Հարցազրույցներ

ՀՀԿ գաղափարախոսությունը` անհաջող քննադատության թիրախ

18.10.2011

Մուշեղ Լալայան
ՀՀԿ նախագահի գաղափարախոսական հարցերով տեղակալ

Հայ ազգային կոնգրեսի 2010թ. նոյեմբերի 9-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադարձել էր ՀՀԿ գաղափարախոսությանը /իր բնորոշումով` «ցեղապաշտական կամ ցեղակրոնական»/ և «ի գիտություն անտեղյակների» նշել, որ «ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը»:
Այս հարցերի պարզաբանմամբ մենք «Ազգ» օրաթերթում /11 նոյ. 2010թ./ հանդես էինք եկել ընդարձակ հարցազրույցով:
Կոնգրեսի այս տարվա հոկտեմբերի 6-ի հանրահավաքին Տեր-Պետրոսյանը վերստին անդրադարձել է ՀՀԿ գաղափարախոսությանը, այս համատեքստում` Գարեգին Նժդեհի անձին և ուսմունքին` վերջինս որակելով իբրև «ժամանակավոր մոլորություն»:
Սույն հոդվածը մեր արձագանքն է նրա վերոնշյալ ելույթին: Անտեղյակների համար մի շարք մտքեր, որ արտացոլված են մեր նախորդ տարվա հարցազրույցում, մենք հարկադրաբար կրկնել ենք` հայցելով տեղեկացվածների ներողամտությունը:


«Միայն թուրքամետ, պարտվողական ու պատմագիտության ասպարեզում
տգետ հայը կարող է պարսավել Ցեղակրոն շարժումը»:
Գ. Նժդեհ, «Ինչո՞ւ ստեղծվեց ցեղակրոն շարժումը»
Հայկական ՍՍՀ ՊԱՆ ներքին բանտ, 1948թ
.


Նախ, որքանո՞վ է ճիշտ` ՀՀԿ գաղափարախոսությունը որակել իբրև «ցեղապաշտական կամ ցեղակրոնական»:

ՀՀԿ գաղափարախոսությունը միանշանակորեն պետք է բնորոշել իբրև ազգային պահպանողական, ինչն ամրագրված է կուսակցության Ծրագրում:
Ցեղապաշտության և /ոչ թե կամ/ Ցեղակրոնության հետ կապված պարզաբանեմ: ՀՀԿ գաղափարախոսության հիմքում էական տեղ ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը, որն ավելի լայն է և ընդգրկուն, քան զուտ Ցեղակրոնության տեսությունը. վերջինս Նժդեհի ուսմունքի հիմնաքարերից է, նրա մասը, բայց չի նույնանում ամբողջ ուսմունքի հետ: Իսկ ցեղապաշտությունը - պաշտամունքը ցեղի/ազգի որակների, արժեքների, սրբությունների - Ցեղակրոնության ընդամենը տարրերից է, և այդ տեսությունը կառուցված է հետևյալ տրամաբանական հաջորդականությամբ. «Ես ճանաչում եմ իմ ցեղը, ես հավատում եմ իմ ցեղին, ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրոն եմ»:
Գիտնականի համարում ունեցող մեկը պարտավոր է այս ամենը տարբերակել կամ խոսել իմացած բաներից:


Իսկ որքանո՞վ է ճիշտ Ցեղակրոնությունն իբրև ռասիզմ որակելը:
Եթե մեկ նախադասությամբ բնորոշենք` Ցեղակրոնությունն, առաջին հերթին, Հայ ծնված լինելու գիտակցումն ու հպարտությունն է, այդ ծնունդին անմնացորդ նվիրվելու և ցմահ հավատարիմ մնալու ուխտը:
Այժմ գանք որակումներին: Խնդիրն այստեղ ոչ այնքան գիտական հարթությունում է, որքան` հոգեբանական-բարոյական: Մեզանում, դժբախտաբար, դեռևս շատերն են համակված ազգային անլիարժեքության բարդույթով, որով և` պարտվողական հոգեբանությամբ: Պետք է ասել, որ ի ցավ հայ ժողովրդի` մեր նորանկախ պետության առաջին նախագահը նույնպես տառապում է այս բարդույթով:
Իսկ փորձել Ցեղակրոնությունը արհեստականորեն կապել օտար ցեղապաշտական ուսմունքների հետ` համապատասխան կեղծ որակումներով, նոր երևույթ չէ, ինչին Նժդեհը ժամանակին պատասխանել է. «Գերազանցորեն հայկական է Ցեղակրոնության գաղափարը, այն կաղապարված է մեր ցեղի էության վրա… Ցեղակրոն շարժումը ոչ մի ընդհանուր բան չունի և չէր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի այն, նախ և առաջ, բարեփոխիչ շարժում-վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփական, այլ ոչ փոխառնված արժեքներով»:
Ի դեպ, ազգայինի հանդեպ քամահրանքը, ազգային արժեհամակարգը միտումնավոր պիտակավորելը` Տեր-Պետրոսյանի պարագայում արդեն սովորույթ է: Հիշենք թեկուզ, թե ինչպիսի ջանասիրությամբ նա տարիներ առաջ փորձում էր համոզել, որ ազգային գաղափարախոսությունը «կեղծ կատեգորիա է»:
Այժմ անդրադառնանք հոկտեմբերի 6-ի հանրահավաքին Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած որոշ մտքերի:
Նա ասում է, թե գնահատում է Նժդեհի մեծագործությունը, բայց` ոչ ուսմունքը: Տարօրինակ մոտեցում է: Թերևս, դա նույնն է, որ մարդ արժևորի Քրիստոսի գործը, հերոսացումը, բայց մերժի նրա ուսմունքը` Քրիստոնեությունը:
Տեր-Պետրոսյանը սարսափում է այն մտքից, թե մարդիկ կճանաչեն Նժդեհի ուսմունքը /«Աստված չտա իմանան». ասում է նա/: Բայց, թերևս, պետք է հասկանա, որ հավիտենարժեք գաղափարներն իրենց ճանապարհը հարթում են` անկախ մահկանացուների կամքից. այստեղ գործում է Աստծո կամքը: Ժամանակին «թաղված» Նժդեհի ուսմունքը մեր օրերում «հարություն» առավ հենց այս օրինաչափությամբ, ընդ որում` անկախ ազգային գաղափարախոսությունը մերժողների կամքից:
Նա նենգորեն խորամանկում է, երբ խոսելով ռասիզմի, իտալական ֆաշիզմի կամ գերմանական նացիզմի մասին /դրանք միտումնավոր կամ անտեղյակորեն նույնացնելով/, իբրև թե կատարելով ընդհանրացում` դրանց բնորոշ բոլոր տարրերը /ռասայական բացառիկություն, հակասեմիտիզմ, գերմարդու իդեալ և այլն/ վերագրում է Նժդեհի ուսմունքին: Հարց տանք Տեր-Պետրոսյանին. ե՞րբ է Նժդեհը ռասայական բացառիկության քարոզ տարել կամ հրեաների հասցեին բացասաբար արտահայտվել /դրականորեն` բազմիցս/. կամ ի՞նչ ընդհանրություն կա նիցշեական գերմարդու և նժդեհյան ցեղամարդու միջև:
Նա խեղաթյուրում է փաստերը, երբ, օրինակ, ասում է, թե Նժդեհի հրապարակախոսությունում «ցեղակրոնություն» բառն ի հայտ է եկել 1927թ.-ից. այնինչ, Նժդեհն այս բառն` իբրև եզր ու տեսության անվանում առաջին անգամ գործածել է 1932թ.-ին` «Ցեղակրոնությունն իբրև հաղթանակի զորույթ» հոդվածում: Կամ որ ասում է, թե իբր հետագայում Նժդեհը հրաժարվել է Ցեղակրոնությունից. որտե՞ղ է նման փաստի հանդիպել: Կամ էլ ասում է` «ցեղակրոնություն» բառը «ռասիզմ» բառի հայերեն համարժեքն է, որը կա բոլոր բառարաններում. ո՞ր բառարաններում /ի դեպ, «ցեղակրոնություն» բառի հեղինակը Նժդեհն է, իսկ «ռասիզմ» բառին, արդի ընկալումներով, թերևս, առավել համարժեք է «ցեղամոլություն»-ը/:
Պետք է կարծել, որ Տեր-Պետրոսյանի այսօրինակ բովանդակությամբ ելույթները առավելապես ուղղված են արտաքին լսարանին, հաշվի առնելով ինչպես քաղաքական շեշտադրումները /օրինակ, որ ՀՀ իշխող կուսակցությունը իր գաղափարախոսությամբ և գործով ֆաշիստական կուսակցություն է/, այնպես էլ ընտրված պահը /հատկապես օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների` Հայաստան այցելության հետ ժամանակային համընկնումը/:
Բայց հանգիստ թողնենք Տեր-Պետրոսյանին և խոսենք ՀՀԿ գաղափարախոսության որոշ առաջնահերթությունների մասին. անշուշտ, հիմնականում` իրեն հետաքրքրող մասով:


