Հարցազրույցներ

ԱՇՈՏՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է POST-ՆԻԿՈԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԱՅԻ ՄԵՋ ԿՈՆՍՊԻՐՈԼՈԳԻԱ ՉՏԵՍՆԵԼ

19.02.2019

 -Պարոն Աշոտյան, այսօրվա գրառումը վերջացրել էիք մի ուշագրավ նախադասությամբ՝ «Եվ որքան էլ  տեսանելի է, որ Փաշինյանն հեշտությամբ իշխանությունը չի զիջելու, այնուհանդերձ գնալով ակտուալ է դառնում «Հայաստան՝ Նիկոլից հետո» - Post-Նիկոլ տեսլականի մշակումը, որտեղ պահանջվելու է լայն քաղաքական հենքով ուժերի կոնսոլիդացիա» ։ Ինչ է սա նշանակում։

 
-Իմ մտահոգությունները հասարակական-քաղաքական դիսկուրսում այս քննարկումները սկսելու հետ են կապված, որովհետև ակնհայտ է, որ անկախ նրանից՝ այս կառավարությունը որքա՞ն կմնա իշխանության գլխին, բոլոր դեպքերում, երկրում և երկրի շուրջ հասունացող մարտահրավերներին այն համարժեք չէ, հետևաբար, այսօրվանից պետք է սկսվի հասարական-քաղաքական, քաղաքագիտական, տնտեսագիտական  մտքի քննարկումների պրոցես։
 
Դրանք պետք է լինեն մուլտիդիսցիպլինար քննարկումներ, թե ինչ անել Հայաստանում՝ Նիկոլից հետո, որովհետև ակնհայտ է, որ մնում են և մնալու են ավերակներ։ Եվ այդ ավերակները կանխարգելելու և Հայաստանի ռազմավարական տեսլականը վերագտնելու համար այս քաղաքական դիսկուրսն ինձ համար կարևոր է։ Ինչ վերաբերում է քաղաքկան հնարավոր լայն կոնսոլիդացիային, ապա ակնհայտ է, որ այն տեղի պետք է ունենա և երկրորդ՝ ինձ համար գոնե ակնհայտ է, որ ժխտողական-նեգատիվ օրակարգով երկրի զարգացման  տեսլական ուրվագծել հնարավոր չէ։ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները հենց դրա մասին են խոսում, որ մերժելով երկիր չեն կառուցում, եթե դրա փոխարեն դու ունակ չես ներկայացնելու զարգացման տեսլական։
 
-Իսկ այդ կոնսոլիդացիայի առանցքը Դուք եք, կամ ձեր կուսակցությո՞ւնն է լինելու։
 
-Խոսքն այս պահին  որևէ կոնկրետ քննարկումների մասին չէ, խոսքը գաղափարի մասին է։  Սրա տակ որևէ կոնկրետ գործընթաց չկա, բացարձակ, ես փորձել եմ հանրային քննարկման հարթակ նետել դրա անհրաժեշտությունը։ Որևէ կոնկրետ կուլուարային բանակցություններ, խոսակցություններ, գործընթաց գոյություն չունի և կարիք էլ չկա, որ այդ գործընթացը լիներ ստվերային։ Հենց բարձրաձայնմանս հիմքում ընկած է կարևոր մտահոգություն՝ ինչ է լինելու մեր երկրի հետ՝ Նիկոլ Փաշինյանից հետո, որովհետև այն, ինչ տեսնում ենք, վկայում է այն մասին, որ որևէ լավ բան չի լինելու, և որպեսզի նվազեցնենք իր կառավարման ռիսկերն ու կարողանանք չեզոքացնել վնասները, որ հասցվում են Հայաստանին, պետք է այսօրվանից մտածել  Post-Նիկոլ իրավիճակի մասին։
 
-Նախ, առանձին լրատվամիջոցներում հրապարակումներ կան, որ Կարեն Կարապետյանն է Հայաստանում Ծառուկյանի խնամու տանը նույն օրակարգով հանդիպումներ կազմակերպում․․
 
-Խնդրում եմ իմ առաջարկության տակ որևէ կոնսպիրոլոգիա չփնտրել, եթե լիներ այն, ապա հրապարակային առաջարկ ու քննարկում դժվար լիներ։ Խնդիրը հասարակա-քաղաքական հնարավոր լայն մոբիլիզացիա ապահովելու, Նիկոլ Փաշինյանից հետո  Post-Նիկոլ Հայաստանի ներսում և շուրջ ծագած մարտահրավերները չեզոքացնելու և երկրի զարգացման ուղենիշը որոշելն է։ Եվ իմ համար շատ կարևոր է, որ մոբիլիզացիան չլինի մերժողական-ժխտողական օրակագարգի շուրջ և այն պետք է տա զարգացման այլընտրանք։
 
