Նախագահ

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում /մաս 3-րդ/

14.04.2025

 Ոմանք հիմա էլ 2018-ի իշխանազավթման մասին մի քանի տարի առաջ ասածս են քննարկում, թե՝ ես չեմ պարտվել սրանց, այլ պարտվել եմ  շատ ավելի մեծ ուժերի։ Ուզում են հասկանալ և իբրև թե  ոչ մի կերպ չեն հասկանում՝ այդ ի՞նչ ուժերի եմ պարտվել: Ցավով պետք է նշեմ, որ այն ամենից հետո ինչ բոլորիս աչքի առաջ կատարվում է մեր երկրում և այն արհավիրքը, որը տեղի ունեցավ  Արցախի հետ,  այդպես էլ չբացեց նրանց աչքերն ու միտքը, որպեսզի վերջապես գիտակցեն, որ այդ պայքարում պարտվեցինք ոչ  միայն ես  և մեր քաղաքական թիմը, այլ վերջնարդյունքում պարտվեցինք ազգովի:

 
Պարտվեցինք մեր տարածաշրջանում իրենց հաշվարկներն ու ծրագրերն ունեցող և ամեն կերպ դրանց իրագործմանը ձգտող ուժերին: Նրանց, ում ձեռնտու չէր այն կարմիր գիծը, որ մենք գծել էինք մեր ազգային շահի տեսանկյունից,  նրանց, ում պատկերացումները Հայաստանի և Արցախի մասին չեն համապատասխանում մեր պատկերացումներին։  Նրանք Հայաստանում գտան կարմիր գծեր չունեցող, իշխանության ու փողի համար ամեն ինչի պատրաստ ազգուրաց տականքների, ովքեր պոպուլիզմով մթագնեցին շատերի ուղեղները և հիմա ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում մինչև չիրականացնեն իրենց տերերի բոլոր պահանջները: 
 
Որքան էլ աներկբա է, որ մենք միակ երկիրը չենք, որտեղ ներսի տականքը տերերի պահանջով մեծ աղետ է բերում սեփական պետության ու ժողովրդի գլխին, այնուամենայնիվ դա մխիթարություն չէ, առավել ևս՝ փրկություն հնարավոր հերթական աղետից, եթե աղետաբեր տականքը չհեռացվի իշխանությունից: 
 
Էլ ի՞նչ է պետք չհասկացողներին հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչի՞ համար, թե ի՞նչ է կատարվում հիմա և ի՞նչ նպատակ ուներ այդ ամենը, և թե այդ ի՞նչ ուժեր են, ո՞վքեր են այս ամենի շահառուները, ինչպե՞ս են նրանք այսօր ևս խաղում իշխանատենչության մոլուցքով տարված ներսի տարբեր ուժերի հետ, ի՞նչ շահեր են հետապնդում մեր երկրում ու նաև ամբողջ տարածաշրջանում: 
Ուզում եմ 2018-ի իշխանափոխության գործընթացում այս և այն կողմից  բոլոր ներգրավվածներին և այսօր նորից ոգևորվածներին կրկին հարցնել՝ ի վերջո, ի՞նչ ստացաք մեզ մերժելով, ինչի՞ հասաք, հիմա ի՞նչ խնդիր եք լուծում տարբեր կողմերից դարձյալ կեղտոտ արշավ ձեռնարկելով իմ և մեր քաղաքական թիմի դեմ: 
 
 
Ես թե´ իմ, թե´ մեր թիմի սխալները լավ գիտեմ, կարիք չկա մեզ վրա բարդելու ուրիշների չարդարացված հաշվարկները, սին հույսերը, քաղաքական պրիմիտիվ կեցվածքը, մարդկային մոլորությունները։ Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես երբեք չարությանը չարությամբ չեմ պատասխանել, մշտապես կողմ եմ եղել առանց այն էլ փոքրաթիվ ու տրոհված, փոխադարձ անհանդուրժողականության, թշնամանքի, ատելության բացիլով ախտահարված մեր հասարակության տարբեր հատվածներին հաշտեցնելուն, համազգային ընդհանուր նպատակի շուրջ համախմբելուն:
 
