Հարցազրույցներ
Մեր դասարանի Մանուկին էի սիրահարված, բայց նա իրենց մանկապարտեզի Վեհանուշին էր սիրում. Մարգարիտ Եսայանի՝ «Առաջին անգամը»
07.11.2019
ArmDaily.am-ը «Առաջին անգամ»-ի շրջանակներում այս անգամ զրուցել է նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ։
-Առաջին հարցազրույցը։
Առաջին «հարցազրույցս» դերասան Լեւոն Թուխիկյանի հետ էր, հարցեր տվողը նա էր, գնացել էի նրա ղեկավարած թատերական խմբակը ընդունվելու, երկար-բարակ հարցերից հետո, ասաց՝ «Ընդունված եք», իսկ ինքս առաջին անգամ հարցազրույց եմ վերցրել 4-րդ դասարանի մի խումբ աշակերտներից, նրանք Էրեբունի ամրոցի տարածքում կարեւոր սափոր էին գտել, նրանց մասին հոդված գրեցի։
-Առաջին աշխատավարձը։
90 ռուբլի, ահագին գումար էր, ինձ հպարտ էի զգում։
-Առաջին պաշտոնը։
Պաշտո՞ն, ոչ առաջին եւ ոչ էլ երբեւէ ես պաշտոն, այդ բառի ժամանակակից իմաստով չեմ ունեցել եւ, վստահ եմ, չեմ էլ ունենա, իմ տեսակի համար պաշտոնը հակացուցված է, ես մարդկանց հավատում եմ եւ սիրում, խաբել չգիտեմ, պոպուլիստ չեմ, կարիերիստ ՝ երբեք։
-Առաջին անգամ սիրահարվելը։
Առաջին դասարանում, մեր դասարանի Մանուկին, բայց նա իրենց մանկապարտեզի Վեհանուշին էր սիրում եւ ես ցայսօր շատ նեղվում եմ, որ մանկապարտեզ չեմ գնացել, երբ փոքր էի, ինձ թվում էր սիրահարվում են միայն մանկապարտեզ գնացած աղջիկներին։
-Առաջնեկին գրկելը։
Բառերով ասե՞մ, չի ստացվի։
-Առաջին անգամ համբուրվելը։
Ես տղաների հետ ավելի լավ էի ընկերություն անում, քան՝ աղջիկների, ընկերներիս մեջ կար մեկը, (տարիներ հետո իմացա` նա միակը չէր, մի քանիսն էին), ով ինձ սիրում էր, ասել էր այդ մասին, հոգուս խորքում ես էլ նրան էի հավանում, բայց դա սեր չէր, հաստատ, որովհետեւ ես ավելի ուշ իմացա իսկական սերը։ Մի անգամ մեր ընկերական հավաքներից մեկի ժամանակ այդ տղան ասաց․«Գիտես, բոլորին թվում է մենք ընկերություն ենք անում, մինչդեռ մենք դեռ չենք էլ համբուրվել»։
Ես ծիծաղեցի ու անցավ, այդպես էլ մի կարգին չհամբուրվեցինք, հետո հասկացա, որ տղաները ինձանից քաշվում են, չեն համարձակվում իրենց ավելի անկաշկանդ պահել, կարծեմ մինչ այսօր այդպես է, տարիներ առաջ նրանցից մեկն ասաց՝ դու եւ ձգում ես եւ վանում միաժամանակ։
-Առաջին ապտակը ստանալը կամ առաջին ապտակելը։
Եթե ուղղակի իմաստով նկատի ունեք, ինձ չեն ապտակել, ես սիրված երեխա եմ եղել, հեծանիվ եմ ունեցել վաղ մանկուց, դահուկներ։ Եթե փոխաբերական իմաստով նկատի ունեք՝ 2018-ի հոկտեմբերի 2-ին, այդ գիշերը երբեք չեմ մոռանա, անարդար գիշեր էր, սատանայական։ Իսկ ինքս նախորդ դարում մի գերմանացի ուսանողի ապտակեցի, երբ Մոսկվայի ռեստորաններից մեկում, (ընդունվել էի համալսարան եւ հայրս ինձ, քրոջս եւ հորաքրոջս տարել էր Մոսկվա), պարի ընթացքում նա որոշեց ինձ համբուրել, դե, ես էլ, մի լավ մուշտի տվեցի։ Շատ էր զարմացել, ինքը նուրբ մի գերմանացի, գրեթե արիստոկրատ, ես՝ արտաքուստ՝ նրբիկ, բայց վայրի, մի քիչ վախվորած հայ աղջնակ։ Այսպիսի միջազգային բաներ։
-Առաջին անգամ կաշառելը եւ առաջին անգամ կաշառվելը։
Ինձ կաշառե՞լ, էդ ինչո՞վ պիտի ինձ կաշառեին։ Հա, ընկերությամբ կաշառում էին, հետո, դավաճանում, եղել է։ Ինքս ընկերներիս, ծանոթներիս նվերներ շատ եմ բաժանել եւ բաժանում, սիրում եմ մարդուն ուրախացնել, եթե դա կաշառք է՝ դատեք ինձ։
-Առաջին անգամ գողանալը։
Մեր թաղամասի գրադարանից Հենրիխ Իբսենի «Պեր Գյունտը» (1969 թ. հրատակություն) եւ Բալզակի «Շագրենի կաշին», մինչ այսօր իմ սիրելի գրքերից են, հիմա է, որ գրքերի ավելցուկ կա, այն ժամանակ գրքերը միայն գրադարաններից կարող էինք վերցնել եւ ընթերցել։
-Ամենատպավորիչ առաջին անգամը։
Երբ առաջնեկս ասաց․«մամա»։
Դուսյա Ղազարյան