Նախագահ
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում /մաս 2-րդ/
14.04.2025

Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Հանրապետական կուսակցությունը պատվով ու պատասխանատվությամբ առաջնորդած մեր ընկերների և Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակը:
Ես հրապարակավ հայտարարել եմ և այժմ էլ նույնքան վստահ եմ՝ ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտում կարևոր դերակատարներից է եղել մեր երկրի համար բոլոր դժվարին տարիներին, եղել է երկրում կայունություն և զարգացում ապահովող առաջատար ուժերից մեկը, որը շարունակում է ամուր կանգնած մնալ ազգային արժեքների պահպանման և պաշտպանության դիրքերում: Սա է, որ հանգիստ չի տալիս շատ-շատերին:
Մենք անցել ենք և՛ իշխանություն ունենալու, և՛ ընդդիմություն լինելու փորձությունը՝ ի հեճուկս Հանրապետականին Հայաստանի քաղաքական դաշտից վերացնելու սին պատրանքներ ունեցողների, կուսակցության դեմ ամենակեղտոտ մեթոդներով գործողների և նրանց հովանավորների:
Եթե թերթելու լինենք կուսակցության գործունեության օրացույցը, ապա կտեսնենք, որ 1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար կարևորագույն բոլոր ժամանակահատվածներում Հանրապետականը մշտապես եղել է առաջին գծում, եղել է պայքարող, պաշտպանող, եղել է պետականաշինության և բանակաշինության ակունքներում ամուր կանգնած ուժ և անտրտունջ, ինչպես Վազգենը կասեր՝ անմռունչ, պատասխանատվության բարձր զգացումով կատարել է իր գործը: Մենք ունեցել ենք հաղթանակած, բանակցային սեղանի շուրջ ամուր դիրք ունեցող, միջազգային կառույցներում մեր տեղն ու դերը գիտակցող, գործընկեր պետությունների հետ արժանապատվորեն հարաբերություններ կառուցող պետություն:
Անշուշտ, բազմաթիվ ձեռքբերումների կողքին անխուսափելիորեն, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, կուսակցությունն ունեցել է նաև սխալներ ու թերացումներ, որոնց մենք ինքներս էլ անդրադարձել ենք՝ քննարկել ու քննադատել, բայց դրանք չեն եղել ճակատագրական մեր պետության և ժողովրդի համար: Կուսակցության հերթական ու արտահերթ համագումարների հաշվետու զեկույցներում մեր գործունեությունն ամբողջությամբ արտացոլված է, և կրկնելու կարիք չկա: Դա մեր տարեգրության վկայությունն է:
Ես ելույթս սկսեցի հարցով, որին ունեի իմ պատասխանները, և դուք դա լսեցիք: Սակայն, այսօր ժամանակն է ոչ միայն հարցնելու ինքներս մեզ, թե ինչո՞ւ ենք ընտրել Հանրապետական կուսակցությունը անցյալում, այլ թե ինչի՞ ենք պատրաստ Հայաստանի ներկայի և ապագայի համար։
Այս հարցի պատասխանը կորոշի, թե արդյոք մեր կուսակցության ստեղծման 40-րդ կամ 50-րդ տարեդարձը կնշվի ինքնիշխան հայկական պետությունում, թե՞ մեր պետության հետ միասին պարզապես կհիշվի պատմության էջերում։
Հանրապետականի վերջին համագումարի իմ հաշվետու զեկույցում ևս հանգամանորեն անդրադարձել եմ մեր պետության, ժողովրդի և կուսակցության հետ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձություններին, գնահատականներ հնչեցնել և խոսել ապագայի, մեր բացթողումների և թերացումների մասին, հրապարակավ ներողություն խնդրել և հորդորել նույնն անել բոլոր նրանց, ովքեր պատասխանատվությունը մշտապես ուրիշների վրա բարդելու մոլուցքով չեն տառապում և ունեն այդքան խիզախություն: Խոսել եմ նաև այն լրջագույն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է Հայաստանը:
