Հարցազրույցներ
«Եթե մի երկրում կարողացավ Փաշինյանը զավթել իշխանություն, ուրեմն այդ երկրում ամեն րոպե ամեն ինչ հնարավոր է». Կարինե Աճեմյան
09.11.2019
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը նախկին պատգամավոր, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանն է
– Տիկի՛ն Աճեմյան, համալսարանականները և ՀՅԴ երիտթևը, երկու օր է՝ բողոքի ակցիաներ են սկսել Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Արդարացվա՞ծ պահանջ է։
– Որևէ նշանակություն չունի՝ կլինի Արայիկ Հարությունյանը կամ այլ մարդ իրենց թևից։ Գիտեմ, որ նրանց թիմում հակասություններ կան, փոխնախարարներ կան, որոնք ուզում են այդ աթոռին բազմել։ Եթե թիմի մեկ անդամը փոխարինվի այլ անդամով, որևէ բան դա մեր կյանքում չի փոխի։ Այն, ինչ կատարվում է՝ կատարվում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով, որևէ մեկը չի կարող քայլ անել՝ առանց նրա գիտության։ Բոլոր ոլորտներում ապականման գործընթաց է գնում… միայն մի ուղղությամբ չէ, մի ոլորտում չէ, հետևապես՝ այս պայքարը պետք է անպայման լինի Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետև նրա դրածոները կատարում են իր պահանջները։
– Ասում եք՝ ապականման գործընթաց է գնում բոլոր ոլորտներում. եթե մատնանշում եք հայագիտական առարկաները բուհերում հայեցողական դարձնելու նախագիծը, ապա իշխանությունն ասում է, որ կարող են լինել բուհեր, որոնք դրանք կարող են պարտադիր դարձնել, եթե մատնանշում եք սեռափոխված Մել Դալուզյանի ֆիլմի համար պետբյուջեից հատկացված 20 միլիոն դրամը, ապա իշխանությունը հակադարձում է՝ նշելով, որ խոսքը մի մարդու մասին է, որը եռակի չեմպիոն է: Դարձյա՞լ պնդում եք, որ ապականման գործընթաց է գնում։
– Բայց չէ՞ որ մենք շատ չեմպիոններ ենք ունեցել, որոնք սեռափոխված չեն, ինչո՞ւ նկարել ֆիլմ հենց նրա մասին։ Իսկ եթե հայագիտական առարկաների մասին խոսելիս համեմատականներ են տանում այլ երկրների հետ, ապա պետք է ասեմ, որ մենք փոքր երկիր ենք, և արդեն երևում է, որ մեր իմունիտետը վտանգի տակ է։ Նման քայլով կարող ենք վտանգել ամեն ինչ, և դա՝ այն դեպքում, երբ տեսնում ենք, որ շատ երիտասարդներ անգամ չեն տիրապետում լեզվին։ Ես կարծում եմ, որ սա ոչ թե հայոց լեզվի և հայոց եկեղեցու պատմության մասին է, այլ ամբողջ արժեհամակարգի: Ի դեպ՝ ձեր նշած նախարարն ասաց, որ 21-րդ դարում մեզ ազգային ինքնություն պետք չէ։
– Իսկ ինչո՞վ եք պայմանավորում այն, որ, թեև երեկվանից ցուցարարները պահանջում են, որ Արայիկ Հարությունյանն իրենց հետ հանդիպի, բայց ակցիայի մասնակիցներին բախվեց Նիկոլ Փաշինյանը՝ ԱԳՆ գնալիս, այսինքն՝ նա հանդիպեց բողոքող ցուցարարներին:
– Որովհետև Նիկոլ Փաշինյանն է որոշում՝ ով ում հետ հանդիպի. պարզ ասեմ։ Ես համոզված եմ, որ նա որոշում է կայացրել և իր հերթական անձնական PR ակցիան է անում, որովհետև նրա բոլոր ելույթները դրան են ուղղված։ Կա նաև մեկ այլ հանգամանք. Արայիկ Հարությունյանն անհանգստանում է, վախենում է։ Գիտեք՝ ես այդ թվով ոստիկաններ չէի տեսել նախարարության դիմաց. ընդամենը ուսանողներ են, որոնք իրենց ձայնն են բարձրացնում, հանցակազմ պարունակող որևէ արարք թույլ չեն տվել. դա նշանակում է, որ վախ և անհանգստություն կա. մենք տեսանք նաև, որ դեռ միտինգը չավարտած՝ քրեական գործ է հարուցվում։
– Նկատի ունեք Արծվիկ Մինասյանի՞ն, որը նախօրեին կանչվել էր հարցաքննության, իսկ դրանից կարճ ժամանակ առաջ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Արայիկ Հարությունյանն ասել էր, որ իրեն ուղարկված արկղերը քրեական գործերով կլցնի և ետ կուղարկի։
– Այո՛, սա քաղաքական որոշում է. Առհասարակ, Ռոբերտ Քոչարյանի գործից սկսած՝ այլ գործերով վերջացրած, եթե որևէ մեկը խանգարում է իրենց կամ կայացնում է որոշում, որը նրանց դուր չի գալիս, պետք է ճնշեն։
– Իսկ կհաջողվի՞ իշխանությանն այս բողոքի ալիքը կանգնեցնել, և ի՞նչ տարբերակներով է դա հնարավոր։
– Կարծում եմ՝ ամենաճիշտ տարբերակը կլինի, որ նրանք հրաժարվեն. որոշ դեպքերում դա եղել է, բայց ես կարծում եմ, որ այդ մտադրությունները հետաձգվել են՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա և մի շարք գաղտնի որոշումներ։
