Հարցազրույցներ

«Ինձ հայտնի չեն դեպքեր, երբ որևէ մեկը, լինի Արսեն Բաբայանը կամ որևէ այլ անձ, ՍԴ լիազորությունները յուրացրել է». Դավիթ Հարությունյան

25.10.2019

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ երկրում սահմանադրական ճգնաժամ չկա: «Ես ընդհանրապես կարծում եմ, որ ճիշտ չէ խոսել որևէ սահմանադրական ճգնաժամի մասին»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը:

 
Նա, անդրադառնալով ՍԴ նախագահի ընտրության վերաբերյալ հարուցված քրեական գործին, ասաց, որ այն իրավունքի հետ շատ քիչ աղերսներ ունի:
 
Պարոն Հարությունյան, ամբողջ գործի էությունն այն է, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, որպեսզի Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա ՍԴ նախագահ դառնալ նախքան 2015 թվականի սահմանադրական փոփոխություններն ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։ Դա հնարավորություն է տվել, որ Հրայր Թովմասյանը պաշտոնավարի ոչ թե 6 տարի, այլ մինչև 70 տարեկանը:
 
Իսկ Գագիկ Հարությունյանին պարտադրելու մասին Գագիկ Հարությունյանն ինչ-որ հայտարարությո՞ւն է տվել:
 
Ոչ, ավելին, նա լրագրողների հետ զրույցում հերքեց, որ իրեն պարտադրել են:
 
Յուրաքանչյուր քրեական գործի համար պետք է լինի որոշակի առիթ: Այսինքն՝ որևէ մեկը, ով տիրապետում է փաստերին, պետք է հայտարարություն տա, որ նման փաստ է տեղի ունեցել: Ինձ պարզ չէ, թե այդ ո՞վ է, որ նման փաստերին տիրապետում է: Եթե ոչ Գագիկ Հարությունյանը, ոչ ենթադրյալ պարտադրողը, ապա ո՞վ:
 
Հետևաբա՞ր:
 
Ինքնին քրեական հետապնդում սկսելն այս հիմքով, կարծում եմ, շատ հեռու է իրավունքից:
 
 
Իսկ նորմա՞լ է, որ Հրայր Թովմասյանը նախքան նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելն է ստանձնել ՍԴ նախագահի լիազորությունները: Իրավական տեսանկյունից այստեղ խախտում չկա՞:
 
Հակառակը, եթե Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական է ներկայացրել նախագահի պաշտոնից, ապա օրենքը սահմանում է շատ հստակ ժամկետներ, որի ընթացքում պետք է ընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ:
 
Այսինքն՝ գործընթացը օրենքի շրջանակներում է եղել, դա՞ եք ասում:
 
Այո:
 
Ի՞նչ կարծիք ունեք «իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնատար կեղծիք կատարելու համար» մեղադրանքի մասին, որն առաջադրվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին:
 
Իշխանության յուրացման համարնախ և առաջ անհրաժեշտ է, որ մեկը յուրացնի Սահմանադրական դատարանի ողջ լիազորությունները: Օրինակ՝ նման հանցակազմ կարող է լինել, եթե ինչ-որ մի կամ պաշտոնյա, կամ ոչ պաշտոնյա Սահմանադրական դատարանի անունից սկսի ընդունել ակտեր: Դա կլինի իշխանության յուրացում: Ինձ հայտնի չեն դեպքեր, երբ որևէ մեկը, լինի նա Արսեն Բաբայանը կամ որևէ այլ անձ, Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացրել են: Հետևաբար, այս քրեական գործը հիմնավորված չէ: Անգամ այն փաստերը, որոնք նկարագրվում են, եթե անգամ 100 տոկոսով որպես ճշմարտություն ընդունենք քննչական մարմինների նկարագրածը, միևնույն է, դա չի կարող որակվել այդ հանցակազմով:
 
lragir.am

← Վերադառնալ ցուցակին