Հարցազրույցներ
Այդ մարդիկ պետք է գնան բժշկի․ Արտակ Զաքարյանը ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2019
Factor.am-ի հարցազրույցը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ
– Պարո՛ն Զաքարյան, մարտի 29-ին Վիեննայում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Սա առաջին հանդիպումն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ: Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը և ինչպիսի՞ հետևություններ արեցիք:
– Մինչ հանդիպումը, բնականաբար, Հայաստանում բավականին լուրջ դեբատներ ծավալվեցին այդ ուղղությամբ, հատկապես, թե որը պետք է լինի օրակարգը, որքանով Արցախի Հանրապետության պաշտոնական մասնակցության հարցը պնդելը խոչընդոտ կարող է հանդիսանալ այս փուլի համար, ինչ օրակարգով և ինչ ակնկալիքներով պետք է վերսկսվեն բանակցությունները, որոնք հայտնի պատճառներով դադարել էին: Նկատի ունեմ իշխանափոխությունը Հայաստանում: Եվ այն հանգամանքը, որ բանակցությունները վերսկսվել են կամ կարելի է արդեն համարել վերսկսված, իհարկե, իր մեջ դրական տարրեր պարունակում է, որ խնդիրը կարգավորման փուլ վերադարձնելու իրական շանսեր կան, որովհետև անորոշությունն ու բանակցային գործընթացի ձգձգվածությունը կարող էր նաև որոշակի ռիսկեր առաջացնել:
– Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ բանակցություններն ընթացել են Ստեփանակերտի օրակարգով, այսինքն՝ Ստեփանակերտը բանակցային սեղան վերադարձնելու շուրջ պնդումով: Ի՞նչ առաջընթաց կարող է լինել այս հարցում:
– Այն հանգամանքը, որ Ստեփանակերտի օրակարգով է եղել, դեռ չի նշանակում, որ միայն Ստեփանակերտը բանակցությունների սեղան վերադարձնելու հարցն է: Եվ եթե միայն այդ հարցը լիներ օրակարգում, բանակցություն էլ չէ, այդ խոսակցությունը կտևեր մի քանի րոպե և կավարտվեր: Ի սկզբանե հայտնի է, թե Ադրբեջանն ինչ դիրքորոշում ունի այդ հարցի հետ կապված, և Ալիևն էլ իր հայտարարության մեջ ասել է՝ ուրախ է, որ ձևաչափը չի փոխվել և այլն:
– Այսինքն՝ եթե համանախագահների մասնակցությամբ բանակցությունները տևել են մոտ 3 ժամ, նշանակում է, որ նաև ա՞յլ հարցեր են քննարկվել: Օրինակ՝ բանակցային տարրե՞ր:
– Հարցեր, որոնց Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ: Մասնավորապես՝ սկզբունքների և տարրերի համաձայնեցում, դրանց գործնական նշանակության վերաբերյալ կողմերի պատկերացումների շուրջ քննարկում, իհարկե՝ քննարկումներ խաղաղարար նախաձեռնությունների, հումանիտար ակցիաների և այլնի վերաբերյալ: Ավելի շատ տեղեկատվություն կարելի է վերլուծության համար ունենալ Վիեննայի համայնքի հետ հանդիպումից, երբ որոշ փակագծեր բացվեցին, որ գործընթացը հեշտ չէ, Փաշինյանը խոսեց այն մասին, որ մենք բարդ փուլում ենք, արագ լուծումներ ակնկալել ճիշտ չէ և անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք սահուն և փոխադարձ հանդուրժողականությամբ գնալ առաջ: Եվ այս երկու-երեք օրերի ընթացքում նաև կշռելով Ադրբեջանում և մեզ մոտ արվող հայտարարությունները՝ պետք է ասել, ցավոք, Ադրբեջանում արվող հայտարարություններից հետևում է, որ վերջինները նորից փորձում են հեռանալ խաղաղ կարգավորման հունից, փորձում են ապակառուցողական տարրեր մտցնել։ Եվ պատահական չէր նաև այսօր Փաշինյանի ուղիղ խոսքը, որը վերաբերում էր Ադրբեջանի նախագահի մի շարք հայտարարություններին: Պետք է շատ նուրբ և զգույշ լինել հետագա բոլոր նախաձեռնություններում և գործողություններում, որովհետև եթե ի սկզբանե նույնիսկ այն օրակարգը, որը հայտարարվել էր, որ գնում են՝ փոխադարձ ընկալումները համաձայնեցնելու, դա էլ չի ստացվում, չի մոտարկվում, ուրեմն շատ բարդ է լինում հասկանալ, թե ընդհանրապես բանակցային գործընթացից մենք ինչ ակնկալիք կարող ենք ունենալ: Եթե նախորդ բոլոր տարիներին մենք բանակցային գործընթացից ակնկալում էինք, որ կարգավորման որևէ տարբերակի շուրջ կան քննարկումներ, մերթընդմերթ տարբերակները ծնվում էին, կողմերից հնչում էին համաձայնություններ կամ անհամաձայնություններ, և շատ էր խոսվում բանակցությունների սեղան Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին, որովհետև որևէ կարգավորման տարբերակ առանց Արցախի ուղղակի չի կարող գոյություն ունենալ:
– Ձեր իշխանության ժամանակ բարձրացվել էր այդ հարցը, բայց, կարծես, այնքան ուժեղ պնդում չի եղել, որպեսզի այդ գործընթացն ապահովվեր:
– Այստեղ ուժեղի կամ թույլի խնդիր չէ: Հայտարարություն անելով չէ, որ գործընթացն ապահովվում է: Սա իրական քաղաքականություն է, պետք է համապատասխան նպաստավոր պայմաններ ստեղծել, որ Ադրբեջանն էլ հասկանա, որ եթե արդեն գնացել ենք խաղաղ կարգավորման, ուրեմն, իհարկե, կարգավորման հիմնական սուբյեկտը պետք է ներկա լինի:
– Պարո՛ն Զաքարյան, վաղը լրանում է ապրիլյան պատերազմի 3 տարին։ Այսօր «Սասնա Ծռեր» կուսակցությունը տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ապրիլյան պատերազմը եղել է պայմանավորված՝ իրագործելու համար Լավրովյան պլանը։ Ի՞նչ արձագանք ունեք:
– Այդ հայտարարությունը տարածողները համարում են, որ իրենք լո՞ւրջ մարդիկ են։ Ցնդաբանություն է, նման բան մտածող մարդիկ պետք է գնան բժշկի և ստուգվեն:
– Քառօրյա պատերազմից առաջ հայկական կողմն ունե՞ր տեղեկություն, որ Ադրբեջանը հարձակում է նախապատրաստում:
– Հայկական կողմն ուներ տեղեկություն և երաշխիք Մինսկի խմբի համանախագահող պետություններից, որ խաղաղ կարգավորումը շարունակվում է: Դասական իմաստով դա Ադրբեջանի կողմից ոչ թե պատերազմ էր, այլ մարտական գործողություն, որովհետև առաջնագծի ոչ ամբողջ երկայնքով է դա տեղի ունեցել:
– Մեր հետախուզությունն ի՞նչ էր անում, որ այդ հարձակումն անակնկալ էր։
– Այդ հարցը պետք է տալ համապատասխան պաշտոնյաներին։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Արմինե Ավետյան