Նախագահ
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօր մեկնարկեց ապացույցների հետազոտման փուլը
26.02.2026
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, այսպես կոչված, «Իսակովի հողերի» և «Սիլվայի» միացված գործերով դատաքննությունը:
Նախորդ դատական նիստում հանրային մեղադրողները կարդացին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը:
Արձագանքելով՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց՝ մեկը հարց տվե՞լ է՝ բա ինչո՞ւ բոլոր հողամասերը չենք վաճառել, եթե անձնական շահ ունեինք:
«Ես այդ հողամասերը վաճառելու հնարավորություն տվել եմ միայն Պաշտպանության նախարարության համալիրն ավարտին հասցնելու համար: Ո՛չ դատախազներին, ո՛չ քննիչներին չի հետաքրքրել՝ ինչ պայմաններում է եղել տեղակայված ՊՆ շենքը: Եթե իրենց նեղություն տային, հետաքրքրվեին, կիմանային՝ ինչու եմ ես դա արել»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Այսօրվա դատական նիստի սկզբում պարզվեց՝ դատարան չի ներկայացել հանրային մեղադրողներից մեկը, սակայն կողմերը չառարկեցին, որ նիստը շարորւնակվի, և սկսվեց ապացույցների հետազոտման փուլը: Նախ հետազոտման ենթակա ապացույցները ներկայացրեց հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ «Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- հայտնել էին ՀՀ դատախազությունից:
Նշենք, որ ամիսներ առաջ 4 տարվա դատավարությունից հետո Սերժ Սարգսյանն արդարացվեց մեկ այլ շինծու գործով, որը ստացել էր «Դիզելի գործ» անվանումը:
168.am