Բայց նաև երբեք թույլ չեմ տվել և թույլ չեմ տա չարաշահել այդ վերաբերմունքը, առիթից օգտվել և անցնել բոլոր սահմանները՝ ոտնձգություն թույլ տալով իմ կամ իմ կուսակցական ընկերների արժանապատվության, անցած ճանապարհի հանդեպ: Ուստի, որքան էլ հասկանում եմ այս տգեղ, անհարկի, ժամանակավրեպ, իր խորքում նաև վտանգավոր գործընթացը արդարացիորեն քննադատող, կանգ առնելու, սթափվելու կոչեր հնչեցնող բազմաթիվ սրտացավ մարդկանց, այնուամենայնիվ ուզում եմ ասել նրանց, որ արդար չէ բոլորին նույն արշինով չափելը: 
 
Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն,  հայտարարել ենք մեր պետությունը կործանման տանող միակ թիրախի և դրա դեմ պայքարելու անփոփոխ որոշման մասին: Եվ դա ուժի մեջ է լինելու մինչև այդ նպատակին հասնելը: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ մեր բոլոր հնարավորություններով աջակցելու ենք նույն նպատակը հետապնդող ցանկացած նախաձեռնության և մինչ այս պահը հավատարիմ ենք այդ որոշմանը: Դա տեսանելի է եղել ամեն օր: Մենք երբեք կողմ չենք եղել երկպառակությամբ մեր արտաքին թշնամուն ուրախություն պատճառելու, իսկ ներսում՝ նրանց պես մտածողների ձեռքերը տաքացնելու անխոհեմ քայլերին: Մեր ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում ամենախայտառակ պարտությունները պառակտվածության, «իրարուտոցիի» և դավաճանության հետևանք են: Չտեսնել սա, դաս չառնել սրանից, սադրել ու հերթական անգամ գնալ այս կործանարար ճանապարհով, նշանակում է կույր լինել մտքով: Սա ազգային ինքնաոչնչացման ճանապարհ է:
 
Եվ հիշեք՝ ով ստով, կեղծիքով, չարությամբ, թույնով լցված կգա մեր դեմ՝ ճշմարտությունով կզինաթափվի։ Նրանք, ովքեր պայքարի հիմնական ուղղությունը շեղում են, հավանաբար այլ նպատակ ունեն: Մեր նպատակակետը հստակ է և անփոփոխ. այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է: Եթե մեզ հետ կողք կողքի երբեմնի պայքարողների  նպատակն այսօր այլևս  նույնը չէ, մեր ճանապարհները չեն կարող մեկտեղվել: 
 
Ես շնորհակալ եմ իմ կուսակցական ընկերներին, համախոհներին, աջակիցներին՝ այս օրերին տարատեսակ զրպարտանքների ու  ոչ հեռու անցյալի իրողությունների խեղաթյուրման դեմն առնելու իրենց ջանքերի համար: Նրանց խնդրում եմ իրենց  ժամանակն ու էներգիան առավելապես ուղղել մեր հիմնական գործին ամբողջ ուժով լծվելու ուղղությամբ, իսկ կոռեկտության բոլոր սահմաններն անցած, ճշմարտության դեմ մեղանչողների դեմ պայքարը դիտարկել որպես կուսակցական գործչի պատվախնդրություն և ամենօրյա սովորական աշխատանք, քանզի զանազան պատճառներով անազնիվ մեթոդներով պայքարողներ միշտ էլ եղել են և լինելու են: Թե որն է մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում ազգային շահերի պաշտպանության դիրքերում ամուր կանգնած, անառողջ հավակնություններով չտառապող Հանրապետական կուսակցության դեմ սկիզբ առած անմաքուր արշավը, դժվար չէ կռահել: 
 
