Նախագահ
Ինչ են բանակցել Սերժ Սարգսյանը և Հիլարի Քլինթոնը 2010 թվականին. Գաղտնազերծում-3
16.08.2024
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գաղտնազերծում – 3
Հատվածներ Սերժ Սարգսյան-Հիլարի Քլինթոն բանակցություններից, 2010 թ․ ապրիլի 13, Վաշինգտոն (ամերիկյան կողմից մասնակցում են նաև պետքարտուղարի օգնական Ֆիլ Գորդոնը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանագահ Ռոբերտ Բրադտկեն)
․․․
– Գիտեմ՝ մտահոգված եք հայ-թուրքական գործընթացի ներկա փուլով։ Կարող եմ միայն ասել՝ ինչ արած, Թուրքիան այդպիսին է: Երեկ հանդիպել եմ վարչապետ Էրդողանի հետ։ Շատ տարօրինակ հանդիպում էր. ասում էր, որ բանակցային ամբողջ գործընթացում Լեռնային Ղարաբաղի խնդիրը գործընթացի մաս է եղել: Էրդողանին ասում եմ, որ այդ բանակցությունները վարել եմ ե՛ս, մասնակցել եմ ե՛ս, Դուք չե՛ք եղել, մենք երբե՛ք այդ հարցը չենք քննարկել։ Դուք ինչպե՞ս ու որտեղի՞ց կարող եք ասել, որ այդ խնդիրը գործընթացի մաս է եղել: Թուրքական կողմի հետ ոչ միայն երբե՛ք Ղարաբաղի հարց չենք քննարկել, այլև նրանք իրենց հերթին երբեք այդ թեման առաջ չեն բերել ու մեզ որևէ բան չեն առաջարկել։ Ինչևէ, ես հասկացա, որ նրանք պատրաստ չեն վավերացնել արձանագրությունները, ու այդ մասին ասել եմ նախագահ Օբամային,- Սերժ Սարգսյան։
– Նախագահ Օբաման և ես հանդիպել ենք Էրդողանին։ Ես առանձին հանդիպում եմ ունեցել նաև արտգործնախարար Դավութօղլուի հետ: Մենք հասկանում ենք այն բոլոր դժվարությունները, որոնք հիմա կանգնած են ձեր առջև: Եկեք մտածենք այն ուղղությամբ, թե ինչ կարող են անել նրանք, ինչը ձեզ հնարավորություն կտա առաջ շարժվել։ Ու ինչ կարող եք անել դուք, ինչը նրանց հնարավորություն կտա առաջ գնալ: Նրանք մեզ բացատրեցին այն բոլոր դժվարությունները, որ ունեն իրենց քաղաքական համակարգում: Մենք նրանց ուղիղ հարցրել ենք, թե կա ինչ-որ բան, որ հայկական կողմը կարող է անել, որը հնարավորություն կտա նրանց վավերացնել արձանագրությունները: Ես անկեղծորեն չգիտեմ՝ կա որևէ համապարփակ լուծում, թե ոչ, բայց կան քայլեր, որոնք կբերեն առաջընթացի: Մենք հրապարակայնորեն միշտ ասել ենք, որ հայ-թուրքական ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներն իրար հետ կապ չունեն։ Բայց մարդիկ միշտ տեսնում են այն, ինչ ցանկանում են տեսնել, և ինչպես հասկանում եմ, Թուրքիայում կան մարդիկ ու ազդեցիկ շրջանակներ, որոնք ուզում են տեսնել, որ այդ երկու ուղղությամբ առաջընթացը լինի զուգահեռ,- Հիլարի Քլինթոն։
– Ես Հայաստանի նախագահին ասել եմ, որ մենք շնորհակալ ենք խիզախ քայլերի համար: Ինչպես պետքարտուղարը նշեց, մենք կապ չենք տեսնում հայ-թուրքական և Լեռնային Ղարաբաղի գործընթացների միջև: Մենք թուրքական կողմի հետ ունեցանք շատ բաց խոսակցություն, և նրանք մեզ ներկայացրին Թուրքիայի ներքին կյանքի բազմաթիվ խնդիրները, ըստ որոնց՝ իրենք չեն կարողանա գնալ խորհրդարանում արձանագրությունների վավերացման, եթե որևէ առաջընթաց չլինի Լեռնային Ղարաբաղի հարցում: Ե՛վ երեկ, և՛ այսօր նրանք մեզ փոխանցեցին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթացի առումով իրենց սպասելիքները նվազում են: Նրանք այդ խնդրի լուծման շուրջ իրենց պատկերացումները ներկայացնելիս ժամանակին ասում էին, որ լուծումը