-Իսկ ի՞նչ քաղաքագետների եք առաջարկվում համախմբել, հրավերներ ուղարկե՞լ եք։
 
- Դուք ինստիտուցիոնալ եք դարձնում առաջարկս․ այսօրվա իմ գրառման խորքում ընկած չէ որևէ ինստիտուցիոնալ գոյություն ունեցող պրոցես, այսօրվա իմ հանրային առաջարկի մեջ կա մի հորդոր՝ մտածել այս ուղղությամբ այսօրվանից։ Post-Նիկոլ, այպես ասած՝ էռայի մասին սկսել մտածել այսօրվանից՝ ձևավորելով պոզիտիվ զարգացման տեսական։
 
-Իշխանության մեջ երկար տարիներ եղած մարդ եք,ինչպես եք պատկերացնում՝ նման ակումբային քննարկումներով միայն հնարավոր է հասնել ինչ-որ նպատակի։
 
Դրա տեխնոլոգիական, տեխնիկական լուծումները տարբեր կարող են լինել, և այդ թվում՝ Ձեր զանգն ինձ ապացույնցներից մեկն է այն բանի, որ այս գաղափարը, առաջարկությունը հետաքրքիր է՝ անկախ նրանից, թե Դուք ստվերային քաղաքական գործըթնացներ եք հիմա փորձելու վերլուծել այս առաջարկի հետևում, չհանայած, այս պահին դրանք չկան։ Բացարձակ, շատ ազնիվ, քաղաքացիական դիրքորոշում եմ հայտնել ես՝ այդ առաջարկով։  Եվ հետաքրքրությունը, կրկնում եմ, վկայում է այն մասին, որ լուրջ մտածող մարդիկ այսօրվանից պետք է հասկանան՝ ինչ պետք է արվի Հայաստանում, հայ ժողովրդին ու պետությանը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար, որովհետև ակնհայտ է, որ որևէ լավ բան Նիկոլ Փաշինյանը, իշխանություններն ու կառավարությունը չեն անելու։ Ռազմավարական առումով, խոսքն ընթացիկ  PR ակցիաների մասին չէ։ 
 
-Ինչու՞ այսօրվանից, ինչո՞ւ այսօր արեցիք, միգուցեք վերլուծել եք իրավիճակը, դժգոհողներն են շատ։
 
-Ես երկար եմ մտածել այս մասին, այնպես չէ, որ այսօրվանից։ Ես երկար եմ մտածել հատկապես, երչբ ևս մեկ անգամ ծանոթացա կառավարության ծրագրին, համադրեցի դա  այսօրվա կառավարության պոտենցիալի, իսկ ավելի ճիշտ է ասել՝ պոտենցալի բացակայության հետ, Հայաստանի զարգացման մարտավարությունն ու ռազմավարությունը օրվա լրահոսով, օրվա տեսանյութով, օրվա ֆոտոնյութով  ու օրվա ստատուսով փոխարինելու կառավարման ոճն այլևս իրականություն է։
 
Տեսեք՝ այսօր ակնհայտ է, որ հանրային քննարկման ու տեղեկատվական դաշտի մի զգալի մաս առնվազն զբաղեցնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կապված 2 դրվագ, որոնցից և ոչ մեկը կապ չունի Հայաստանի արտաքին քաղաքական, տնտեսության զարգացման, արտաքին մարտահրավերների հետ կամ մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հետ։ Այդ երկու դրվանգներից մեկը թումանյանական արտասանությունն էր, մյուսը՝ աղբ բարձրացնելը։
 
Սա է այլևս տրենդայինը։ Եթե մենք այսպես ենք լուսացնելու մեր օրերը, այդ Post-Նիկոլ հասկացությունը գլոբալ առումով, ավելի շատ հետևյալն է՝ ինչ անել երկրի հետ, որն ընկել է պոպուլիստների ճիրանը։
 
-Իսկ եթե այնպես ստացվի, որ մի շարք քաղաքագետներ արձագանքեն, որ պարզվի, որ նրանք բոլորը ժամանակին առնչվել են ՀՀԿ-ի հետ։
 
-Արձագանքներ ունեմ արդեն, գրում են մասնավոր նամակներով, բնականաբար, սա շատ նախնական  գաղափար է ու քննարկում գաղափարի շուրջ։ Դեռ։  Ինչը նշանակում է ռուսերեն ասած՝ ես խփել եմ ճիշտ նշանակետին։

← Վերադառնալ ցուցակին