Հարցազրույցներ

«Այսինքն այսօր ոչ թե Ալիևն է պատերազմի սպառնալիքը, այլ Հայաստանի ու Արցախի որոշ շրջանակնե՞ր». Շարամազանով

23.05.2019

Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 19-ին  քաղաքացիներին ուղղված կոչին՝ արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը, Հայաստանի մոնիտորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Յուլյա Լավոչկինան և Անդրեյ Շիրցելը հայտարարել են, որ քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դիտարկվել՝ որպես ճնշման գործադրում դատական համակարգի նկատմամբ։
 
ԵԽԽՎ կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության տեքստում նշվում է նաև, որ Փաշինյանի այս կոչը հետևել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու  դատավորի որոշմանը։
 
Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց  Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։
 
– Պարոն Շարմազանով, ԵԽԽՎ-ում մտահոգություն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու հայտարարության առնչությամբ։ Ձեզ համար ԵԽԽՎ-ից նման արձագանքը սպասելի՞ էր։
 
– ԵԽԽՎ-ն մի կառույց է, որը հետևում է Եվրոպական խորհրդի անդամ երկրներում ժողովրդավարության զարգացմանը, խոսքի ազատության և բազմակարծության պաշտպանմանը։ Բնականաբար, այդ կառույցի հիմնական նպատակն ու գործառույթն է՝ հետևել, որպեսզի նման երկրներում հակաժողովրդական գործողություններ չլինեն։
 
Ինձ համար անընդունելի և անհասկանալի կլիներ, եթե եվրոպացի մեր գործընկերները նման խիստ գնահատականով հանդես չգային, քանի որ ակնհայտ է`  ինչ անում է Նիկոլ Փաշինյանն այս մեկ տարվա ընթացքում՝ և՛ կոնկրետ դատական իշխանության վրա ուղղորդված ճնշումներ իրականացնելու, և՛ Սահմանադրությունն ուղղակի բռնաբարելու ուղղությամբ։ Բնականաբար, սա և՛ ՀՀ սահմանադրության խախտում էր, և՛ ժողովրդավարության բռնաբարում, ինչպես նաև ճնշում բազմակարծության վրա։ Ակնհայտ էր, որ ԵԽԽՎ մեր համազեկուցողները պետք է նման խիստ գնահատականով հանդես գային։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ոչ միայն հայաստանյան իրավապաշտպանները, մամուլը և քաղաքագիտական շրջանակներն են հստակ ամրագրում, որ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի հակաժողովրդավարական, բացարձակ դիկտատորական համակարգի, այլև՝ Եվրոպայի օրրան հանդիսացող ԵԽԽՎ-ի համազեկուցողներն են ամրագրում, որ այս ամենն ուղղակի միջամտություն է դատական իշխանությունների աշխատանքներին։
 
Ըստ ՀՀ սահմանադրության՝ իշխանության երեք՝ օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերը պետք է լինեն անկախ, և սա փաստորեն դատական իշխանության անկախության ոտնահարում էր՝ գործադիրի ղեկավարի կողմից։
 
Սա ակնհայտ դիկտատուրա է, ինչի մասին ասել եմ դեռևս նախորդ տարվա օգոստոսին։

– Այս ամենը կարո՞ղ է ազդել ԵԽԽՎ-ում Հայաստանի միջազգային հեղինակության վրա։
 
– Բայց Հայաստանի միջազգային հեղինակությունից ի՞նչ է մնացել, որ սա էլ ազդի։ Չեմ կարծում, որ մեր մտահոգ քաղաքացիներն ապրում են նիկոլփաշինյանական կեղծ «իլյուզիաներով», «դըմփ-դըմփ-հուի» հեղաշրջումը, «սևերի ու սպիտակների», «հեղափոխականների ու հակահեղափոխականների» բաժանումը չեն բարձրացրել Հայաստանի միջազգային հեղինակությունը, հեղինակությունը բարձրացնում են կոնկրետ գործերով։ Նախ՝ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ջանքերով նվաստացրեց ՀԱՊԿ-ին, այն՝ որպես լուրջ ռազմաքաղաքական կառույց,  հեղինակության, իմիջային կտրուկ անկում արձանագրեց, երբ Փաշինյանն առանց որևէ հիմնավորման՝ Յուրի Խաչատուրովին, որը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր, մեղադրանք առաջադրեց։ Սա ազդե՞ց ՀԱՊԿ-ի հեղինակության, ՀԱՊԿ-ում Հայաստանի հեղինակության վրա, իհարկե՝ ազդեց, սրա վառ ապացույցն այն է, որ ՀՀ ներկայացուցիչն այլևս չի էլ ընտրվելու այդ պաշտոնում։
 