պետք է լինի համապարփակ։ Հետո ասում էին, որ հայերը թող վերադարձնեն Ղարաբաղին հարակից յոթ շրջանները։ Հետո ասում էին՝ թող հետ վերադարձնեն գոնե հինգ շրջանները։ Երեկ ասում էին՝ թող դուրս գան մեկ-երկու տարածքներից, իսկ այսօր արդեն ասում էին, թե հայերի կողմից հրապարակայնորեն ստանձնած հանձնառությունն էլ մեզ համար բավարար է՝ առաջ տանելու հայ-թուրքական արձանագրությունները: Այս ամենը մեզ թույլ է տալիս հետևություն անել, որ նրանք, ամեն դեպքում, մտածում են այս խնդրի մասին, թե ինչպես առաջ գնալ։ Ինչ-որ բան ուզում են անել: Մեր հարցադրումը Ձեզ հետևյալն է՝ Դուք թուրքական կողմի ասածների մեջ ինչ-որ բան տեսնո՞ւմ եք, որը հիմք կտա առաջ գնալ: Ես կրկնեմ այն, ինչ արդեն ասել ենք բազմիցս. մենք, իհարկե, չենք ուզում, որ Դուք ինչ-որ զիջում անեք, բայց եթե Դուք կարծում եք, որ ինչ-որ բան կարելի է անել, եկեք քննարկենք,-Ֆիլ Գորդոն։
– Ես հիմա այնպես եմ հասկանում, որ Դուք Թուրքիայի տեսակետն եք առաջ տանում,- Սերժ Սարգսյան։
– Ո՛չ։ Ես ասացի, որ մենք երկու գործընթացների միջև կապ չենք տեսնում: Պարզապես նկարագրում ենք ստեղծված իրավիճակն ու ուզում ենք հասկանալ, թե ինչ ճանապարհ կա՝ առաջ գնալու,- Ֆիլ Գորդոն։
– Եթե ուզում եք սպանել ստորագրված արձանագրությունները, շարունակե՛ք այդպես։ Եթե Հայաստանում դեռ ինչ-որ քանակի մարդիկ կան, որոնք այս գործընթացում մեզ հետ են, այդ դեպքում դա էլ կվերանա,- Սերժ Սարգսյան։
․․․
– Այդ դեպքում, պարո՛ն նախագահ, ինչո՞ւ դուք առաջինը չվավերացնեք արձանագրությունները։ Այդպես ցույց կտաք, որ հավատարիմ եք ձեր հանձնառությանը, ինչը հստակ կերևա նաև միջազգային հանրության աչքում, իսկ գործընթացի չհաջողելու ու տապալման դեպքում պատասխանատվությունը կմնա Թուրքիայի վրա,– Հիլարի Քլինթոն։
– Տիկի՛ն պետքարտուղար, ես արդեն գնացել եմ այնպիսի քայլերի, որ հավանաբար շատ քչերը կանեին: Ես անցյալ տարի մեկնեցի Բուրսա՝ պատասխան ֆուտբոլային հանդիպմանը հենց Ձեր և փոխնախագահ Բայդենի հետ ունեցած հեռախոսազրույցներից հետո: Ես, հանուն մեր երկրի շուրջ անվտանգային միջավայրի բարելավման ու թուրքերի հետ հարաբերությունների կարգավորման, մեզ համար այդքան նշանակալի տարելիցի նախօրեին գնացի արձանագրությունների նախաստորագրման: Ու այդքանից հետո հիմա մի՞թե կա մեկը, որը կասկածում է, որ մենք ամեն ինչ կանենք ու կվավերացնենք արձանագրությունները, որը մեր իսկ նախաձեռնության պտուղն է: Կամ եթե հակառակ կողմից գանք, ի՞նչ կփոխվի, եթե մենք առաջինը վավերացնենք արձանագրությունները: Քանի որ ակնհայտ է, որ թուրքական կողմը չի ցանկանում առանց նախապայմանների վավերացնել այդ արձանագրությունները, ու այդ մասին այստեղ ինձ ասաց վարչապետ Էրդողանը: Այնպես որ միակ խելամիտ ճանապարհը մնում է այդ գործընթացից դուրս գալը,-Սերժ Սարգսյան։
