Հարցազրույցներ
«Հիմա ոչ շտապօգնությունը կօգնի, ոչ ոստիկանությունը». Գալուստ Սահակյան
18.09.2019
Ժամանակին ամենաշատ հարցազրույցներ տվող Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ևս չմերժեց Hraparak.am-ին՝ պատասխանելով մի քանի հարցերի։
- Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք ապրում, առհասարակ, հետևու՞մ եք քաղաքական իրադարձություններին։
-Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
-ԱԺ աշխատանքներին, օրինակ, հետևո՞ւմ եք։
-Ազգային ժողովին չէ, բայց ընդհանուր քաղաքական իրավիճակից, բնականաբար, տեղյակ եմ։
-Նախկինում լսելով Ազգային ժողովում ընդդիմադիրների ելույթները, Դուք երբեմն հառաչում էիք և ասում՝ չգիտեմ՝ ոստիկանությո՞ւն, թե՞ շտապօգնություն կանչեմ։
- Հիմա ոչ շտապօգնությունը կօգնի, ոչ ոստիկանությունը։ Ասեմ,որ իրենց ելույթները չեմ լսում, երբեմն-երբեմն հեռուստացույցով ինչ-որ մարդկանց ելույթներ եմ լսում։
-Ի դեպ, «Իմ քայլում» ըստ մեկնաբանությունների՝ կան պատգամավորներ, որոնք Ձեր ոճով են խոսում․ Թագուհի Ղազարյան, Հովհաննես Աղազարյան։
-Չեմ լսել։ Բացի դրանից՝ իմ նման որևէ մեկը չի կարող խոսել։
-Երկիմաստություներով․․․
-Դա երկիմաստություն չէ։
-Իսկ , օրինակ, Ամուլսարի հետ կապված ինչ դիրքորոշում ունեք։
-Ի՞նչ կապ ունի Ամուլսարը, հիմա ինքը արդեն ամուլ հանք է դառել։
- Պարոն Սահակյան, Նիկոլ Փաշինյանը երեկ 50 լավատեսական փաստ ներկայացրեց, մինչդեռ նախկինները մռայլ գույներով են ներկայացնում իրականությունը Հայաստանում։ ԱԺ- ն իր բարձրության վրա չէ, Արցախի հարցում տապալումներ, մի խոսքով՝ ամեն ինչ վատ է, արտաքինից մինչև տնտեսական ոլորտ։
-Նիկոլ Փաշինյանը միայնակ է գործում, ԱԺ , Արարատ Միզոյաան, դրանք մարդիկ են, որոնք ինչ ասում է նիկոլ Փաշինյանը, կրկնում են։ Այսինքն՝ երկիրը ղեկավարում է մեկ անձ։
-Սերժ Սարգսյանը այդպես չէր վարվո՞ւմ։
-Ես խնդրում եմ՝ ճիշտ համեմատություններ արեք, Սերժ Սարգսյանը պետություն ստեղծող անձնավորություն է, ոչ թե պետությանը ինչ-որ վնասներ հասցնող, որ բերեք համեմատության մեջ դնեք։
-Ինչո՞վ եք զբաղվում որպես Գալուստ Սահակյան։
-Գալուստ Սահակյանը զբաղվում է այնպես, ինչպես կզբաղվեր Գալուստ Սահակյանը։ Քաղաքականությամբ։
Անուշ Դաշտենց
hraparak.am