Հարցազրույցներ

«Մեզ կհաջողվի ստանալ մեծամասնություն, բայց առավել կարևոր է, որ մենք անցկացնենք նոր որակի ընտրություններ»

04.05.2012

Հարցազրույց ՀՀԿ կենտրոնական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ


Այսօր քարոզարշավն ավարտվում է, ինչպե՞ս կգնահատեք այն:
Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ միանգամայն նորմալ, այն ընթացավ քաղաքական պայքարին բնորոշ բոլոր էլեմենտներով:
Պարոն Աբրահամյան, այս ընթացքում, ձեր գործունեությունը այնքան էլ հրապարակային չէր: Ինչո՞վ է դա պայմանավորված:
Դա իմ ոճը չէ, անել ինչ-որ բան, որ ինձ տեսնեն: Ինձ համար կարևորը գործի արդյունքն է, ոչ թե երևալ կամ չերևալը: Այդ հիվանդությամբ այլոք են տառապում: Մեր կատարած աշխատանքի արդյունքը կերևա մայիսի 7-ին:
Ամփոփելով այս ընթացքում բազմաթիվ հրապարակումներում հնչած կարծիքները, տեսակետները և փոխադարձ մեղադրանքները. հնարավոր համարո՞ւմ եք Ժառանգություն-ՀՀԿ կամ ՀԱԿ-ԲՀԿ կոալիցիան:
Թեև քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, սակայն առկա քաղաքական իրավիճակը իմ գնահատմամբ նման զարգացումների հիմքեր չի տալիս: /դա որոշ քաղաքական ուժերի ցանկությունն էր, որն, ավաղ, իրականություն չի դառնա/ Ինչ վերաբերում է ձեր մատնանշած տարաբնույթ տենդենցները ասպարեզ նետելուն, ապա պարզ է, որ գոյություն ունի ընդդիմադիր ընտրազանգված և որոշ քաղաքական ուժեր փորձում են այդ զանգվածը տանել իրենց կողմ մյուս ուժերին իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներ ներկայացնելով: Մենք այս առումով բացառություն չենք, տարբեր երկրներում ընտրական գործընթացներում նման տեխնոլոգիաներ հաճախ են կիրառվում:
Համամի՞տ եք, այն մտքին , որ այս ընտրություններում հիմնական խաղացողները կամ պայքարողները լինելու են ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն:
Ակնհայտ է, որ հիմնական պայքարը ընթանալու է առաջին տեղի և երկրորդ տեղի հավակնորդների միջև: ՀՀԿ-ն պայքարում է, որ պահպանի իր առաջին տեղը, ԲՀԿ-ն պայքարում է, որ պահպանի իր երկրորդ տեղը:
Ո՞ր քաղաքական ուժն է ըստ Ձեզ հավակնում ստանձնել քաղաքական պայքարի առաջատարի դերը:
Քաղաքական գործընթացներին քիչ թե շատ հետևող քաղաքացու համար ակնհայտ է, որ առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է:
Քաղաքական ո՞ր ուժերին եք տեսնում ապագա խորհրդարանում
Այն ուժերին, որոնք կհաղթահարեն օրենքով նախատեսված նվազագույն շեմը, այսինքն կունենան ժողովրդի վստահության բավարար չափաբաժին:
Ինչ եք կարծում որքա՞ն կլինեն ՀՀԿ-ի քվեները:
Վստահ եմ մեզ կհաջողվի ստանալ մեծամասնություն, բայց առավել կարևոր է, որ մենք անցկացնենք նոր որակի ընտրություններ:
Պարոն Աբրահամյան, չեք ափսոսում, որ ընտրություններից հինգ ամիս առաջ հրաժարվեցիք ԱԺ նախագահի պաշտոնից:
Սա առաջին անգամը չէ, երբ ես ղեկավարում եմ նախընտրական շտաբ: Լավ պատկերացնելով աշխատանքի ծավալը և պատասխանատվությունը` ես գիտակցված որոշում կայացրեցի հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից և իմ որոշումը ակնհայտ ճիշտ էր ապագայի համար:
Հնարավո՞ր է նորից զբաղեցնեք ԱԺ նախագահի պաշտոնը:
Չեմ բացառում ոչինչ: Դա կախված է ընտրության արդյունքներից և կուսակցության որոշումից:
ՀՀԿ-ի կարգախոսի տեսանկյունից ինչին եք հավատում և ինչ եք փոխել:
Դուք չէիք հավատում, որ ես կլինեմ ՀՀԿ կենտրոնական շտաբի պետը, չէիք հավատում, որ կլինեմ համամասնական ցուցակի երկրորդ տեղում. Իսկ ես հավատում էի, ուրեմն հավատանք, որ փոխենք: 

← Վերադառնալ ցուցակին