– Գաղտնի որոշումներից նկատի ունեք նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացո՞ւմը:
– Դե, դա նոնսենս է… երբևէ նախկին կառավարություններն այդ ոճով չեն աշխատել։ Ես կարծում եմ, որ այս բողոքի ալիքը կարող է մեծանալ, դժգոհողները շատ են, բայց ես գիտեմ նաև այն մեթոդները, որոնցով այդ մարդկանց լռեցնում են։
– Իսկ հնարավո՞ր է՝ ՀՀԿ-ն, ՀՀԿ երիտթևը ևս միանան բողոքի ակցիաներին։
– Ամեն ինչ հնարավոր է ամեն պահի, թեև քննարկումներ չեն եղել։ Եթե մի երկրում կարողացավ Փաշինյանը զավթել իշխանություն, ուրեմն այդ երկրում ամեն րոպե ամեն ինչ հնարավոր է։
– Արդեն 1,5 տարի է՝ ՀՀԿ-ն այլևս իշխանության չէ, և տեղի ունեցող զարգացումներին հետևում է ընդդիմության շարքերից: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ի՞նչ փոփոխություններ կան. Մի՞թե որևէ դրական բան այս ընթացքում տեղի չի ունեցել:
– Շատ ինտենսիվ հետևել ենք այս ընթացքին, դրական բան չեմ տեսել. եթե տեսած լինեի՝ կբարձրաձայնեի։
– Ն. Փաշինյանի 100 փաստերը չե՞ք կարդացել։
– Այնքան ծիծաղելի են այդ փաստերը, եթե մենք նման փաստերով առաջնորդվեինք, ծիծաղի առարկա կդառնայինք։ Երբեմն հետևում եմ Կառավարության նիստերին, որտեղ մի մարդ ամեն ինչի մասին երկար «նաղլներ է» հորինում, ելույթներ է ունենում, աշխատանք չկա. դա կառավարության նիստ չէ, զավեշտալի է։ Աշխարհում շատ պոպուլիստական ուժեր են եկել իշխանության, բայց աշխարհի որևէ երկրում այս աստիճանի այլասերված չեն եղել Կառավարություն և Ազգային ժողով ինստիտուտները։
– Իսկ Կառավարության նիստերին հետևելիս չե՞ք նկատել, որ ընդունվել են այնտեղ որոշումներ ուսուցիչների, զինծառայողների, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ։
– Տարիների ընթացքում բազմաթիվ 10-20 տոկոսներով այդ աշխատավարձերը բարձրացվել են, բայց մենք դրանից մեծ պատմություն չենք սարքել։ Մենք դրան զուգահեռ՝ չենք բարձրացրել նախարարների աշխատավարձը 300 կամ 500 տոկոսով։
– Իշխանությունը դա բացատրեց կոռուպցիայից զերծ պետական կառավարման համակարգ ունենալու միտումով։
– Իսկ ո՞ւր է Դավիթ Սանասարյանի գործը և այն կոռուպցիոներներինը, որոնք այսօր ի հայտ են գալիս, էլ չեմ խոսում սանիկ-եղբայր-բարեկամների՝ պետական համակարգում աշխատանքի տեղավորվելու մասին, որն ավելի շատ է հիմա, քան նախկինում։ Այնպես որ, այդ փոքր բարձրացումներն էդպես պետք չէ ներկայացնել. փաստ է, չէ՞, որ ներդրումները պակասել են։
– Իշխանությունը դրա բացատրությունն էլ ունի. ասում են, որ հետհեղափոխական բոլոր երկրներում է այդպես լինում։
– Մենք բլոկադայի մեջ գտնվող երկիր ենք, ամեն մի ներդրում մեզ համար կարևոր է, մենք կարող ենք զրոյացնել այդ դաշտը, և հետո որևէ ներդրող այլևս չգա. իր պարագայում դա չի լինելու: Այն, ինչ ես տեսնում եմ, տեսնում են ամբողջ աշխարհում. մարդը, որը ամբողջ օրը խոսում է, չի կարող աշխատել։
– Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր խոսում Բաղրամյան 26 տարված ճամպրուկների մասին. տեղություններ ունե՞ք արդյոք, նա այս ժամանակահատվածում քանի՞ ճամպրուկ է կարողացել դատարկել։
– Մեզ հայտնի չէ մեկը, որը ճամպրուկ է տարել Բաղրամյան 26։ Հանրապետականներին և այլ մարդկանց հեղինակազրկել են, բայց որևէ ապացույց հիմա չկա, իսկ դա նշանակում է, որ դա ստերի հերթական շարքն է եղել։ Բաղրամյան 26 տարված գումարները բյուջեի վրա նաև չեն երևում, իսկ այն մարդիկ, որոնց մասին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ամբիոնից հեքիաթներ էր պատմում, այսօր իր շրջապատում են, Փաշինյանի հետ իրենց շատ լավ են զգում։
– Ձեր իշխանության տարիներին նույն մեղադրանքները, բացասական գնահատականները՝ մի փոքր ավելի սուր կամ մեղմ, հնչեցնում էին այսօրվա իշխանությունները՝ ձեր գործունեությունը գնահատելիս: Ելքը ո՞րն է, ի՞նչ պետք է անի սովորական քաղաքացին քաղաքական ուժերի այս փոխադարձ մեղադրանքների դեպքում:
– Շատ հանգիստ պետք է կողմնորոշվի. եթե իրեն բաներ են խոստացել, չեն արել, իսկ իր կյանքը ոչ թե լավացել է, այլ վատացել, ուրեմն ասվածի մեջ չկար ճշմարտություն։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
168.am