Մենք՝ հայերս, չպետք է նմանվենք այն ազգերին, որոնք իրենց մեղքերով իջան պատմության գերեզման: Բոլոր բաժանարար, նույնն է թե՝ կործանարար գծերը ջնջելու ժամանակն է: Ընդամենը մեկ գիծ կա, որ բաժանում է չարը` բարուց, սերը` ատելությունից, սուտը՝ ճշմարտությունից, և այդ գծի հանդեպ յուրաքանչյուրիս դիրքավորվելու ժամանակն է: Հեռվից հորդորներ հնչեցնելու, կեղծ բարեպաշտության պահը չէ: Եկեք քրիստոնեական բարեպաշտությամբ ազգովի  միասին ու աներկբա ասենք՝ հրաժարվում ենք այս ռեժիմից և նրա ամբողջ խաբեությունից,  նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ընթացքից, նրա չար կամքից, նրա չար սպասավորներից, ասել է թե՝ չարի իշխանությունից. հրաժարվելով հրաժարվում ենք: 
 
Այո, սա այլ բան չէ, քան չարի իշխանություն, որի գործունեության հետևանքով մեր միտքը մշուշված է, սիրտը՝ կարծրացած: Այլապես՝ ցեղասպանություն տեսած ազգը չի կարող այն ուրանալ, չի կարող անտարբեր լինել իր համար կյանք տված զինվորի ընտանիքի դեմ գործվող անիրավությունների հանդեպ, բայց որ ամենասարսափելին է՝ չարախնդալ և անգամ հրճվանք ապրել թշնամու բանտերում անմարդկային հալածանքների ենթարկվող իր հայրենակիցների տառապանքների վրա, չի կարող Արցախը ոչ հայկական համարել, չի կարող ընդհանուր գեթ մեկ եզր ունենալ հակահայաստանի դիվային ծրագիր և կեղծ գաղափարախոսություն առաջարկողների հետ: Սա բնության ու մարդկային բարոյական բոլոր կանոններին դեմ երևույթ է, մեծագույն մեղք, որ պետք է ապաշխարությամբ, զղջումով և ազգային վերազարթոնքի ճանապարհին կանգնելով մաքրվի: 
 
Այսքանով կուզենայի փակել այս թեման՝ առայժմ անցյալում թողնելու համար կատարված իրողությունները, որ այսօր շեղում են մեզ ներկայի անելիքներից: Անցյալը հանգամանորեն, դրվագ առ դրվագ վերլուծելու, անցյալի հետ համարձակորեն առերեսվելու առիթ բոլորը կունենան, երբ չեզոքացրած լինենք մեզ սպասվող  գոյաբանական վտանգները: 
 
Այսօր՝ մեր կուսակցության համար այս նշանակալի հոբելյանի օրը, հասկանալիորեն, մենք ոչ տրամադրություն ունենք միմյանց շնորհավորելու և շնորհավորանքներ ստանալու, ոչ էլ՝ հանդիսավոր միջոցառումներ կազմակերպելու: Քանի դեռ Արցախը հանձնված է, Հայաստանի որոշ տարածքներ թշնամու կողմից օկուպացված, քանի դեռ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվում և անմարդկային, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների են ենթարկվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու մեր բազմաթիվ գերեվարված հայրենակիցներ, պատերազմից հետո անհայտ կորած են հարյուրից ավելի հայորդիներ, լրջորեն խարխլված է Հայաստանի ինքնիշխանությունը, հարվածի տակ է դրված երկրի անվտանգությունը, ոտնձգությունների են ենթարկվում մեր ազգային արժեքները, մենք ոչ միայն հանդիսավոր միջոցառումներ անցկացնելու  տրամադրություն չունենք, այլև չենք ունենալու այնքան ժամանակ, մինչև այս աղետին չդիմակայենք:
 

← Վերադառնալ ցուցակին