Այս ընթացքում մենք, ցավոք, անցանք ևս մի մեծ ողբերգության միջով՝ արցախահայությունը ենթարկվեց էթնիկ զտման՝ բռնի տեղահանվեց, և Արցախն ամբողջությամբ հանձնվեց թշնամուն՝ ի չիք դարձնելով վերջին երեք տասնամյակում հայ ժողովրդի հսկայական ջանքերն ու զոհողությունները: Այս ամենին՝ իր պատճառներով և հետևանքներով հանդերձ, մենք անդրադարձել ենք կուսակցության Գործադիր մարմնի հայտարարություններում, նաև մեր հարցազրույցների, ելույթների ժամանակ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրյա հարթակներում, հնչեցրել ենք հիմնավոր գնահատականներ և ներկայացրել առաջարկություններ: Ընդգծել ենք, որ ճգնաժամային իրավիճակները պահանջում են դրանց հաղթահարման համապատասխան լուծումներ, և, բնականաբար, նման իրավիճակում պատկերացնել, որ հայ ժողովրդի համար գոյաբանական նշանակության խնդիրներում երկխոսությունը պիտի իրականացվի լեգիտիմությունը կորցրած իշխանության հետ, առավել քան անընդունելի է, ավելին՝ նման գործելաոճը որևէ դրական արդյունքի չի հասցնի: Դիմել ենք հայաստանյան հանրությանը, արցախահայությանը, սփյուռքին, Հայաստանի դաշնակիցներին և գործընկերներին՝ կոչ անելով լրջորեն գնահատել իրավիճակը, դրանից բխող հետևանքները և մեկնարկել համախմբված քննարկումների և գործողությունների շարք՝ աղետալի ընթացքը դադարեցնելու նպատակով: Միջազգային գործընկերներին կոչ ենք արել առաջնորդվել արցախահայության իրավունքների վերաբերյալ նախկինում արված իրենց հայտարարություններով, իրավիճակին ադեկվատ, ժամանակին, հասցեական և գործնական միջոցներով քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի հանցավոր գործելաոճը, կանխելու հերթական ողբերգությունը, Ադրբեջանին բերելու երկխոսության դաշտ՝ քննարկելու համար միջազգային երաշխիքների ներքո արցախահայության՝ սեփական բնօրրան վերադարձի հարցերը:
Մենք այդ աղետից հետո մեր ողջ ուժերով ու հնարավորություններով լծվել ենք Հայաստանի կառավարիչների կողմից անտերության մատնված արցախահայության ամենատարբեր խնդիրների լուծմանը, որը, բնականաբար, ոչ մի կերպ չի կարող համեմատելի լինել պետական մակարդակով հաստատված, համակարգված, երկարաժամկետ աջակցության ծրագրերի հետ, ինչն այդպես էլ չարվեց՝ պատճառ դառնալով մեր բազմաթիվ հայրենակիցների արտագաղթին Հայաստանից: Իսկ նրանք, ովքեր մնացել են երկրում, Հայաստանի կառավարիչների անտարբերության և անգործության պայմաններում ամեն օր բախվում են բազմաթիվ խնդիրների՝ սոցիալական ծանր վիճակից սկսած մինչև իրավունքների պաշտպանություն:
Այսօր մեզ անխնա քննադատում, իսկ ավելի շատ՝ զրպարտում և մեզնից գործողություններ են պահանջում նաև նրանք, ովքեր մեծագույն հաճույքով մասնակցում էին մեր դեմ «դագաղների» ու «սև ժապավենների» խրախճանքին, պահանջում մեր հեռացումը, ցուցադրաբար ողջունում, ոմանք էլ թաքուն հրճվում մեր դեմ պետական ռեպրեսիվ մեքենայի կողմից իրականացվող ապօրինություններով: Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետում «դուք բերեցիք Նիկոլին» թեզը՝ մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը: Անցյալ, որը ոմանց համար միգուցե ազնիվ մոլորություն էր՝ իշխանության փոփոխությամբ իրենց կյանքում հրաշքների իրականացման ակնկալիքով, բայց ոմանց համար կանխամտածված գործողություն էր՝ սուտ խոստումներով իշխանությունը զավթելու նպատակի հետապնդմամբ:
Եվ կարևոր չէ, թե այդ ոչ հեռավոր 2018-ին մոլորվածներն ու միտումնավոր գործողները ինչպես միմյանց օգտակար եղան անձամբ իմ և Հանրապետական կուսակցության, մեր շատ ընկերների դեմ թունավոր, 1937 թվականի մեթոդներով կեղտոտ արշավ իրականացնելու գործում: Փաստ է, որ այսօր՝ այդ տխրահռչակ իրադարձություններից 7 տարի անց, փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայհոյում է այս կապիտուլյանտ իշխանություններին, ամեն երրորդը՝ ինքն իրեն՝ սրանց անվերապահորեն հավատալու միամտության կամ մոլորության համար: «Թողեք, թող աշխատեն» թեզը միայն հիմա, չափազանց ուշացումով երկրի համար կործանարար համարողները այժմ էլ որդեգրել են «մեզնից մեզ պաշտպանեիք» թեզը, ասելով՝ մենք պահանջում էինք իշխանությունից հեռանալ, դուք էլ չլսեիք մեզ, թեկուզ մեզ հրապարակում կոտորելու գնով մնայիք իշխանության: Նրանք՝ նման բան ասողները, առնվազն ազնիվ չեն. և՛ ես, և՛ նրանք, և՛, իհարկե, դուք՝ այստեղ գտնվողներդ, շատ լավ գիտեք, թե այդ օրերին իշխանության կողմից անգամ մեկ մարդու կյանքից զրկելն ինչ անհնազանդության ալիք ու քաոս կառաջացներ երկրով մեկ, որքան կմեծացներ արտաքին վտանգի ռիսկերը, ինչպիսի դատապարտման տեքստեր կարտասանեին այսօր մեզ մեղադրողները, իսկ գրանտակեր մարդու իրավունքների բազում պաշտպաններն իրենց տերերի ցուցումով ինչ ջանասիրությամբ կլծվեին գործի:
Մինչդեռ 2018-ից հետո նրանք՝ սորոսական և նույնանպատակ այլ կառույցները, կուրացել ու խլացել են, ասես գետնի տակ անցել, քանի որ ցուցում չունեն գործելու: Ինչո՞ւ չունեն՝ դա արդեն մեկ այլ և ծավալուն թեմա է:
Մեզ մեղադրողներին միայն կասեմ հետևյալը՝ սեփական սխալն ընդունելը, առավել ևս՝ ուղղելը, անշուշտ, մեծ համարձակություն է պահանջում. շատ լավ հասկանում եք, որ յոթ տարի առաջ հրաժարականի պարտադրանքին ոգևորությամբ մասնակցելը կամ տոտալ անտարբերությունը ձեզ հանցակից է դարձնում այն ամենին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո:
Ընդունել սեփական հանցակցությունը, ունենալ այդքան ազնվություն խոստովանելու, որ ամեն մեկիդ մասնակցությունը հրապարակում թույլ է տվել իշխանազավթին օգտագործել ձեզ իր հեռահար նպատակի համար, չափազանց դժվար է, ինչ խոսք, իսկ, այ, ուրիշին մեղադրելը ամենահեշտն է: Ուրեմն ինչո՞ւ չգնալ հեշտ ճանապարհով:
Մեր կուսակցության վերջին համագումարին այս թեմայով անգամ ձևակերպում տվեցի, որ ես ձեզ չեմ ստիպել գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի՝ էշի ճակատը: Դա, կարծես, թևավոր խոսք դարձավ սրանց մասին: Հիմա ուզում եմ, վերջին զարգացումները հաշվի առնելով, շարունակել միտքս. «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»: Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է:
Ցավոք, այս ճանապարհն են ընտրել նաև նրանք, ովքեր իշխանության հասնելու իրենց քայլերում հաջողության չունեցան, այդ թվում՝ պայքարի մեր երբեմնի գործընկերները, և պարզվում է՝ նրանց անհաջողության մեջ էլ մենք ենք մեղավոր: Ինձ համար պարզ է, թե ինչու են նրանք այդպես վարվում կամ այդքան փութաջանորեն քողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե, գալիք ընտրություններից առաջ, պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել:
Երբ Հայաստանի պետականակործան կառավարիչների դեմ պայքարում մենք՝ մեզ մերժողների հետ կողք կողքի կանգնում էինք հրապարակում, ենթարկվում բռնաճնշումների, փողոցում պայքարում բիրտ ուժի դեմ, ունեինք այն բարձր գիտակցումը, որ այս իրավիճակում հիշաչարությունը, քինախնդրությունը չպետք է ավելի կարևոր լինեն, քան «խորտակման վտանգի ենթակա մեր ընդհանուր նավը» միասին անփորձանք ափ հասցնելը: Եվ այս գիտակցումը երբեք չի լքել մեզ: Մինչդեռ նշածս շրջանակներից ոմանք նույնիսկ այսքանից հետո շարունակում են «Սերժ մերժել», քար նետել Հանրապետականի վրա։ Համաձայնեք, որ ստեղծված իրավիճակում դա այլևս ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ հոգեբանական ախտ, ինչպես Արմեն Աշոտյանը կասեր` պաթոլոգիա։