Հարցազրույցներ

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ուղերձը արցախցիներին

27.03.2020

Սիրելի՛ արցախցիներ,

Իմ քույրե՛ր և եղբայրնե՛ր,

Արցախում համապետական հերթական ընտրությունների անցկացման ժամկետը համընկել է ամբողջ աշխարհը պատուհասած` լրջագույն մարտահրավերներով և վտանգներով լի մի ժամանակաշրջանի հետ, երբ մարդկանց առողջությունը պահպանելն ու կյանքեր փրկելը բացարձակ առաջնահերթություն է բոլոր պետությունների և ազգերի համար:

Օրեցօր աշխարհում փոխվում կամ ձևափոխվում են պատկերացումները անվտանգության, պաշտպանվածության, արդյունավետ կառավարման, անգամ մարդկային պարզ վարքագծի կանոնների, միմյանց մասին հոգ տանելու և հասարակական հարաբերությունների մասին:

Ոմանք այն համարում են մի նոր պատերազմ, ոմանք` մարդկության նորագույն պատմության ամենածանր ճգնաժամը, ուրիշներն այն դիտում են որպես իրենց ազգային անվտանգությանը լրջագույն սպառնալիք, փակվում են պետական սահմաններ, հայտարարվում համաճարակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» աստիճան և այլն: Այո, մարդկային կյանքեր փրկելն ու պետությունները ճգնաժամային ստեղծված իրավիճակում արդյունավետ կառավարելն այս փուլում բոլորի համար ամենակարևորն է, հետո կգա համավարակի տնտեսական վնասները չեզոքացնելու և քաղաքացիների արժանապատիվ կեցությունն ապահովելու դժվարին` հետճգնաժամային ժամանակաշրջանը:

Արցախի իշխանությունները, հուսով եմ, սթափ և ճիշտ կգնահատեն իրավիճակը, անվրեպ կհաշվարկեն վտանգները և կկայացնեն որոշումներ, որոնք չեն վտանգի սեփական քաղաքացիների կյանքը: Իմ մարտական ընկերները, այդ թվում` իշխանության մեջ գտնվող, վստահ եմ, լավագույնս գիտեն մարդկային կյանքի արժեքը:

Խնդրում եմ, ինքներդ էլ զգոն եղեք, հոգ տարեք ձեր և ձեր ընտանիքների, ձեր շրջապատում խնամքի կարիք ունեցող անձանց հանդեպ, պահպանեք ձեր առողջությունն ու կյանքը: Սա ևս կյանքի և մահու պայքար է, ինչպես պատերազմի ժամանակ, որը մենք տարիներ առաջ միասին արժանապատվորեն անցանք և հաղթեցինք:

Արցախցու համար արժանապատիվ ապրելն առաջին հերթին եղել և մնում է իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելը, որի համար չափազանց թանկ է վճարել: Շուրջ երեք տասնամյակ առաջ արդար պայքարի ու մաքառման արդյունքում, մեր հազարավոր եղբայրների և քույրերի կյանքի գնով նվաճեցինք ազատ ու արժանապատիվ ապրելու այդ իրավունքը:

Տարիներ ի վեր Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ մեր բանակցությունների հիմքում եղել են նաև միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան` ձեր կատարած համապետական և ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Լեռնային Ղարաբաղի խնդրով հետաքրքրված օտարերկրյա գործիչներին և կազմակերպություններին մշտապես հորդորել եմ այցելել Արցախ և տեսնել, թե ինչպես է արցախցին այդ ընտրությունների միջոցով կառուցում համամարդկային արժեքների վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն և ազգային պետություն:

Իմ պատվարժան հայրենակիցնե՛ր,

Ինչպիսին էլ այս օրերին լինի Արցախի բարձրագույն ղեկավարության որոշումը ընտրությունների անցկացման վերաբերյալ, առկա իրավիճակով պայմանավորված՝ երբ էլ դրանք անցկացվեն, պետք է հերթական անգամ դառնան ձեր ազատ կամարտահայտության վկայությունը, ինչը կշարունակի հզոր կռվան լինել Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում:

Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, և Հանրապետության նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունները պետք է այս պնդումը անհերքելի իրողություն դարձնեն:

Վերահաստատե՛ք ձեր կամքը` կառուցելու հզոր, բարեկեցիկ, ազգային պետություն` հիմնված համամարդկային և քրիստոնեական բարձր արժեքների վրա:

Սիրելի՛ արցախցիներ,

Երբևէ թույլ չտաք քաղաքական պայքարը խաթարի հանրային համերաշխությունը, կոտրի ձեր միասնականության ոգին և թուլացնի զգոնությունը. պատերազմի վտանգն այսօր նույնքան իրական է, որքան շուրջ երեք տասնամյակ առաջ:

Ամեն օր աշխարհում տեղի ունեցող զարգացումները, ուժի անթաքույց ցուցադրմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտորեն խախտմամբ վարվող պատերազմները, բոլոր առումներով սպառնալիք դարձած նոր տեսակի համավարակը անվտանգության մասին լրջորեն մտորելու ահազանգ են:

Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին, նրան, ով ունակ է ամենածանր փորձությունից հաղթանակած դուրս գալու, և դա ապացուցել է սեփական օրինակով ու հերոսությամբ, ով կարող է հմուտ կառավարել երկիրը, վստահ և պատվախնդրորեն ներկայացնել ձեզ ու արտահայտել ձեր կամքը, ձեր ստեղծարար միտքը և ներուժը ծառայեցնել երկրի հզորացմանն ու ձեր բարեկեցությանը:

Ձևավորե՛ ք քաղաքական լայն ներկայացվածությամբ ու բազմակարծություն ունեցող խորհրդարան և
անկասելի դարձրեք ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի ընթացքը:

Ես հավատում եմ, որ մեր հավաքական ուժը՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնությամբ, ի զորու է իրականություն դարձնելու համազգային մեր գաղափարներն ու նպատակները, և որ Արցախի նորընտիր իշխանություններն այս գաղափարի կրողն ու ջատագովն են լինելու:

Աստված զորավիգ և պահապան լինի Արցախին և մեր ողջ ժողովրդին:

← Վերադառնալ ցուցակին