ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը 2013թ. նախագահական ընտրություններին
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն 22 տարի է՝ մենք ապրում ենք ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությունում: Հաշվի առնելով պատմության դասերը՝ ինքներս ենք կերտում մեր ներկան՝ նախանշելով ապագայի մեր ուղին: Անկախության մեր անցած ճանապարհը դյուրին չի եղել. այն կոփել է մեզ, դարձրել ավելի ամուր ու ավելի փորձառու:
Անշուշտ, այլևս անընդունելի է բացթողումներն ու երկրի հիմնահարցերն անցյալից ժառանգած արատավոր երևույթներով և մեր պետության երիտասարդ տարիքով պայմանավորելը: Հայկական պետությունն արդեն թևակոխել է հասունության փուլ, իսկ առկա լուրջ խնդիրներն օր առաջ գրագետ և հստակ լուծումներ են պահանջում: Նախորդ 5 տարիների ընթացքում մենք բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերների ենք դիմակայել, հաստատակամ առաջ ենք շարժվել, հավատացել ու փոխում ենք՝ ջանք չխնայելով կառուցելու ավելի բարվոք Հայաստան՝ բոլորի և յուրաքանչյուրի համար:
Կասկածից վեր է, որ ամեն հայի սիրտ ցավում է Հայաստանի համար: Յուրաքանչյուր քաղաքացի սիրում է իր երկիրը և վստահաբար պատրաստ է աջակցել նրա շենացմանը նպաստող բոլոր լավ նախաձեռնություններին: Իշխանությունները մեզանում քննադատվել են մշտապես, ու քննադատությունը շարունակվելու է: Եվ դա բնական է: Ակնհայտ է, որ քննադատությունն իրականում պայմանավորված է ավելի լավ, ավելի շեն Հայաստան տեսնելու ցանկությամբ՝ հիմքում ունենալով սերն առ Հայրենիք:
Յուրաքանչյուրիս երազած Հայաստանը կարող է տարբեր լինել. մեկիս համար գլխավորը զավակների ապահով մանկությունն ու ծնողների արժանապատիվ ծերությունն է, մյուսի համար՝ ապահով սահմաններն ու դրանց անառիկությունն ապահովող զինվորի անվտանգությունը, երրորդի համար՝ իրավահավասարությունն ու սոցիալական արդարությունը, արդար տնտեսական համակարգը և աշխատանքի ու արժանապատիվ վաստակի հնարավորությունը: Մեկ բան, սակայն, պարզ է՝ մենք բոլորս երազում ենք ապրել շատ ավելի լավ Հայաստանում: Մեր նպատակն է ունենալ ապահով Հայրենիք, որի կայունության, անվտանգության և զարգացման կարևորագույն հենքը ապահովված ընտանիքն է:
Աշխարհն արագ է փոփոխվում և լի է տարաբնույթ մարտահրավերներով՝ արյունալի ներքին բախումներով, եղբայրասպան ու ազգամիջյան հակամարտություններով, միջազգային ահաբեկչական խմբերի սպառնալիքներով և այլն: Մեր տարածաշրջանը ևս զերծ չէ այս սպառնալիքներից ու մարտահրավերներից: Ուստի, մենք իրավունք չունենք հապաղելու և հետ մնալու խաղաղությանն ու կայունությանը միտված համաշխարհային զարգացումներից:
Մեզ անհրաժեշտ է ունենալ առողջ և հեռուն տանող նպատակադրում, որը թույլ կտա դիմակայել արդի մարտահրավերներին ու շարժվել առաջ՝ ապահովելով արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, ընտանիքի համար: Նման նպատակադրումն է ամրապնդում մեր այն համոզմունքը, որ մեր երկիրը լինելու է մրցունակ՝ օժտված հայակենտրոն ձգողականությամբ: Միասին մենք կարողանալու ենք կայացնել Հայրենիք, որը մրցունակ կլինի նաև իր քաղաքացիներին բավարար բարեկեցություն ապահովելու հարցում, անիմաստ կդարձնի օտար ափերում վաստակելու որևէ ցանկություն և արժանապատվորեն կկանչի իր զավակներին՝ վերադարձե՛ք ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ: Մեզ միավորում է այն գաղափարը, որ Հայաստանը կարող է լինել շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ և շատ ավելի բարեկեցիկ: Այլընտրանք չունենք, ուղղակի պետք է շարունակենք կառուցել այդ Հայաստանը:
Մենք պետականաշինության ճանապարհի կարևորագույն հատված ենք անցել, շատ քայլեր արդեն իսկ արված են: Անկախության 22 տարիների ընթացքում կարողացել ենք լրջագույն հաջողություններ արձանագրել, որոնք հնարավորություն են ընձեռում ընթանալու զարգացման անշրջելի ճանապարհով:
Այսօր ունենք կայացած և մարտունակ բանակ, որն ապահովում է մեր Հայրենիքի անվտանգությունը, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման բավական հասուն ինստիտուտներ, վերելք ապրող քաղաքացիական հասարակություն և մամուլ, որն իր ազատության աստիճանով առաջ է շատ ու շատ երկրներից, այդ թվում նաև ավելի զարգացած և ժողովրդավարության ավելի երկար պատմություն ունեցող երկրներից: Հազարամյակների փորձություն անցած ամուր հայ ընտանիքը մեր կարևորագույն արժեքն է: Ապահով Հայրենիք և ապահովված ընտանիքներ՝ սրանք անհրաժեշտ նախադրյալներն են՝ կյանքի կոչելու ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ նպատակադրումը:
Վստահեցնում եմ՝ 2018 թվականին մենք ապրելու ենք շատ ավելի լավ Հայաստանում: Հաստատուն քայլերով ենք գնալու այդ ճանապարհով, ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ տանող ճանապարհով: