Հարցազրույցներ

ՀՔԾ-ին տրվել է պատվեր. տվողն անձամբ Նիկոլ Փաշինյանն է. Աննա Մկրտչյան

07.12.2019

168TV «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնության հիմնադիր, ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանը

 
– Հայաստանում վերջին օրերին ընթացող զարգացումները, եթե բաժանենք երկու խմբի, ապա մի խմբում կունենանք Բրատիսլավայում ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, դրան նախորդած ադրբեջանական մեմորանդումի մասին տարածված տեղեկությունը, ապա ՀՀ ԱՆ Զոհրաբ Մնացականյանի ելույթի հաղորդագրությունը, իսկ երկրորդ խմբում՝  Երրորդ  նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը: Համամի՞տ եք այս բաժանման հետ։
 
– Այո՛, Հայաստանում վերջին օրերին երկու թեմաներ են շոշափվում, և երկուսն էլ՝ կապված Նիկոլ Փաշինյանի անհաջողությունների, և ոչ թե՝ հստակ քայլերի հետ։
 
– Բաքուն դեկտեմբերի 5-ին ներկայացրեց իր դիրքորոշումն Արցախի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ, դրան հաջորդեց նախարար Զոհրաբ Մնացականյանի ներկայացրած դիրքորոշումը՝ 7 կետից բաղկացած։ Այս դիրքորոշումն այսօր նմանեցրեցին Էդվարդ Նալբանդյանի  հայտնած դիրքորոշումներին և հարց  հնչեցրին. իսկ ո՞ւր մնաց  Փաշինյանի իշխանության զրոյական կետն Արցախի հարցում։ Ինչպե՞ս եք գնահատում արտգործնախարար Մնացականյանի ելույթը։
 
– Ես այս հարցով  ցանկանում եմ մի կարևոր հանգամանք շեշտել. Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպումից առաջ ասաց, որ հանդիպումը լինելու է առարկայական։ Կարծում եմ՝ հասկանալու համար, թե առարկայական ասելով՝  Ադրբեջանի արտգործնախարարն ի՞նչ նկատի ուներ, հատուկ գիտելիքներ չի պահանջվում։ Առարկայականը նրա համար պետք է նվազագույնը լիներ այն համոզմունքը, որ իրենք գնում են իրենց օրակարգով բանակցելու։ Իսկ ի՞նչ ունեինք մենք դրա դիմաց, մենք ունեինք միայն սպասումներ։ Ցավալի է, որ մենք մինչ այս պահը չգիտենք, թե 3.5 ժամ ինչի՞ց են բանակցել։ Հայ հանրությունը դարձել է սպասումների գերի և փորփրում է ադրբեջանական կայքերը՝ ինֆորմացիա ստանալու համար։ Ես ուրախ եմ սակայն, որ Զոհրաբ Մնացականյանը  հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ հայտարարություններն ապագա չեն։ Զոհրաբ Մնացականյանը շարունակեց նախագահ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը և, իհարկե, ոչ ամբողջական կետերով, բայց փորձեց վերահաստատել ևս մեկ անգամ, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինել չի կարող։
 
– Ի դեպ՝ ՀՀ ԱԳՆ-ն արդեն հայտնել է, որ Զոհրաբ Մնացականյանի անգլերեն ելույթի և դրա հայերեն թարգմանության մեջ վրիպակ է եղել։ Դա, ըստ Ձեզ, վրիպա՞կ էր, թարգմանական սխա՞լ, թե՞ այլ բան։
 
– Հուսով  եմ, որ դա դիտավորություն չի եղել և չի ստացվել այնպես, որ արտգործնախարարն իր ելույթում հնչեցրել է մեկ տեքստ, իսկ հայ հանրությանը մատուցվել է մեկ այլ տեքստ։
 
– Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց ՀՀ քաղաքացիներին և ասաց, որ յուրաքանչյուրը պետք է ինքն իր մեջ ընդունի, որ  Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդն ինքն է, ու շեշտեց, որ ինքն էլ հենց այդպես է անում։ Փաշինյանն ասաց. «Հայաստանի և Արցախի ապագան կախված է մեկ  մարդուց, և այդ մարդը ես եմ»։ Հնչում են կարծիքներ, որ,  թեև նա կարևորում է ժողովրդի ձայնը, սակայն ակնհայտ է, որ վերջնական որոշում կայացնողը լինելու է ինքը. այդպես է բոլոր հարցերում, այդպես է լինելու նաև Արցախի՞ հարցում։
 
