Հարցազրույցներ

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

09.07.2013

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 9-ին հանդիպեց Չինաստանի Արդի միջազգային հարաբերությունների ակադեմիայի Ռուսաստանի ինստիտուտի տնօրեն Ֆէն Յույցզյունի գլխավորած պատվիրակության հետ:

Ֆէն Յույցզյունի գնահատմամբ՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական կապերը հասել են բարձր մակարդակի: Ըստ հյուրի՝ դրա մասին վկայում են առեւտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ հումանիտար ոլորտներում վերջին տարիներին գրանցված հաջողությունները: Զրուցակիցներն անհրաժեշտ համարեցին տարբեր բնագավառներում էլ ավելի զարգացնելու` երկու երկրների ունեցած մեծ ներուժն ու հնարավորությունները:

Հյուրերի խնդրանքով Արտակ Զաքարյանը ներկայացրեց Ազգային ժողովի եւ մշտական հանձնաժողովների գործառույթները, անդրադարձավ խորհրդարանական դիվանագիտության առանձնահատկություններին ու այդ ասպարեզում կատարվող քայլերին, խոսեց Հայաստանի վարած բազմաբեւեռ ու հավասարակշռված արտաքին քաղաքականությունից: Ինստիտուտի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերը վերաբերվում էին նաեւ տարածաշրջանին, մերձավոր-արեւելյան զարգացումներին, դրանցում հայկական համայնքների հետ կապված խնդիրներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրին եւ խաղաղ զարգացման հնարավորություններին: Քննարկվեցին ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին