Հարցազրույցներ
«Հայաստանում չկա քաղաքական օրակարգ». Աշոտյան
28.11.2019
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի մանրամասների, դրա շուրջ հնչած քննադատությունների մասին։
Արմեն Աշոտյանի խոսքով` Զագրեբում ԵԺԿ-ի համագումարում, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ելույթը շատ սուր ու բուռն է քննարկվում, քանի որ Հայաստանում չկա քաղաքական օրակարգ։
«Սերժ Սարգսյանի ելույթը դարձավ ներքաղաքական օրակարգի կարևորագույն հանգույցներից մեկը։ Մեզ մոտ հանրային քաղաքականությունը դեգրադացվել է, միայն քաղաքական մշակույթը չէ, որ ճգնաժամի մեջ է, ճգնաժամի մեջ է նաև քաղաքական գործիչների կողմից քաղաքական բովանդակություն ստեղծելու պարտավորությունը, քանի որ ԱԺ-ն իր տեղում չէ»,-պնդում է Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա` խորհրդարանում ներկայացված չէ հասարակության քաղաքական նախընտրության ողջ ներկապնակը, չկա իրական սկզբունքային ընդդիմություն, այլ կան ընդամենը ոչ իշխանական քաղաքական ուժեր։
«Սերժ Սարգսյանը հրապարակավ կխոսի, հավանաբար, Նոր տարուց հետո, թե կոնկրետ որ օրը` դա արդեն տեխնիկական հարց է»,-մանրամասնում է Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահն անդրադարձել է նաև հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերին, Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ներկա փուլին։ Աշոտյանը պատասխանել է նաև հարցին, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերից բացի, ո՞ր դեպքում են պատրաստ կանգնել իշխանության կողքին։
armeniasputnik.am