Հարցազրույցներ
«Սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից». Էդուարդ Շարմազանով
20.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը:
168.am-ը ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե առհասարակ այս դատական գործընթացի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի, ինչպե՞ս է այն գնահատում:
«Գնահատում եմ՝ որպես Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրություն Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Դատարանի որոշումը պատվերով համերգ է և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում արդարադատությունը գնալով դառնում է զանգովի: Եվ Նիկոլ Փաշինյանի՝ դեռ մեկ տարի առաջ հնչեցրած միտքը, որ՝ «կա՞ այդպիսի դատավոր, որ իմ ասածը կարող է չանել», աստիճանաբար, ի դժբախտություն մեր պետականության, դառնում է իրականություն: Սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերն է՝ կալանքի մեջ պահել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև կրկնակի անթույլատրելի և խայտառակություն է, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում ՊՊԾ գնդում երեք ոստիկան սպանած ահաբեկչական խմբի անդամներն ազատ են արձակվում, բանդայի գործով հիմնական պարագլուխը գրավով ազատ է արձակվում, իսկ Ռոբերտ Քոչարյանը, որն արտերկրից ինքն իր կամքով վերադարձել էր Հայաստան, ինքը կարող էր և չգալ, գրավով ազատ չի արձակվում: Ավելին, Սահմանադրական դատարանի որոշումը, որը պարտադիր է բոլորի համար, դատարանն ավելի շատ ընդունում է Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, քան ՍԴ որոշումը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ, եթե ՍԴ-ն հանենք, ապա Հայաստանում գրեթե չկա արդարադատություն. «Կա Նիկոլի կամք: Դժբախտաբար, մենք շուտով, եթե Նիկոլի սցենարն իրականանա, կունենանք Ֆյուրեր: Բայց բոլորը պետք է հասկանան, որ Ֆյուրերին գալիս են փոխարինելու ժողովրդավար գործիչները՝ Ադենաուերի նման: Պարզապես պետությունը, պետականությունը և հասարակությունը շատ թանկ են վճարում ֆյուրերների կամայականությունների, կապրիզների և հիմարությունների համար»:
168.am