Հարցազրույցներ

Ինչի՞շուրջ են հավաքվել Փաշինյանի համակիրները, երբ վարչապետը մերժում է բոլոր «իզմերը»

19.06.2019

ՀՀԿ-ի ստվերը հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Նախօրեին տեղի ունեցած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 5-րդ համագումարում պարզ դարձավ, որ իշխող կուսակցության ներկայացուցիչների հիմնական նպատակը կա ու մնում է պայքարը նախկինների դեմ:

 
Ինչո՞ւ է նախկինների վերակենդանացումից այդչափ մտահոգված ներկա իշխանությունը, LIVEnews.am-ի «Մենք» հաղորդաշարի հյուրը՝ Արտակ Զաքարյանը նկատեց՝ ՀՀԿ-ի կերպափոխումը պետությանը միայն օգուտ է բերելու․ «Կարծում եմ՝ դա ներկայիս իշխանության համար ավելի լավ է, որովհետև անմրցակից, անգաղափար ուժը շատ վտանգավոր է, իսկ գաղափարական մրցակցի առկայության պարագայում իշխանությունն այսօր զգոնության, զգաստության հնարավորություն կստանա, եթե իհարկե այդպիսի ռեսուրսներ ունի»։
 
Արտակ Զաքարյանը չկամեցավ մեկնաբանել ՔՊ համագումարում ԵԿՄ վարչության նախագահ, ՔՊ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանի՝ ՀՀԿ-ին ուղղված խոսքը, թե․ «Ուզում եք հիմա էլ վերակենդանանա՞լ։ Էդ ի՞նչ ջիգյար եք կերել»։ Ա․ Զաքարյանն ասաց ․«Թող ինքն էլ այդ կարծիքին լինի, աշխարհը դրանից չի տուժելու, Սասուն Միքայելյանի տեսակետներն առանձնապես էական չեն»։ Հարցին, թե նույն գաղափարների կրողն է նաև վարչապետ Փաշինյանը, որը ՔՊ համագումարում նախկինների իշխանության տարիները «բռնության մշակույթ» որակեց։ «Մենք գիտենք, որ վարչապետի ելույթներն էլ իրենց սկզբունքայնությամբ չեն փայլում․ նույն վարչապետը հետո սկսում է բացատրել, որ դա նկատի չի ունեցել, այսինքն, այնքան ռեվերանսային են այդ ելույթները, որ եթե այսօր դրանց անդրադառնանք, մի ամիս անց կտեսնենք, որ դրա հակառակն է ասվում»։
 
Մեր զրուցակիցն այս ամենը երկրորդական համարելով՝ մտահոգ է, որ երկրի քաղաքական դաշտում խախտված են հավասարակշռության ու զսպումների մեխանիզմները։ «Մենք տեսնում ենք, որ որոշումների կայացման գործընթացում ինչպիսի ծիծաղելի, անլուրջ վիճակների մեջ է հայտնվում մեր պետությունը։ Մտահոգիչը մեր երկրում ստեղծված իրավիճակն է, ինչից կտրված է իշխանությունը։ Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, ինչից փաստորեն հեռանում են իշխանությունները և վիրտուալ տարածքում վիրտուալ պայքարի մեջ են, այդ թվում նաև ՀՀԿ-ի դեմ անհասկանալի պայքարի մեջ են, այն դեպքում, երբ հիմնական թիրախ պետք է դառնան մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները»։
 
Արտակ Զաքարյանը նաև մի կարևոր հայտարարություն արեց, տեղեկացնելով․ «Ներկայիս իշխանությունը պրոբլեմներ է ստեղծել ու արդեն խնդրել է մեզ օգնել իրենց»։ Փակագծերը բացել չկամեցավ․ «Չեմ բացի փակագծերը, որովհետև դա մեր երկրի առաջ կանգնած պրոբլեմն է, իսկ այն, ինչի մասին հայտարարվում է՝ բռնատիրական մշակույթ և այլն, դա ընդամենը արտաքին ֆոն է՝ հանրային կարծիքը շեղելու համար»։
 
Արտակ Զաքարյանն անդրադարձավ նաև ՔՊ-ի գաղափարազուրկ լինելուն, (հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՔՊ-ն իրեն դուրս է դնում տարբեր տեսակի իզմերից), ՌԴ դեսպանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը, վերելակային դիվանագիտության ձախողմանը, Փաշինյանի սեփական սխալները շտկելու քայլերին, մասնավորաբար, Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածություններին վերադառնալու նպատակադրմանը, ինչպես նաև անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անհասկանալիորեն չեզոք քաղաքականությանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում:

livenews.am
 

← Վերադառնալ ցուցակին