Ազգային գաղափարախոսության մասին


Յուրաքանչյուր կենսունակ` իր առաքելության գիտակցումն ունեցող ազգ, ելնելով սեփական աշխարհընկալումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր հարատևման ռազմավարությունը, որոնց տեսաբանված ամբողջությունը հանդես է գալիս իբրև տվյալ ազգի գաղափարախոսություն: Այն նրա համար դառնում է մի տեսակ Ավետարան, որով նա առաջնորդվում է իր գոյության ընթացքում: Առանց այդ գաղափարախոսության` որևէ ազգ կենսունակ չէ ազգերի գոյության պայքարում: Առանց դրա, նա դառնում է պատեհապաշտ` գործելակերպի մեջ անսկզբունք, նպատակի և անելիքի մեջ չկողմնորոշվող և, հաճախ, իբրև դեպքերի խաղալիք, դուրս է մնում պատմության ասպարեզից. վկա` ազգերի գոյապայքարը: Այդ է ցույց տալիս նաև մեր պատմությունը, որի արյունոտ ու արցունքոտ էջերից շատերը արդյունք են սեփական գաղափարախոսության բացակայության և օտար արժեքների, ուսմունքների ազդեցության:
Մեր կարծիքով, Ազգային գաղափարախոսությունը` իբրև ազգային գաղափարների համակարգ, իբրև Ազգի առաքելության իմաստաբանություն, գոյություն ունի ի սկզբանե, Ազգի ծնունդի հետ, և խնդիրը ո՛չ թե այն ստեղծելը, այլ` ճանաչելը, հայտնագործելն է:
Այդուհանդերձ, Ազգային գաղափարախոսությունը մեկ ամբողջական փաստաթուղթ չէ և ներառում է գաղափարական մի շարք համակարգեր, որոնք թեև ժամանակների ու շոշափվող հարթությունների առումով տարբեր են, բայց էաբանորեն նույնն են: Հայկական գաղափարախոսության մեջ առկա են և՛ Այբուբենը, և՛ Էպոսը, և՛ հայոց Աստվածաճանաչողությունը, և՛ Ցեղակրոնությունը, և՛ Տարոնականությունը... և՛ ապագայում ստեղծվելիք արժեքավորը, որոնք ունենալով իրենց ուրույն տեղը գաղափարախոսության մեջ` ամբողջացնում են այն:
Թերահավատների համար ասենք, որ անպայմանորեն կան ընդհանրական գաղափարներ և արժեքներ /Հայրենիք, Անկախություն, Լեզու, Մշակույթ և այլն/ բոլոր այն հայորդիների համար, որոնք շատ թե քիչ պարտավորվածություն են զգում Ազգի և Հայրենիքի հանդեպ: Իսկ Ազգային գաղափարախոսությունը, մեկ այլ ձևակերպմամբ, այդ ընդհանրական` Ազգի անդամներին իրար հոգեպես կամ գիտակցորեն կապող, շաղկապող գաղափարների ու արժեքների համակարգն է:


