Հարցազրույցներ

«Փաշինյանն ասում է` ՀՀԿ-ն գոյություն չունի, նրա կողմնակիցներն էլ ասում են` Հանրապետականն է արել, բան ու գործ չունեինք, պետք է ցո՞ւյց անեինք». Էդուարդ Շարմազանով

27.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրն անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին, նախ կարծիք է հայտնել, թե ցավալի է, քանի որ անգիտակից մարդկանց դրդել են գնալ այդ գործողություններին, ապա նշել է. «Դա նրանց կազմակերպածը չէ, դա վերևից, հանրապետականների, Նիկոլի թշնամիների կազմակերպածն է։ Իսկ այդ խեղճ ու կրակ բանվորները դուրս են եկել՝ առանց հասկանալու, թե ինչ են անում։ Անտառը գրեթե կերել են, այն հրաշալի բնությունը ոչնչացնում են և ուզում են այդ անօրինականությունը, գողությունը Կառավարությունն օրինականացնի»:

 
Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։
 
– Պարոն Շարմազանով, Հանրապետական կուսակցությունն ի՞նչ առնչություն ունի իջևանյան դեպքերի հետ, քանի որ վարչապետի հայրը կարծիք է հայտնել, որ դա Ձեր կուսակցության կազմակերպածն է։
 
– Ես ինձ թույլ չեմ տա որևէ մեկի, այդ թվում՝ Փաշինյանի ծնողի ասածները մեկնաբանել։ Ինձ իրավունք չեմ վերապահում ապաքաղաքական մարդու կարծիքը մեկնաբանել, եթե բանվորի հայր էլ լիներ, միևնույն է՝ չէի մեկնաբանի, քանի որ առհասարակ ծնողի ասածները չեմ մեկնաբանում։

– Պարոն Շարմազանով, վարչապետի հայրիկից բացի, նման կարծիք են հայտնում նաև վարչապետի կողմնակիցները։
 
– Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ Հանրապետականը չկա, հիմա իր կողմնակիցներն իջևանյան դեպքերից հետո ասում են, թե հանրապետականներն են կազմակերպել։ Թող կողմնորոշվեն էլի, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ՀՀԿ-ն գոյություն չունի, կողմնակիցներն էլ ասում են՝ Հանրապետականն է արել, բան ու գործ չունեինք, պետք է ցո՞ւյց կազմակերպեինք։ 1,5  տարի Նիկոլ Փաշինյանը վարչապետն է ու նույնիսկ իր ասուլիսներն է նվիրում Հանրապետականին, նա միշտ անցյալում է։ Մեկ ասում է՝ Հանրապետականը որևէ աջակցություն չունի, հիմա էլ այնքան հզոր է, որ հասել է Իջևա՞ն։ Հանրապետականը որ միտինգ անի, տասնյակ-հազարավոր մարդիկ կհավաքի։

- Այդ դեպքում, ինչո՞ւ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ իջևանյան դեպքերը կապեցին Հանրապետականի հետ։
 
– Իշխանությանը մոտ կանգնած լուրջ մարդիկ ո՞ւր են, որ ես էլ իրենց մեկնաբանեմ։ Հարցով պատասխանեմ, իսկ ինչո՞ւ վարչապետ Փաշինյանը, որ մեկ տարուց ավելի Կառավարության ղեկավար է, իր ձախողումները բարդում է նախկին իշխանության  վրա, պահը որ գա, կարող է հասնել մինչև Կարեն Դեմիրճյանին և Անտոն Քոչինյանին։
 
Այդ մարդիկ պատասխանատվություն ու իզմեր չունեն և միշտ անցյալից են խոսում, որովհետև անելիք չունեն։ Եկել են իշխանության ու խոսում են անցյալից՝ Քոչարյանից, Հանրապետականից, սևերից, օտարերկրյա գործակալներից։
 
Զարմանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների ասածները լուրջ եք ընդունում։ Մի մարդ, որը խոսում է օտարերկրյա գործակալներից ու դավադիր ուժերից, սակայն որևէ մեկի անունը չի տալիս, որը Ալիևին կիրթ ու նորմալ է համարում, որը դատավորներին ու դատական իշխանություններին «վնգստացող» է, անվանում, հիմա ուզում եք, որ այդ մարդու ասածները մեկնաբանե՞մ։
 
Այսինքն՝ այս մարդու համար բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Վաղն էլ կարող է պարզվել, որ Հանրապետականն է ոստիկանապետին հրաման տվել սպեցնազը տանել Իջևան, քանի որ նա ժամանակին աշխատել է հանրապետականների հետ, ԱԱԾ պետին Հանրապետականն է ասել՝ գնա այնտեղ, որովհետև ինքն էլ է աշխատել։ Նիկոլ Փաշինյանը թող գործով զբաղվի, բարեփոխումներ իրականացնի, որը խոստացել է, ոչ թե դավադրության տեսությամբ զբաղվի։
 
Ով Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն չէ, նրա աչքին կա՛մ դավադիր ուժ է երևում, կա՛մ օտարերկրյա գործակալ ու Հանրապետական։ Բոլոր խնդիրները նրա մեջ են, նրան ու իր կողմնակիցներին մեկ բան կասեմ՝ կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն Նիկոլ Փաշինյանի ուսերին է։
 
Հիմա, որ արտագաղթը շարունակվում է, ներդրումներ չկան, տնտեսության աճ չկա, Հանրապետակա՞նն է մեղավոր։
 
Զվարթ Խաչատրյան
 
Հ.Գ. Նշենք, որ թեմային անդրադարձել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
 
168.am

← Վերադառնալ ցուցակին