Նախագահ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր թեմաներից
22.10.2025

2026 թվականի ընտրություններ և իմփիչմենթ.
-2026 թվականի ընտրությունների հետ կապված արդեն մեկ տասնյակից ավելի կուսակցություններ կամ, չգիտեմ, դաշինքներ ցանկություն են հայտնել մասնակցելու ընտրություններին։ Դուք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, դեռևս որոշում չունեք։ Արդյո՞ք վերանայել եք ձեր որոշումը։ Կարո՞ղ եք պատասխանել այդ հարցին՝ մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ։
-Ոչ, մենք մեր որոշումը չենք վերանայել։ Մենք այսօր նախապատվությունը տալիս ենք իմփիչմենթին և կարծում ենք՝ բոլորդ էլ տեսնում եք, որ խորհրդարանական ընդդիմության իրական կոնսոլիդացիան շատ լավ հնարավորություններ է բացում իմփիչմենթի հետագա իրականացման գործում։
Ես, ընդհանրապես, շատ զարմացած եմ այն մարդկանց վրա, հատկապես այն քաղաքական ուժերի, ովքեր փորձում են իմփիչմենթը հակադրել ընտրություններին։ Բայց ինչպե՞ս կարելի է հակադրել։ Դրանք երկուսն էլ Սահմանադրական դրույթներ են։ Այսպես թե այնպես ընտրությունները կայանալու են, և Սահմանադրությունը հստակ ընդգծում է, որ իմփիչմենթը ճգնաժամային լուծման գործիք է:
Եթե մարդիկ կարծում են, որ այսօր Հայաստանում ճգնաժամ չկա, մենք այդպես չենք կարծում, և մենք համարում ենք, որ օր առաջ սրանց իշխանությունից հեռացնելը միայն ու միայն Հայաստանին օգուտ է։ Այնպես որ, կգա ժամանակը, մենք մեր կարծիքը կհայտնենք։
-Մտավախություն չունե՞ք, որ 2021 թվականի սցենարը կարող է կրկնվել՝ այսքան ուժերով կրկին ընտրության գնալով և նույն, այսպես ասած, չակերտավոր արդյունք ունենալով։
-Բոլոր պրոցեսներում լինում են և՛ լավ իրավիճակներ, և՛ վատ իրավիճակներ։ Եթե ես մտավախություններ չունենայի, այդքան լուրջ չէի զբաղվի իմփիչմենթի գործընթացով։
Օր առաջ այս իշխանություններին իշխանությունից հեռացնելը Հայաստանի համար միայն դրական արդյունքներ կարող է ունենալ։
Ես այսօր չեմ կարող ասել, որ ընտրություններում ընդդիմությունը անհաջողության է մատնվելու, բայց չեմ կարող ասել նաև, որ այս ընդդիմությունը լինելու է առանց բռնաճնշումների, ընտրությունները՝ առանց քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու, առանց «մուրճի»։ Կներեք բառիս համար՝ առանց սրան-նրան «շինելու»։ Այնպես որ, սա է իրավիճակը։