Ինչպե՞ս է ՀՀԿ գաղափարախոսությունը համադրում ազգայինը և համամարդկայինը


Բնության բազմազանությունը, տեսակավորումը գոյություն ունեն ի սկզբանե: Ինքնին վերացական մարդկություն գոյություն չունի. մարդկությունը կազմում են ազգերը, և ամեն մարդ իր ազգությամբ մտնում է ընդհանուր մարդկության մեջ: Յուրաքանչյուր ազգ իր հոգեկերտվածքով ինքնատիպ է և անկրկնելի: Մարդկությունը հարուստ է ազգերով, և որևէ ազգի կորստով այն աղքատանում է` կորցնելով զգալու, մտածելու և արտահայտվելու մի յուրահատուկ բնական ձև, մի առանձին հոգեաշխարհ: Հետևաբար, այն, ինչ ուղղված է ազգայինի դեմ, ուղղված է մարդկության դեմ:
Անշուշտ, ազգային ինքնատիպությունը չի ենթադրում աշխարհից մեկուսացում կամ ազգային եսականություն: Ազգերը, բացի առանձնահատկություններից, ունեն նաև ընդհանրական հատկանիշներ: Դրանք ակնառու են Աստծո հետ հարաբերությունները ճշտելիս /պատահական չի ասված, թե բոլոր ճշմարիտ կրոնները տանում են դեպի միևնույն Աստված/, ինչպես նաև` հասարակարգերի, տնտեսաձևերի և գիտության հանդեպ մոտեցումներում: Սակայն այս բոլորն էլ իրենց վրա այս կամ այն չափով կրում են տվյալ ազգի կնիքը: Ըստ այդմ, յուրաքանչյուր ազգ ունի ի՛ր քրիստոնեությունը կամ ի՛ր սոցիալիզմը, կարելի է ավելացնել նաև` իրե՛ն հատուկ լիբերալիզմը, ի՛ր ընկալումներին համապատասխան դեմոկրատիան ևն:
Այսպիսով, թեև բոլոր ազգերը` իբրև Արարչի ծնունդ, Հավերժի և Բացարձակի հարթության մեջ մերձենում են, սակայն յուրաքանչյուրն ունի դեպի Արարիչ տանող ի՛ր ճանապարհը, իսկ ավելի ստույգ` իրե՛ն տրված ճանապարհը: Սա՛ է ազգերի ներդաշնակ գոյակցության բնական-արարչական կարգը: Դա ասել է նաև, թե յուրաքանչյուր ազգային միայն կատարելության ճանապարհով է դառնում համամարդկային:
Ազգերի մշակութային մերձեցում /բայց ո՛չ ձուլում/, գիտատեխնիկական, տնտեսական միավորում /և ո՛չ մեկուսացում/, այսինքն` հոգևոր-մշակութային ինքնատիպություն և քաղաքակրթական ընդհանրություն. այսպես ենք մենք հասկանում աշխարհի բնական կարգը, այսպիսին է ազգայինի և համամարդկայինի մեր ընկալումը:


Պահպանողականության վերաբերյալ


Ընդհանրապես, «պահպանողականություն» ասել է մարդկության /ավելի շուտ` նրա ընտրանու/ կողմից դրականորեն գնահատված և պատմականորեն արդարացված հիմնարար արժեքների, բարոյական նորմերի պահպանում: Միաժամանակ, պետք է ասել, որ պահպանողականությունը ո՛չ թե առհասարակ հնի, այլ` հավերժի հաստատումն է: Այն ո՛չ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն է. այն արժեքավորի, որ ստեղծվել է անցյալում և ստեղծվելու է ապագայում: Այս առումով, պահպանողականությունը ո՛չ միայն անցյալապաշտություն չէ, այլև` ապագայատենչ է, քանզի հավատում է պատմության անխզելիությանը, ժամանակների կապին, որով` հավիտենական արժեքների անդադար արարմանը: Ու թեև ժամանակակից աշխարհում չկա պահպանողականության միասնական ընկալում և կան պահպանողական տարբեր հոսանքներ, այդուհանդերձ, կան առանցքային հասկացություններ, ընդհանրական սկզբունքներ, դրույթներ, որ բնորոշ են «պահպանողականություն» երևույթին առհասարակ: Ըստ այդմ, պահպանողական աշխարհընկալմանը բնորոշ են`
Հավատն առ Աստված ու նրա պատվիրանները: Նախապատվություն տալը մնայունին, հավիտենականին /հայրենիք, ընտանիք և այլն/ ` ի հաշիվ անցողիկի, ժամանակավորի /պետության կառավարման այս կամ այն ձևը, հասարակության կազմակերպման որոշ մոդել և այլն/:
Մտածելակերպի կոնկրետությունը` համեմատ վերացականությունների. Վերացական մտային կառուցվածքները, կատարյալ թվացող տեսական սխեմաները խորթ են պահպանողականությանը:
Ավանդական /ազգային, կրոնական/ արժեքների հանդեպ նախանձախնդրությունը: Ապադասակարգային բնույթը։
Հատկանշական է դասական պահպանողականության այն հիմնարար մոտեցումը, թե հասարակության բարելավումը պետք է իրականացվի մասնակի և փուլային բարեփոխումների ճանապարհով, և ցանկացած բարեփոխում պետք է համապատասխանի հասարակության ավանդական արժեհամակարգին: Ըստ այդմ, պահպանողականությունը սկզբունքորեն մերժում է հեղափոխականությունը, քանզի այն խախտում է հասարակական կյանքի բնականոն զարգացման ընթացքը: Պահպանողականության խնդիրն է` բարեփոխումների միջոցով կանխել հեղափոխական իրավիճակները:
Պահպանողական արժեհամակարգում առանցքային տեղ ունեն հետևյալ հիմնական հասկացությունները.
Ավանդական ընտանիք: Պահպանողականները բացասական վերաբերմունք ունեն պաշտոնապես չգրանցված զույգերի, միասեռական զույգերի, մանավանդ վերջիններիս պաշտոնապես գրանցելու և երեխաներ որդեգրելու իրավունքի նկատմամբ: Պահպանողականությունն ընդունում և արժևորում է միայն «դասական» ընտանիքը:
Կրոնական կյանք: Պահպանողականները ընդունում են տվյալ հասարակության մեջ ավանդավորված կրոնական կյանքի նորմերը և սովորույթները` դրանց հետևելը համարելով առողջ քաղաքական ու հասարակական կյանքի կարևոր նախապայման: Նրանք բացասական վերաբերմունք ունեն տարբեր տեսակի աղանդների նկատմամբ:
Բարոյական նորմերի հաստատուն համակարգ: Պահպանողականները հավատում են, որ գոյություն ունի Աստծո կողմից մարդուն տրված բարոյական նորմերի հաստատուն համակարգ, որին հետևելը ինչպես անհատի, այնպես էլ հասարակության սրբազան պարտքն է, և որից շեղվելու դեպքում` խախտվում է աշխարհի ներդաշնակ կարգը:
Պահպանողականության հիմնարար արժեքներից են նաև մասնավոր սեփականությունը և տնտեսական ազատականությունը:


Իսկ որքանո՞վ է մեր հասարակության համար ընկալելի պահպանողական գաղափարախոսության արժեհամակարգը։
Ընդհանրապես, հայ հասարակությունը և՛ պահպանողական է, և՛ անընդհատ նորին ձգտող: Նա հետամուտ է թե՛ իր բուն արժեքների պահպանմանը, թե՛ արդիականացումից ետ չմնալուն, նորը յուրացնելուն:
Սակայն, համաշխարհայնացման /գլոբալացման/ արդի գործընթացները լուրջ մարտահրավեր են ազգային ինքնությանը և պետական ինքնիշխանությանը: Միաժամանակ, այսօր աշխարհում, լիբերալ-դեմոկրատական համակարգի ճգնաժամի և սոցիալիստական գաղափարների վարկաբեկման պայմաններում, զգալի վերելք է ապրում պահպանողականությունը:
Այս իմաստով, պահպանողականությունը գաղափարախոսական հուսալի զենք է ինչպես մեր հոգևոր-մշակութային ինքնատիպությունը պահպանելու, այնպես էլ` համաշխարհային զարգացումներից ետ չմնալու առումով: Ըստ այդմ, մեր հասարակության տարբեր շերտերին, համապատասխան քարոզչության դեպքում, այն ընկալելի է:
Հ.Գ. - Տեր-Պետրոսյանը Նժդեհի ուսմունքը համարում է «մոլորություն», թեպետև` ժամանակավոր: Մենք իրեն բնորոշում ենք որպես «մոլորեցնող», բայց արդեն ժամանակավրեպ:
Եվ վերջում: Տեր-Պետրոսյանը մեզ խորհուրդ է տալիս ՀՀԿ Ծրագրից հանել Նժդեհի ուսմունքը: Վատ խորհուրդ է: Մենք իրեն ավելի լավ բան կառաջարկեինք. Նժդեհի ուսմունքի շուրջ առավել փաստարկված խոսելու համար` կարդալ մեր հեղինակած «Ցեղակրոն և Տարոնական շարժումները» ուսումնասիրությունը /Երևան, 2011թ./: 

← Վերադառնալ ցուցակին