Հարցազրույցներ
Ես պահանջում եմ՝ բացահայտեք Մարտի 1-ի սպանությունների հեղինակներին, խոստացել էիք, չէ՞․ ԱԺ նախկին նախագահ
23.01.2020
«2007 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը Բրայզային առաջարկել է բացահայտել Քոչարյանի ժամանակաշրջանի ղարաբաղյան բանակցությունների դետալները, որպեսզի հետո դրանք օգտագործի և ցույց կտա, թե իբր Քոչարյանը նույնպես բանակցել է պարտվողական փաստաթղթի շուրջ, ինչի համար Լևոն Տեր-Պետրոսյանին 1998 թվականին հեռացրին իշխանությունից»։
«Կան վստահելի ապացույցներ, որ մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների»։
Սրանք պատառիկներ են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ Փենինգթոնի և Պերինայի նամակներից՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին և ՆԱՏՕ-ին, ինչը վերջերս գաղտազերծվեց Վիկիլիքսի կողմից:
Եվ այսպես, գաղտազերծված փաստաթղթերում տեղ են գտել
2007-2008 թթ․ հայաստանյան քաղաքական իրողությունները՝ նախագահական ընտրությունները, Մարտի 1-ի իրադարձությունները։ Փաստորեն, դրանք եղել են ամերիկյան դիվանագետների ուշադրության կենտրոնում:
Թեմայի շուրջ «Մենք» հաղորդաշարի եթերում զրուցեցինք Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ։
- ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը ներկայացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունները սպասվող ընտրություններում։ Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանը հաղթելու շատ քիչ շանսեր է ունեցել։ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Պերինանը ևս ներկայացրել է այսպիսի պատկեր․ «Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը 2007 թ․ հուլիսի դրությամբ 20% էր, իսկ նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ունի 76%»: Նամակագրության այս հատվածից պարզ է դառնում, որ ամերիկյան դիվանագետները վստահ էին, որ առաջատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը որևէ շանս չուներ հաղթելու։ Այս մասին տարիներ շարունակ Դուք ասել եք, և այսօր այդ ճշմարտությունը կարդում ենք ամերիկյան դիվանագետների գրառումներում։
- Շնորհակալ եմ, որ այսօր կա նման հնարավորություն, համոզվելու նրանում, ինչ այս տարիներին ես ասել եմ, բայց դա չի դարձել հասարակական, քաղաքական դաշտի ու մամուլի քննարկումների թեմա։ Ինչպես ԱՄՆ դեսպանատունը, այնպես էլ մենք կատարում էինք սոցհարցումներ ու գիտեինք, թե իրականում ի՞նչ վարկանիշ ունի Լևոն Տեր-Պետրոսյանը։
2008-ի նախընտրական քարոզչության ժամանակ ես ասում էի, չէ,՞ որ կան սոցհարցումներ, դուք ինչի՞ վրա եք պնդում, ասում էի, կգա ընտրության օրը և ժողովուրդը կտա իր պատասխանը։ Իսկ նրանք ասում էին՝ մենք ընտրության հաջորդ օրը կասենք մեր ասելիքը։ Այսինքն, մենք պատրաստվում էինք ընտրությունների, իսկ իրենք պատրաստվում էին ընտրությունների հաջորդ օրվա գործողություններին։ Նրանք, ի սկզբանե պատրաստվել են հետընտրական գործընթացներին։
Երկրորդ, Լևոն Տեր-Պետրոսյանը շրջանառում էր հետևյալ թեզը․ ժողովուրդ, եթե ես չընտրվեմ, եթե չհաղթեմ, ուրեմն այդ ընտրությունները կեղծված են։
- Այդ կերպ, փաստորեն, նա հստակ ուղղորդել է հասարակությանը։
-Այո, նա կարողանում էր հասարակությանը ուղղորդել, քաղաքացուն վերածել ամբոխի, որին կառավարելը շատ հեշտ է։ Նա կարողացավ ժողովրդի գիտակցության մեջ մտցնել այն թեզը, թե ընտրությունները կեղծված են։
-Եվ իզուր չէ, որ ինչպես նշել են ամերիկյան դիվանագետները, մարդկանց փողոց դուրս բերելը ի սկզբանե եղել է Տեր-Պետրոսյանի նպատակը։
-Այո, կար մյուս վտանգավոր թեզը ևս․ ասում էր՝ ժողովուրդը տեր կկանգնի իր հաղթանակին ու իրեն կտանի Բաղրամյան 26։ Ծանոթ ձեռագիր է, չէ՞։
-Գաղտնազերծված փաստաթղթերում կա հետաքրքիր տեղեկատվություն Արցախի հարցի հետ կապված։ Պերինան նշում է, որ Տեր-Պետրոսյանը Բրայզային առաջարկել է բացահայտել Քոչարյանի ժամանակաշրջանի բանակցությունների դետալները, որպեսզի հետո դրանք օգտագործի, և ցույց կտա, թե իբր Քոչարյանը նույնպես բանակցել է պարտվողական փաստաթղթի շուրջ, ինչի համար իրեն 98-ին հեռացրին։ Նաև նշվում է Տեր-Պետրոսյանի նպատակը՝ Արցախի հարցում գնալ զիջումների Ադրբեջանի հետ, և դա բարդել Քոչարյանի վրա։ Ըստ փաստաթղթերի, Լևոն Տեր-Պետրոսյանն ԱՄՆ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է օգնել իրեն գալ իշխանության, ինչի դիմաց ինքը Ղարաբաղի հարցում կգնա զիջումների։ Իշխանություն՝ ինչի գինը Արցախն էր։ Այսպիսի ճանապարհով է գնացել Տեր-Պետրոսյանը։ Սա ձեզ համար պա՞րզ է եղել։
-Անցած տարիներին ես բազմիցս խոսել եմ այդ մասին, և որևէ մեկդ ուշադրություն չի դարձրել։ Ի՞նչ է, Վիկիլիքսը պետք է բացահայտեր, որ նո՞ր ընդունենք։ Ակնհայտ էր մի բան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2007-2008 թթ․ ուզում էր ԱՄՆ-ին օգտագործել որպես դաշնակից, որպեսզի կարողանար Հայաստանում իրականացնել այն, ինչ ցանկանում էր․․․
-Գունավոր հեղափոխություն, հեղաշրջում․․․
-Այդ ժամանակ մոդայիկ էին գունավոր հեղափոխությունները, չգիտեմ անունը ի՞նչ կդրվեր՝ «թավշյա՞», թե մեկ այլ բան։
-«Երգի ու պարի հեղափոխություն», հիշո՞ւմ եք, ցույցերի ժամանակ Տեր-Պետրոսյանը հարթակում կանգնած պարում էր․․․
-Այո, այո, ճիշտ եք։ Իրենք ուզում էին ԱՄՆ-ին ներքաշել մեր ներքաղաքական խնդիրների մեջ, ուզում էին օգտագործել գերհզոր տերության հնարավորությունները։ Ես տեսնում էի, ակնհայտ էր Արևմուտքի ցանկությունը՝ օգնել Տեր-Պետորսյանին․․․
-Ինչո՞ւ չօգնեցին, գուցե համոզված էին, որ Տեր-Պետրոսյանը չի՞ վայելում ժողովրդի վստահությունը։
-Նրանք չէին կարող հանդուրժել այդ կեղծիքը, այդքան չէին կարող իրենց կեղծել։ Ի վերջո, ԱՄՆ-ը կայացած պետություն է։ Հասկացել են, որ Տեր-Պետրոսյանն ուզում է իրենց ներքաշել ներքաղաքական խնդիրների մեջ։
livenews.am