Հարցազրույցներ

Փաշինյանը գործում է Օստապ Բենդերի մեթոդներով

14.02.2019

Factor.am-ի հարցազրույցը ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ.

– Պարո՛ն Շարմազանով, ընդունվեց Կառավարության ծրագիրը, որը Դուք համարում եք ցանկությունների և կենացների ժողովածու: Կարո՞ղ եք ասել, թե ձեր կառավարությունների ծրագրերն ինչո՞վ էին տարբերվում այս ծրագրից, և ձեր ծրագիրն ինչո՞վ էր ավելի լավը: Հատկապես, որ քննադատողները Կառավարության ծրագիրը համեմատում են Հանրապետական կուսակցության ծրագրերի հետ:

– Նախ՝ կարծում եմ, որ քննադատողները մոլորության մեջ են և չպիտի այս ծրագիրը համեմատեն նախորդ որևէ այլ ծրագրի հետ։ Պետք է ծրագիրը քննադատեն ու համեմատեն կոնկրետ ծրագրերի ղեկավար, ռեժիսոր և հեղինակ, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված խոստումների հետ: Այո՛, նախորդ ծրագիրը, որը 2018 թվականի հունիսին ընդունվել է ԱԺ-ի կողմից, ես համարել եմ կենացների և բաժակաճառերի ժողովածու, իսկ այս ծրագիրն արդեն անվանել եմ ոչ թե բաժակաճառերի ժողովածու, այլ Նիկոլ Փաշինյանի չիրականացված խոստումների ծրագիր: Նիկոլ Փաշինյանը դեռևս ապրիլ-մայիսին խոստացել էր աղքատության կտրուկ նվազում, խոստացել էր թռիչքային զարգացում, կենսաթոշակների աճ, ներդրումային բում, աշխատատեղերի ստեղծում, խոստացել էր կախարդական փայտիկով գրեթե բոլոր խնդիրների լուծում: Անցել է գրեթե տասը ամիս, ոչ միայն այս ցուցանիշները չեն ապահովվել, այլ որևէ լուրջ բան չկա, բոլոր ոլորտներում ունենք անկում։ Հետևաբար՝ մենք պետք է համեմատենք մի բան, որ կա խոսքի և գործի անհամատեղելիություն։ Նիկոլ Փաշինյանը գործում է Օստապ Բենդերի հայտնի մեթոդներով:

– Բայց Ձեր նշած ցուցանիշներով ձեր ծրագրերն էլ չեն իրականացվել՝ տնտեսական աճ, աղքատության կրճատում, աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում:

– Նախ՝ այնքան էլ այդպես չէ, մասնակի Դուք ճիշտ եք, որովհետև մեր իշխանության տարիներին եղել է երկու միջազգային տնտեսական ճգնաժամ, եղել է երկու պատերազմ, եղել է «Սասնա ծռերի» տեռորիստական ակտ, և, բնականաբար, դա չէր կարող չազդել մեր կառավարության տնտեսական ծրագրերի արդյունավետության վրա:

– Հեղափոխության ժամանակ էլ խնդիրներ են լինում տնտեսության մեջ: Ընդհանրապես՝ հեղափոխությունները նախ կարող են բացասական ազդեցություն ունենալ:

– Մենք պետք է խոսենք՝ ինչ է ասել ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը պառլամենտում նշեց, որ այս հեղափոխությունը ոչ թե բացասական է ազդել տնտեսության վրա, այլ դրական է ազդելու, այս հեղափոխությունն ավելացնելու է ներդրումները և, կտեսնեք, լինելու է տնտեսական հրաշք:

– Անցած տարին փակել են 5.8 տոկոս տնտեսական աճով։

– Այո՛, մենք իրենց փոխանցել ենք 9.7 տոկոս տնտեսական աճով: Հիմա խնդրում եմ, որ մեր քաղաքացիները պարզ հաշվարկ կատարեն։ Հրանտ Բագրատյանն էր ասում՝ առաջին եռամսյակում մեր իշխանության ժամանակ ներդրումները եղել են 111 մլն դոլար, երկրորդ եռամսյակում՝ 9 մլն դոլար: Ալավերդիում գործարան է փակվել Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում: Ինքն էր, չէ՞, ասում, էս սոված երկրում, ժողովուրդը վատ է, տատիկ-պապիկները հացի «նիսյաներ» ունեն, էս ինչ եք անում: Հետո տեսանք, այդ թվում՝ ձեր լրատվամիջոցի օգնությամբ, թե պետական հիմնարկներում ինչպիսի պարգևավճարներ են տրվում: Եվ ի՞նչ է ասում մեր վարչապետը, ասում է՝ դրանք օրինական են:

–  Դրանք հաստատվել են ձեր իշխանության հաստատած բյուջեով:

– Ես մի բան կարող եմ ասել՝ այն փաստերը, թե ձեր ժամանակ էս էր, քննադատության չի դիմանում, որովհետև մենք հիմա ապրում ենք Նիկոլի վարչապետական Հայաստանում: Եվ եթե այդպես նայենք, կարող ենք ավելի հետ գնալ, ասել՝ բա որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ սենց էր, իսկ հիմա ավելի լավ է։ Քանի որ ցարի ժամանակ անկախ Հայաստան չկար, դե բերեք՝ ավելի երջանիկ ապրենք: Մենք պետք է մի բան որոշենք հստակ. ի՞նչ է խոստացել Նիկոլը, և ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 9 ամսվա ընթացքում՝ բացի մարդ բռնելուց. դա էլ չի խոստացել, ասել է՝ վենդետա չի լինելու, վենդետա կա:

– Պարո՛ն Շարմազանով, հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչո՞ւ էր երկար ժամանակ այդ փաստը գաղտնի պահվում կամ չէր հաստատվում: Դուք նույնպես չէիք հաստատում:

– Գաղտնի չէր պահվում: Պարզ է, որ ինձ շատ լավ հայտնի էր, որ պարոն նախագահը մի քանի անգամ հրավիրվել է ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով: Ես չէի հաստատում, որովհետև դա գտնվում էր ՀՔԾ տիրույթում, և ՀՔԾ-ն, որպես պետական լիազոր մարմին, ինքն էր պարտավոր կա՛մ հերքել, կա՛մ հաստատել այդ իրողությունը:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Մարտի 1-ի գործի շրջանակում վկայի կարգավիճակով Սերժ Սարգսյանի հարցաքննության փաստը:

– Դա փաստաբանների և իրավապահ մարմինների խնդիր է, չեմ ուզում դրա մեջ մտնել:

– Ինչո՞ւ անցած 10 տարիներին նման հարցաքննություն չեղավ, Սերժ Սարգսյանին չհրավիրեցին, և եղավ հիմա:

– Անցած 10 տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանին էլ չեն հրավիրել հարցաքննության, նույն տրամաբանությամբ: Որովհետև դա իրավապահ մարմինների խնդիրն է, և անցած 10 տարիների ընթացքում, կարծում եմ, ամբողջական Մարտի 1-ի գործը քննարկվել է և արվել է: Ես ամբողջությամբ չեմ տիրապետում բոլոր մանրամասներին: Մի բան կարող եմ ասել, այն ժամանակ էլ ասել եմ. 2008 թ. մարտյան իրադարձությունների ողջ քաղաքական պատասխանատվությունը կրում է առաջին նախագահի թիմը:

– Բացառո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանին կարող է նաև մեղադրանք առաջադրվել:

– Ես դա կհամարեմ որպես քաղաքական հետապնդում և կհամարեմ քաղաքական անհեթեթություն, բայց այսօրվա նիկոլական Հայաստանում ոչինչ բացառված չէ: 

Արմինե Ավետյան 

 

← Վերադառնալ ցուցակին