ԵԽԽՎ-ն ունի իր օրենքները, բազմակարծության և ժողովրդավարության գործիքները, և հետևաբար՝ այնտեղ ադրբեջանցի և թուրք պատգամավորներն օգտագործելու են Փաշինյանի կողմից այս ուղղակի հակաժողովրդավարական քայլը, որպեսզի «սղղացնեն» պրոադրբեջանական, պրոթուրքական կամ այլ հակահայկական բանաձևեր՝ ցույց տալով, իբրև Հայաստանում ժողովրդավարություն չկա։ Սա, բնականաբար, ազդելու է նաև Հայաստանի միջազգային հեղինակության վրա։ Բայց ինձ այդքան Հայաստանի միջազգային հեղինակությունը չի մտահոգում, որքան այն գործընթացները, որոնք իրականացնում են երկրում, այդ մարդիկ ամբողջությամբ անմեղսունակ վիճակում են։ Մեկ տարուց ավելի իշխանությանն են, բայց դեռ թշնամիներ են փնտրում։
 
Մեղադրում են ՀՀԿ-ի, Քոչարյանի կամ Հրանտ Մարգարյանի պաշտպաններին՝ չհասկացա՞։ Այս մեր երկրում իրենց կազմակերպած խայտառակ ընտրություններում  հարյուր-հազարավոր մարդիկ Նիկոլ Փաշինյանին չեն ընտրել՝ 60 հազարը՝ ՀՀԿ-ին, 40 հազարը՝ ՀՅԴ-ին, առնվազն այս երկու քաղաքական ուժը խիստ քննադատում են Փաշինյանին, հիմա ի՞նչ է առաջարկում. այն 100 հազարից ավելի քաղաքացիները, որոնք չեն ընտրել Փաշինյանին, ի՞նչ, պետք է Հայաստանը թողնեն-գնա՞ն, Հայաստանում ապրելու իրավունք չունե՞ն, արտագաղթե՞ն։ Մտքից թող հանի, իր դիկտատուրական հնարքը չի անցի։
 
Նա հանրաքվեի կոչ է անում, ես էլ բոլոր առողջ ու պետականամետ ուժերին եմ կոչ անում՝ համախմբվել և թույլ չտալ, որպեսզի Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռքին դառնա դիկտատորական խաղալիք։ Օրինական բոլոր մեթոդներով պետք է պայքարել այս ապազգային և ապաշնորհ իշխանության դեմ, սա է օրվա հրամայականը։ Նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը շրջափակեց Ազգային ժողովը, այդ ժամանակ հասարակության մի մասը ոչ թե պետք է ծափահարեր, այլ թույլ չտար նման բան, հիմա էլ դատական իշխանության նկատմամբ է նման բան անում, սա կմարսի, հետո կանցնի լրագրողներին՝ թերթերը կփակի, ու այդպես շարունակ, վերջում կմնա ինքն ու իր կողքը՝ քաղաքական բորենիները։
 
Հայաստանում ժողովրդավարությունը չպետք է այլընտրանք ունենա, իսկ ժողովրդավարությունը նախ և առաջ անմեղության կանխավարկածն է, բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը։ 100 Փաշինյան լինի, սա սուրբ հայրենիք է, և մենք չպետք է թույլ տանք, որ դիկտատուրական համակարգ լինի։
 
Ով իրեն չի պաշտպանում, ասում է՝ հանրապետական է, «սերժական» է, «ռոբական» է, այ քեզ բան… Փաշինյանն ի՞նչ է արել Հայաստանի համար, նա թող Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի արածի մեկ տոկոսն անի։

– Վարչապետը դատարանների մուտքերը փակելու հետ կապված՝ Կառավարությունում իր հայտարարության մեջ նշեց նաև, որ նախկին կոռումպացված համակարգից  կան կոնկրետ ուժեր, որոնք փորձում են տարաձայնություններ, նույնիսկ թշնամանք սերմանել Հայաստանի և Արցախի ժողովրդի միջև։ Եվ այդ ամենը վերլուծելով՝ տեսնում է դավադիր պատերազմ, ընդհուպ՝ որոշ տարածքներ թշնամուն զիջելու և ամբողջի պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա դնելու համար։ Ինչպե՞ս մեկնաբանեք այս հայտարարությունը։
 
