ խմբերը շրջափակում էին Մայր Աթոռը, պարտավոր էինք վռնդել նրանց եւ խանգարել, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին զրկեցին օրենքով նրան հատկացվող պետական պաշտպանությունից, հասարակությունը պարտավոր էր ընդվզել, երբ հավատը, սերը եւ գթասրտությունը մերժում են, առաջին պլան բերելով սատանիզմը, հասարակությունը պարտավոր է ցույց տալ իր ամենազոր խաչը։

politik.am 

← Վերադառնալ ցուցակին