– Ես ուզում եմ հիասթափեցնել Նիկոլ Փաշինյանին. ինքը երբեք չի եղել Արցախի հարցի լուծման բանալին, իսկ, եթե իր ուղերձն ուներ ենթատեքստեր, ապա դա ավելի վատ է իր համար։ Պոպուլիստական հայտարարություններով, ստով և կեղծիքով նա եկավ իշխանության և ցույց տվեց, որ դա իր իրական դեմքը չէ. բայց իր իրական դեմքը 20 հոգու ցույցը ոստիկանական զորքով ցրելն է, իմքայլական պատգամավորների լռելյայն համաձայնությունն է իր ցանկացած որոշմանը, և Արցախի բանակցային գործընթացն ընդհանրապես տապալելն է։ Նիկոլ Փաշինյանին պետք է դնել որոշակի սահմանափակումների մեջ, իրեն պետք է հասկացնել, որ չունի այս երկրում բացարձակ իշխանություն։
 
– Ովքե՞ր պետք է Փաշինյանին նման սահմանափակումների մեջ դնեն։
 
– ՀՀ գիտակից քաղաքացիները՝ հասկանալով, որ Փաշինյանը ո՛չ ունեցել է, և ո՛չ էլ ունի կախարդական փայտիկ։ Ես ամեն օր առնչվում եմ մարդկանց հետ, որոնք, ցավոք սրտի, հավաքվել են Հանրապետության հրապարակում 2018 թվականին և հավատացել են, որ Փաշինյանն ունի կախարդական փայտիկ։ Ես հանդիպել եմ նման մարդկանց հետ, և հիմա նրանց մոտ տեսնում եմ զղջում։
 
– Խոսում եք մարդկանց զղջման մասին, բայց այսօր Փաշինյանն ԱԺ-ում ասաց, որ մարդիկ հավատացել են  իրենց, երբ իրենք ասել են, որ այդ աթոռներին նստել են ոչ թե հարստանալու, այլ հարստացնելու համար։
 
– Կարծում եմ՝ Փաշինյանն իր զրահապատ և վերանորոգված առանձնատնից չի կարողանում այլևս սթափ գնահատել իրեն շրջապատող իրավիճակը։
 
 – Օրերս Նիկոլ Փաշինյանի տիկինն Ադրբեջանի նախագահի կնոջը հրավիրեց Արցախ մուղամ լսելու, իսկ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ասաց, մեջբերում եմ, «Ալիևային Արցախ հրավիրելն առաջին ծիլերն են. թող հանդիպեն, գուցե չհասկացված հարցեր կան»։
 
– Ինչի՞ ծիլերն են. ծիլերն են Ադրբեջանի բնակչության՝ Արցախ վերադառնալո՞ւ, հայկական զորքերի դուրսբերմա՞ն, թե՞ Ադրբեջանի կազմում Արցախի ինքնորոշման հարցի լուծման. ինչի՞ ծիլերն են։ Ինչ վերաբերում է տիկին Աննա Հակոբյանին, ապա պետք է նշեմ, որ, այո՛, արցախցին հյուրասեր է, բայց մեր հյուրը չի կարող լինել մեր թշնամին։
 
– Սերժ Սարգսյանին   առաջադրված մեղադրանքի մասին. Հանրապետականն ասում է, որ սա քաղաքական հետապնդում է, Աշոտյանը պնդում՝ օդ է, իսկ Էդմոն Մարուքյանը երեկ նկատեց, որ չկա քաղաքական հետապնդում. ասում է՝ մեջբերում եմ՝ «ձեր նախարարը ձեր դեմ ցուցմունք է տվել, հետևաբար՝ խոսեք մեղադրանքից»։
 
– Պարոն Էդմոն Մարուքյանին կուզեի ասել, որ մենք իրենից այլ բան չէինք էլ սպասում. ինքը 1.5 տարվա ընթացքում ապացուցել է, որ ընդդիմադիր  կեցվածքով չի փայլում, և իր համար առավել կարևոր է Նիկոլ Փաշինյանի համար հաճո հայտարարություններ անելը։ Եթե նա, որպես իրավաբան, կարծում է, որ մեկ ցուցմունքի առկայությունը բավարար է անձին որպես  մեղադրյալ ներգրավելու համար, ապա կարծում եմ՝  այլևս շարունակելու կարիք չկա։ Ինչ վերաբերում է նախագահին առաջադրված մեղադրանքին, ապա, այո՛, այն քաղաքական է։ ՀՔԾ-ին տրվել է պատվեր, և պատվեր տվողը Նիկոլ Փաշինյանն է։ ՀՔԾ-ն կատարում է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը և կատարում է ոչ թե իրավաբանության շրջանակում, այլ նպատակ ունի ամեն գնով հասնել հրաման տվողի վերջնարդյունքին։ Ես ենթադրում եմ, որ հրամանի բովանդակությունն էսպիսին է եղել՝ ինչ ուզում եք՝ արեք, արեք այնպես, որ կանխվեն Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի նման հետագա ելույթները։
 
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
 
 168.am
 

← Վերադառնալ ցուցակին