– Փաշինյանը պետության ղեկավար է, ես պահանջում եմ՝ փաստեր և անուններ հրապարակի և ասի, թե ովքե՞ր են այդ ուժերը, որոնք ուզում են պատերազմ հրահրել և հողեր տալ թշնամուն։ Եթե նման բան չանի, ուրեմն դավաճանություն է իրականացնում պետության դեմ, պառակտում է հասարակությունը։ Հերիք ու բոլ է, որքա՞ն կարելի է նման անպատասխանատու հայտարարություններ անել։ Այսինքն՝ այսօր ոչ թե Ալիևն է պատերազմի սպառնալիքը, այլ Հայաստանի ու Արցախի որոշ շրջանակնե՞ր, այդ որո՞նք են այդ շրջանակները, որոնք ազատագրե՞լ են Արցախը։ Ինքն ի՞նչ է արել Արցախի ու Հայաստանի համար։

– Պարոն Շարմազանով, կարծքներ են հնչում, այդ թվում՝ քաղաքագետների կողմից, որ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Արցախի նախագահ Բակո Սահակյանին։
 
– Նիկոլ Փաշինյանը թող ինքն իրեն հարց տա, այդ Արցախն այսօր որ անկախ է, ի՞նքն է արել։ Մարդիկ պատմություն են կերտել, ինչ էլ ուզում է լինի՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը հաղթել են՝ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Սերժ Սարգսյան, սպարապետ Վազգեն Սարգսյան, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյան, հերոս Վիտալի Բալասանյան, և այլն…, քիչ է մնում ասի՝ Տիգրան Մեծի Հայաստանն էլ է ինքը եղել։ Սեփական հայրենիքում հաղթանակներ չեն փնտրում, տեղն ասում եմ, թող գնա Վանը, Կարսը, Էրզրումը ազատագրի, եթե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ազատագրած տարածքներն իրենց չեն բավարարում, թող գնա այդ հողերն ազատագրի։

– Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս հայտարարության հետևում։
 
– Ամենամեծ վտանգն այն է, որ պետության ղեկավարն ադեկվատ չէ։ 30 տարի Հայաստանի բոլոր իշխանություններն ու ընդդիմությունը հայտարարել են և իրականությունը ներկայացրել, որ տարածաշրջանի սպառնալիքը Թուրքիան ու Ադրբեջանն են։ Այսօր Փաշինյանը, որը Ալիևին կիրթ ու նորմալ է համարում, իրականացնում է մի քաղաքականություն, որը Հայաստանի ու Արցախի շահերին դեմ է։ Ի լուր ամբողջ աշխարհի՝ ասում է՝ Հայաստանում ու Արցախում կան մարդիկ, որոնք պատերազմ են հրահրում։ 30 տարի է՝ մենք Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային հանրությանը փաստերով ապացուցում ենք, որ Ալիևն ու Էրդողանն են սպառնում տարածաշրջանային խաղաղությանը, բայց այսօր իմ երկրի ղեկավարը, անկախ նրանից՝ Նիկո՞լ է անունը, թե՞ Մարտիրոս, անում է հակապետական հայտարարություն, և մեր հասարակությունը նորմալ չի ասում՝ այ ընկեր, դու վարչապե՞տ ես, թե՞ կլոուն, այս ի՞նչ հայտարարություն ես անում։
 
Վաղն Ադրբեջանը կասի՝ Ալիևն ու Էրդողանը խաղաղասեր են, Հայաստանն ու Արցախն են պատերազմ ուզում։ Մարդ որքա՞ն կարող է հակապետական մտածողություն ունենալ, որ իր սեփական աթոռը պահելու համար նման հայտարարություն անի։ Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Վազգեն Մանուկյանը նման բան չի ասել, Քոչարյանի օրոք Գեղամյանն ու Ստեփան Դեմիճյանը նման բան չեն ասել։ Ես երեկ էլ եմ ասել, որ այս մարդու՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի հետ կապված մի քանի վարկած կա։
 
Ըստ վարկածներից մեկի՝ Փաշինյանը շատ արագ ուզում է ազատվել Դավիթ Տոնոյանից, որովհետև նրա վարկանիշը միգուցե բարձրանում է, և այդ ամենը ուզում է բարդի նրա վրա։ Մյուսը՝ կարո՞ղ է այդ քննիչ հանձնաժողովը պարզի, որ Ապրիլյան պատերազմը հրահրել է ոչ թե Նիկոլի համար կիրթ ու նորմալ համարվող Ալիևը, այլ Հայաստանի ու Արցախի որոշ շրջանակներ, կարո՞ղ է՝ նպատակը սա է։
 
Ես 12 տարվա պատգամավոր եմ եղել, եղել են հարցեր, որտեղ սրբապղծություն է համարվել իմ ու քո բաժանելը, դա Արցախի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերն են, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի շահը, մեր բոլորի մոտ եղել է համապետական օրակարգը։ Թող որևէ մեկին չվախեցնի, որևէ մեկը իր գոռգոռոցներից չի վախենում։
 
Զվարթ Խաչատրյան

168.am

← Վերադառնալ ցուցակին