Հարցազրույցներ
Նիկոլի լայվերով ու ժպիտով հիացածները պետք է հասկանան՝ երկիրը անդունդի եզրին է
28.11.2019
Քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում է Սերժ Սարգսյանի Զագրեբից հնչեցրած ելույթը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Միլանից: Թեպետ վրդովվեցինք ու զարմացանք, որ Փաշինյանն իրեն նմանեցրեց Աստծո որդու հետ, բայց անկեղծ լինեք` մեր ժողովուրդը մեկ ու կես տարի առաջ փոփոխություններ էր ուզում, և եկողն էլ որսաց պահը` արագ մտավ Մեսիայի դերի մեջ ու առ այսօր այդ դերում է։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով ԵԺԿ համագումարում ասել էր. «Անցած տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ»։ Ու, բնականաբար, հարց է հնչում՝ Սերժ Սարգսյանն ո՞ւմ հետ քննարկեց իշխանությունը Փաշինյանին հանձնելու հարցը, արդյո՞ք այն քննարկել է իր թիմակիցների հետ, եթե ոչ՝ ինչո՞ւ կայացրեց միանձնյա որոշում։ «Մենք» հաղորդաշարի հյուրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն այդ առնչությամբ ասաց հետևյալը․«Այդ փոփոխությունն ինձ համար ևս անակնկալ էր ու անսպասելի։ Ես այդ մասին իմացա հեռուստատեսությամբ․․․»։ Ասել է, թե Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի, գոնե, թե մի հատվածը, տեղեկացված չի եղել իշխանությունը Փաշինյանին հանձնելու՝ Սերժ Սարգսյանի որոշման մասին։ «Այդ հարցերը մտահոգում են, անհանգստացնում են մեր հասարակությանը։ Կգա ժամանակը ու Սերժ Սարգսյանն ավելի ծավալուն ելույթ կունենա։ Իսկ նա վստահաբար խոսելու է»,-ասաց Եսայանն ու հավելեց․ «Հասարակության այնպիսի ստվար զանգված էր համախմբված այդ պահանջի շուրջ, որ օրվա իշխանությունը չգնաց կտրուկ, արմատական քայլերի, որպեսզի չլինեին բախումներ, իհարկե, օրենքի շրջանակներում։ Իսկ սահմանադրական կարգը տապալելու ցանկացած փորձ կարող էր նաև օրենքով սահմանված կարգով՝ ուժով կասեցվել։ Այն, ինչ տեղի ունեցավ մեկ ու կես տարի առաջ ապրիլ-մայիսին, արդյո՞ք, սահմանադրական կարգի տապալման փորձ չէր․ վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո դատական ատյանները, իրավապահ մարմինները սա կքննեն ու կպարզեն, թե ի՞նչ տեղի ունեցավ։ Եվ կտեսնենք, թե իրականում ի՞նչ մութ ուժեր նպաստեցին, որպեսզի դա տեղի ունենա»։ ԱԺ նախին պատգամավորը կարևոր է համարում այն, որ կատարվածը եղավ անարյուն․«Շատ գովելի է այն, որ օրվա իշխանությունը ուժ չկիրառեց հրապարակում հայտնված մարդկանց նկատմամբ։ Եվ երբ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծամտանում է, գլուխ է գովում, թե ՀՀ-ում տեղի է ունեցել նմանը չունեցող թավշյա հեղափոխություն, պետք է պարկեշտ լինի ու ասի, որ դա տեղի ունեցավ օրվա իշխանության ջանքերի շնորհիվ»։ Բայց կա նաև մի կարևոր հարց. ինչո՞ւ պետք է երկրում իրավիճակը հասներ այնպիսի լարվածության, որ մեր համբերատար ժողովուրդը դուրս գար փողոց, պահանջեր օրվա իշխանության հրաժարականը և վերջինս էլ ստիպված լիներ հեռանալ, որպեսզի արյուն չթափվեր, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել ԵԺԿ համագումարի իր ելույթում՝ «մարդկային զոհեր չլինեին, պետությունը զերծ մնար վտանգավոր ցնցումներից»։ Արդյո՞ք այս ամենի մասին մտածել ու համապատասխան եզրահանգումների է եկել Հանրապետականը: Հանուն անկեղծության ասենք, որ Սերժ Սարգսյանը ԵԺԿ իր ելույթում հայտարարեց՝ կատարվածում կար ՀՀԿ-ի մեղքը: «Նիկոլը խոսում է սիրո և հանդուրժողականության հեղափոխության մասին, բայց իրականում ատելության, չհասկացվածության մթնոլորտի սերմանողը հե՛նց ինքն է»,- ասաց Մարգարիտ Եսայանը՝ շեշտելով․ «Սա ատելության ու չարության իշխանափոխություն էր»։ Եսայանը նկատեց՝ հասարակության պառակտումը միտումնավոր արվեց, որպեսզի վաղը ճակատագրական հարցերի լուծման ժամանակ հասարակությունը չլինի միասնական։ Հարցազրույցում խոսվեց նաև Սորոսի գրասենյակի վտանգավորության, Արցախյան խնդրի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, Լևոն Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունների և այլնի մասին։