Հարցազրույցներ
«Երբ Նիկոլ Փաշինյանը նեղն է ընկնում, բռնվում է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից». Արմեն Աշոտյան
11.03.2020
168TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրն է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
– Պարոն Աշոտյան, 2018թ. հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարեց երրորդ աշխատանքային այցը Բրյուսել, որը տևեց մեկ օր, նա ունեցավ երեք առանցքային հանդիպում Եվրոպայի խորհրդի նախագահի, ԵԺԿ նախագահի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ: Հատկանշական է, որ դրան նախորդել էր Ձեր կուսակցության ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի և Ձեր մի շարք կուսակիցների այցը Բրյուսել: Հետաքրքրական է՝ ինչո՞վ է պայմանավորված հենց այս փուլում այս այցերի հաջորդականությունը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այցերը հագեցած օրակարգ չունեին:
– Այս այցերի հետ կապված քաղաքական գնահատականը շատ հստակ է: Մեր այցը քաղաքական այց էր, կուսակցական այց էր՝ Սերժ Սարգսյանը՝ որպես ԵԺԿ անդամ կուսակցության ղեկավար, մշտապես մասնակցել է եվրոպական ամենախոշոր քաղաքական ընտանիքի բոլոր կարևոր հավաքներին և ունեցել է նաև երկկողմանի այցեր: Եթե թույլ տաք հիշեցնեմ՝ այս այցի մասին ես հայտարարել եմ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին, երբ զագրեբյան հայտնի, աղմկահարույց ելույթից հետո Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցվեց քրեական գործ: Ես գնահատականներ տվեցի առ այն, որ այդ գործը, բացի շինծու լինելուց, երկու այլ նպատակ ունի: Նպատակ առաջին՝ զրկել նախկին նախագահին արտասահմանյան այցերի հնարավորությունից, չթույլատրել երկրից բացակայել: Եվ այն ժամանակ նաև ասացի, որ ցանկանում եմ տեսնել, թե քանի գլխանի է այն իշխանությունը, որը թույլ չի տա Սերժ Սարգսյանին իրականացնել իր միջազգային գործունեությունը:
Երկրորդ նպատակը՝ եվրոպական քաղաքական գործիչների մոտ կան մեղադրանքներ, որոնք, անկախ նրանից, թե այդ մեղադրանքները տեղի՞ն են, թե՞ ոչ, կարող են նստվածք թողնել: Կոռուպցիայի մեջ մեղադրել քաղաքական գործչի, երկրի նախկին ղեկավարին՝ նշանակում է՝ ի սկզբանե փորձել այդ մարդուն ռեպուտացիոն հարված հասցնել և թիրախ դարձնել՝ իրենից խուսափելու համար: Մեր այցը ցույց տվեց, որ իշխանությունը չէր կարող մեզ չթողնել մի շարք պատճառներով: Նախևառաջ՝ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր գնալու Բրյուսել մեզնից երեք օր անց և չէր կարող՝ չթողնելով Սերժ Սարգսյանին, գնալ և սրբի դեմքով իր ժողովրդավարական լոլոները կարդալ:
– Ինչո՞ւ:
– Պատկերացրեք, եթե հանկարծ Սերժ Սարգսյանին թույլ չտային մեկնել Բրյուսել, ինչ աղմուկ էր բարձրանալու, որովհետև մենք ունեինք նախատեսված մի շարք հանդիպումներ և այդ հանդիպումների իրականացման համար ունեինք երկրորդ սցենար, եթե նախագահին չթողնեն՝ ինչ է լինելու, և այդ սցենարի համապատասխան՝ ես պետք է պատվիրակությունով գնայի և պատմեի, արձանագրեի այն փաստը, որ Սերժ Սարգսյանին թույլ չեն տալիս այս հիմար, շինծու գործի շրջանակում, խոչընդոտում են իր քաղաքական գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը, ըստ իրեն, ընտրեց չարյաց փոքրագույնը՝ թողնելով մեզ գնալ, որովհետև չէր կարող չթողնել, որից հետո փորձեց մեր ետևից, այսպես ասած, ինքն այց անել և իր քաղաքական օրակարգը բրթել:
Մեր գործունեության հետ կապված, իհարկե, խանդի մեծ տեսարան կա, և երբ մեզ այս երկու տարի է՝ «թաղում-թաղում-թաղում» են, և մենք ոչ մի կերպ չենք ուզում թաղվել, քանի որ մեռած չենք, իրենք մեր յուրաքանչյուր գործունեությունից, ներքաղաքական գործունեությունից խրտնում են ու խրտնում են միշտ: Իրենց թվում էր, որ, եթե մենք արտախորհրդարանական կարգավիճակում ենք, խորհրդարանական պատվիրակությունների մեջ չկանք, ուրեմն՝ վերջ, կարելի է խաչ քաշել նաև Հանրապետականի քաղաքական, միջազգային գործունեության վրա, այնինչ կյանքն ապացուցեց, որ առ այսօր էլ, թող անհամեստ չհնչի, Հանրապետականն ամենամիջազգայնացված քաղաքական կուսակցությունն է Հայաստանում՝ անկախ իր արտախորհրդարանական կարգավիճակից:
Մենք այս ընթացքում դարձանք Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության լիիրավ անդամ, մենք բրթեցինք, հեղինակեցինք, ընդունեցինք այդ հեղինակավոր կառույցում Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձև, մենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին՝ Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի մասին գնահատականներ տվեցինք, այդ թվում՝ ՍԴ-ի վրա հարձակումների, դատական իշխանության վրա հարձակումների վերաբերյալ: Այսինքն՝ մենք ամբողջ ծավալով, ինչպես կասեն այսօրվա երիտասարդ երևանցիները, «ֆուլ» աշխատում ենք: Մենք այդպես ենք աշխատում, և դա, իհարկե, նյարդայնացնում է այս իշխանություններին:
Ես ունեմ հստակ տվյալներ, ոչ միայն տեղեկություններ, ապացույցներ, որ մեր ԱԳՆ-ն տվել է հանձնարարական այն երկրների դեսպաններին, որտեղ մենք աշխատում ենք, գնալ, տեսնել մեր բոլոր գործընկերներին, վարկաբեկել ՀՀԿ-ի նախագահին, ինձ, փորձել հաշիվ պահանջել: Ես ունեմ բազմաթիվ ապացույցներ, որ մի շարք դեսպաններ, թողնելով իրականում քաղաքական ազգային օրակարգը, զբաղված են Նիկոլ Փաշինյանի կապրիզները կատարելով, և դրա արանքում ընկած է Արտաքին գործերի նախարարը, որն ուղիղ իջեցնում է այդ հանձնարարականները:
– Ձեր այցի օրակարգը ո՞րն էր, և եթե Դուք նման տեղեկություններ ունեք, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է անհանգստանում իշխանությունը:
– Մեր այցի օրակարգը շատ պարզ էր, այն բազմաշերտ էր, մի քանի բաղադրիչ ուներ: Իհարկե, առաջինը միջկուսակցական հարաբերությունների բաղադրիչն էր: Ինչպես ասացի, մենք շատ ակտիվ անդամ ենք բոլոր այն կառույցներում, որտեղ ներգրավված ենք: Երկրորդը` կար քաղաքական նպատակ` ցույց տալու, որ ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է իր գործընկերների համար մնալ վստահելի գործընկեր Հայաստանում, որ ՀՀԿ-ին չեն մոռացել, ոչ միայն չեն մոռացել, այլև բարձր մակարդակով ընդունում են, և կոտրել այդ դիզելի գործով կեղտը, որ փորձում էին կպցնել նախագահին, մաքրվել այդ կեղտից նաև արտաքին քաղաքական աշխարհում, և մեզ դա հաջողվեց: Մյուս նպատակներից մեկն էր` խոսել տարածաշրջանային և Արցախյան խնդրի մասին, որովհետև, ինչպես գիտեք, միշտ չէ, որ մեր տեսակետները համընկնում են այս իշխանությունների տեսակետների հետ:
Պետք է ասել, որ Եվրոպական խորհրդարանի երկու պատգամավորների հետ մեր հանդիպումը, որոնք համապատասխանաբար ԵԽ հիմնական զեկուցողներն են լինելու Հայաստանի և Ադրբեջանի հարցով, շատ մեծ կարևորություն ունի, որովհետև այդ մարդիկ թուղթ գրող, զեկույց, գնահատական պատրաստող մարդիկ են, իհարկե, իրենք չեն ընդունում վերջնական այդ բանաձևերը, բայց իրենք են հեղինակում: Շատ հանգամանալից անդրադարձանք նաև Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը, ասացինք այն, ինչի մասին վախենում էր խոսել Նիկոլ Փաշինյանը Մյունխենում և այլուր, որովհետև նա չափից ավելի փափուկ է, ցիվիլ է փորձում ներկայանալ, խորշում է կոշտ գնահատականներից, դա մենք վերցրեցինք մեզ վրա: Եվ վերջին բաղադրիչը Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներն են, հակասահմանադրական հանրաքվեն, ազատությունների սահմանափակումները՝ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող, և այլն:
Այսինքն՝ մենք խոսել ենք և՛ ներքին, և՛ արտաքին, և՛ քաղաքական օրակարգի մասին: Դե պատկերացրեք, որ այդ ամենը մենք ասում ենք Երևանում, նյարդայնացնում է այս իշխանավորներին, երբ դրսում խոսում ենք՝ ինչ է անում. ցնցումների մեջ է գցում պարզապես: Իսկ Նիկոլ Փաշինյանի այցը օրակարգ չուներ, նա գնացել էր մեկ օրվա վոյաժի՝ մի պարզ նպատակով. հանրաքվեից առաջ փորձել «սղցնել» հանրաքվեի գաղափարը Բրյուսելում:
Մանրամասները՝ տեսանյութում
Արաքս Մարտիրոսյան
168.am