Հարցազրույցներ
«Դա վարչապետի կողմից արհամարհանք է և՛ բյուջեի, և՛ խորհրդարանի, և՛ մեր պետության հպարտ քաղաքացիների նկատմամբ». Գագիկ Մինասյան
22.01.2020
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի հետ
– Պարոն Մինասյան, Ազգային ժողովում քննարկվում է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, և, օրինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասում է, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունը շատ վտանգավոր է մեր երկրի համար: Դուք վտանգներ տեսնո՞ւմ եք:
– Այո, իհարկե: Շատ հաճախ այս օրենսդրական նախաձեռնության կողմնակիցները բերում են միջազգային, հատկապես՝ արևմտյան զարգացած երկրների փորձը, և մի կարևոր հանգամանք հաշվի չեն առնում՝ Հայաստանի առանձնահատկությունը: Իսկ Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ այսօր մենք անձնիշխանություն ենք, և մեկ անձը՝ Փաշինյան Նիկոլը, որոշում է բոլոր գործառույթները:
Բանկային համակարգում ևս կլինի այդ իրավիճակը, և դա կարող է բերել շատ վատ հետևանքների: Առաջինը՝ ներդրումների հետ կապված խնդիրներն են. արդեն այսօր վիճակը բավականին ցավալի է: Իշխանափոխությունից հետո օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ նվազում էին, և 2019թ. առաջին 9 ամսվա արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 32.7 մլն դոլարով պակաս է:
Ներդրողները կայունություն և կանխատեսելիություն են սիրում, իսկ այն պարագայում, երբ բանկային հաշիվների վերահսկողությունը ևս կլինի այդ մեկ անձի քմահաճույքից կախված, դա էապես կնվազեցնի մեր երկրում ներդրում կատարելու հրապույրը:
Երկրորդ՝ անկանխիկ շրջանառությունը կփոխվի կանխիկ շրջանառության, և բանկային համակարգից դուրս կգան գումարները, որը ևս լրջագույն խնդիր է:
– Այս խնդիրները չե՞ն հաշվարկվել:
– Ես կարծում եմ, որ ընդհանրապես փոփոխություններ իրականացնելիս շատ դեպքերում որևէ բան չի հաշվարկվում: Դրա մասին նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ մեզ մոտ չկա այն ներուժը, որը կկարողանա ռազմավարական փոփոխություններ մշակել և իրականացնել: Այս հանգամանքում նա իրավացի և արդարացի է եղել:
– Դուք անձնիշխանության մասին եք խոսում, գործող իշխանություններն էլ ձեզ էին նույն բանում մեղադրում: Ո՞րն է այս իշխանության և ձեր իշխանության տարբերությունը:
– Արտաքին հարաբերություններից սկսենք. Մենք կարողացանք իրականացնել խնդիրներ, որոնք հետխորհրդային տարածքում որևէ ուրիշ երկրի չի հաջողվել իրականացնել. կարողացանք չափազանց լավ համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ, և փայլուն համաձայնագիր՝ ԵՏՄ-ի հետ, որին դեմ էր այսօրվա գործող կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Միայն Հայաստան ավտոմեքենաների ներկրման և այստեղից ԵՏՄ երկրներ արտահանման գործիքի կիրառմամբ Հայաստանի պետական բյուջեն առնվազն 115 մլրդ դրամի եկամուտ ստացավ, միայն այդ գործիքի կիրառմամբ կարողացանք մոտ 400 միլիոնով մեծացնել մեր արտաքին պահուստները և միայն այդ գործիքի կիրառմամբ կարողացանք կայուն պահել մեր դրամը:
Ներքին քաղաքականության բնագավառում իսկապես իրականացրել ենք ֆունդամենտալ բարեփոխումներ, որոնց այս իշխանությունը չի կարող անգամ մոտ գալ: Այդ բարեփոխումներից ամենակարևորը կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն էր, որին ևս կատաղի ձևով դիմադրում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը: Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել:
– 2019թ. ունեցանք 7.5% ՀՆԱ-ի ցուցանիշ, 2018թ.՝ 5.6%, իսկ հեղափոխությունից առաջ՝ 2017թ.՝ 7.7%: Հիմա 2020թ. բյուջեով նախատեսվում է 4.9% ՀՆԱ-ի ցուցանիշ: Այս անկումը ինչի՞ հետևանք է, արդյոք հետհեղափոխական իրավիճակը կարո՞ղ էր նման բացասական հետևանքներ ունենալ:
– 2020թ. պետական բյուջեով արձանագրված է 4.9%-ի ՀՆԱ-ի աճ, և եթե դուք հիշում եք՝ հենց կառավարության առաջին նիստին Փաշինյանն ասաց, որ մենք պետք է հասնենք 7-7.5% տնտեսական աճի: Դա ընդհանրապես արհամարհանք է և՛ բյուջեի, և՛ խորհրդարանի, և՛ մեր պետության հպարտ քաղաքացիների նկատմամբ:
Դուք ընդամենը մի քանի օր առաջ հաստատում եք բյուջե, որտեղ արձանագրում եք ընդամենը 4.9 %-ի աճ, մի քանի օր հետո ասում եք՝ ոչ, մենք պետք է ունենանք 7-7.5% տնտեսական աճ: Մեր երկիրը կայացած համակարգեր ունեցող երկիր է, մենք այնպիսի համակարգեր ենք ստեղծել, որ արգելում է պետության ցանկացած պաշտոնատար անձի, այդ թվում՝ վարչապետին, կամայականություններ թույլ տալ պետական բյուջեի կարևորագույն ցուցանիշների վերաբերյալ:
Մեր Սահմանադրությունն ասում է՝ խորհրդարանը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման նկատմամբ: Հիմա մեր խորհրդարանը ո՞ր ցուցանիշի նկատմամբ վերահսկողություն իրականացնի՝ 4.9%-ի նկատմա՞մբ, որն ամրագրվել է օրենքով, թե՞ կառավարության առաջին դեմքի հնչեցրած 7-7.5%-ի նկատմամբ: Սա նորից գալիս է ամրապնդելու այն կարծիքը, որ մեզ մոտ իսկապես անձնիշխանություն է, և Նիկոլ Փաշինյանն իրեն պատասխանատու չի համարում նման հայտարարություններ անելու համար:
– Համակարգված տնտեսական քաղաքականություն տեսնո՞ւմ եք:
– Իհա՛րկե ոչ: Որևէ մեկը չի տեսնում: Շատ երկար խոսում էին տնտեսական հեղափոխության մասին, հիմա որևէ մեկն այդ մասին չի խոսում:
– Հիմա էլ են խոսում:
– Այդ ո՞վ է խոսում:
– Օրինակ՝ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն ասում է, որ հեղափոխությունից հետո տնտեսության կարևորագույն գործոններից մեկը օրենքի գերակայությունն է, ըստ նրա՝ մենաշնորհներ չկան, ստվերը կրճատվել է, ինչը տնտեսական հեղափոխության քայլերից է:
– Դա տնտեսական հեղափոխությո՞ւն է կոչվում. դրանք տնտեսական քաղաքականության էլեմենտներ են՝ բոլոր երկրների կողմից իրականացվող: Որևէ երկիր այդ էլեմենտները հեղափոխություն չի հորջորջել:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am