Նախագահ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր թեմաներից

22.10.2025

 

 
Եկեղեցու շուրջ զարգացումները և ՍերժՍարգսյանի դիրքորոշումը.
-Պարո´ն նախագահ, Ձեր կարծիքով եկեղեցու շուրջ սկսված այս զարգացումները ի՞նչ վտանգավոր հետևանքներով են հղի, որովհետև այդ սև ու սպիտակը կարծես թե նաև Առաքելական եկեղեցու մեջ գցեցին իշխանությունները։
-Գիտեք, այս ռեժիմի ներկայացուցիչները չունեն ո՛չ սրբություն, ո՛չ բարոյականություն և ո՛չ էլ արժանապատվություն։ Եկեղեցու դեմ արշավ կարող է ձեռնարկել մարդ, ով ունի հոգեկան խնդիրներ, կամ լցված է ամբողջովին չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարությունները։
Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետին, ապա ես վստահ եմ, որ նա հաստատակամ է և ցանկացած պարագայում բարեխղճորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները։ Բայց բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն։ Այնպես որ՝ համբերությամբ սպասենք։
-Պարո´ն Սարգսյան, կիրակի օրը պատարագ է լինելու՝ կարգալույծ եղած տեր Արամն է հայտարարել, Փաշինյանն էլ մասնակցելու է կիրակի օրվա Սուրբ պատարագին։ Դուք, Ձեր թիմից գնալո՞ւ եք Հովհաննավանք՝ պաշտպանելու եկեղեցին և ինչպե՞ս եք եկեղեցին պաշտպանելու այդ պրոցեսը պատկերացնում։
- Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր քաղաքական ուժն ամբողջովին կանգնած է Վեհափառ Հայրապետի, մեր եկեղեցու կողքին, և մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհափառ Հայրապետի հորդորով։ Հենց Վեհափառ Հայրապետը կես բառ ասի՝ ցանկացած եկեղեցում, Հայաստանի ցանկացած կետում, մենք պատրաստ ենք այնտեղ կանգնելու։

← Վերադառնալ ցուցակին