– Դա կլինի հնարավոր ամենավատ տարբերակը, պարո՛ն նախագահ: Ես գիտեմ, որ Դուք շա՜տ մեծ քաղաքական կապիտալ եք դրել այս նախաձեռնության հիմքում ու գործընթացում: Թուրքական կողմը փորձում է զուգահեռ առաջ գնալ երկու ուղղությամբ էլ՝ մի կողմից առաջ տանել այս գործընթացը, մյուս կողմից՝ ղարաբաղյան հիմնախնդիրը՝ հանուն Ադրբեջանի շահերի: Բայց մենք ու առաջին հերթին՝ Դուք, լավ գիտենք, որ նրանք հենց այնպես չեն ուզում վավերացնել այս արձանագրությունները: Այնպես որ պետք է փորձենք էլի խոսել իրենց հետ՝ տեսնելու, թե ինչպես կարելի է առաջ գնալու քաղաքական կամք դրսևորել։ ․․․ Ոչ թե որպես դիվանագետ, այլ որպես քաղաքական գործիչ՝ ցանկանում եմ ասել, որ թուրքական կողմը չի ցանկանում որևէ գին վճարել: Տեսե՛ք, Դուք ասում եք, որ պատրաստ եք վավերացնել արձանագրությունները, իսկ թուրքերն ասում են ղարաբաղյան խնդիր: Եթե դուք անեք դա՝ վավերացնեք արձանագրությունները, վաղը բոլորը շուռ կգան թուրքերի կողմը, ու եթե նրանք շարունակեն ասել ղարաբաղյան խնդիր, բոլորը նրանց կհարցնեն՝ ի՞նչ եք ասում, ինչի՞ մասին եք խոսում: Իմ պատկերացմամբ՝ դա հայկական կողմին կտա խաղաքարտ, որը դուք կարող եք օգտագործել: Դուք հիմա պաշտպանողական դիրքերում եք։ Մեր կոչն է դառնալ հարձակողական, ու այդ դեպքում իրենք չեն կարող որևէ կերպ կապել ղարաբաղյան հակամարտության հետ: Իհարկե, այդ դեպքում կմեծանա Ադրբեջանի ճնշումը Թուրքիայի հանդեպ։ Սակայն ի՞նչ պետք է ասի Թուրքիան: Պետք է ասի՝ կապում ենք ղարաբաղյան խնդրի հե՞տ։ Ո՞վ կհասկանա այդ դեպքում Թուրքիային: Այդ պարագայում Թուրքիայի համար վատ վիճակ կստեղծվի,- Հիլարի Քլինթոն։
– Դուք լավ գիտեք, որ դա երկու շաբաթ կտևի, տիկի՛ն պետքարտուղար: Հետո արդեն միջազգային հանրությունը դա կմոռանա և Հայաստանին կասի՝ դե, մի բան էլ արեք, քանի որ Թուրքիան մեծ պետություն է, ու բոլորս այնտեղ շահեր ունենք: Հասկանում եմ, որ գործընթացը չտապալելու համար քայլեր են անհրաժեշտ, սակայն ստացվում է, որ բոլորս, այդ թվում և մենք, իրենց՝ թուրքերի խաղն ենք խաղում,– Սերժ Սարգսյան։
– Այո՛, համաձայն եմ, որ հիմա այդպես է ստացվում: Դրա համար էլ առաջարկում եմ, որ դուք ձեր խաղը խաղաք: Եթե դուք առաջինը վավերացնեք, այդ դեպքում կարող եք նրանց ու միջազգային հանրությանն ասել՝ ես իմ բաժին հանձնառությունն արեցի, իսկ դուք ի՞նչ եք անում: Ես չեմ կարող խոստանալ, բայց ինձ մոտ կա վստահություն, որ դա այդպես էլ կլինի. այդ իրավիճակում նրանք ավելի մեծ բարդություններ կունենան: Հիմա, տեսեք, դո՛ւք եք ճնշման տակ ու Դո՛ւք եք քաղաքական մեծ կապիտալ օգտագործել, իսկ Թուրքիան ուժեղ դիրքերում է ու միշտ մի բան մտածում է՝ ձգձգելու գործընթացը: Մի բան մտածե՛ք, արե՛ք, փոխե՛ք այս իրավիճակն ու գործընթացի հետագա պատասխանատվությունը դրե՛ք իրենց վրա: Ձեզ խնդրում եմ մտածել այդ մասին: Վստահ եմ, որ եթե դա չանեք, ամեն ինչ կավարտվի,– Հիլարի Քլինթոն:
– Տիկի՛ն պետքարտուղար, տեսե՛ք, թե իմ ընկալումներով նրանք ինչ խաղ են խաղում: Փորձում են գործընթացը ձգձգել ու այն օգտագործել Ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելու համար։ Ու երկրորդ՝ իրենց ու միջազգային հանրության միջոցով փորձում են ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իրենց ու ադրբեջանցիներին ձեռնտու լուծում լինի: Ես վստահ եմ, որ եթե վաղը վավերացնենք արձանագրությունները, ապա առաջին հարցն ինքնաբերաբար դուրս կգա. թուրքերն այդ նպատակն արդեն խոցած կլինեն, ու այն կվնասի Ցեղասպանության ճանաչմանը։ Ու կսկսվի էլ ավելի մեծ ճնշում մեզ վրա երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հարցի ուղղությամբ: Սա է իրենց ծրագիրը՝ իմ պատկերացմամբ: Իրենք սա՛ են ուզում,- Սերժ Սարգսյան։
– Գիտենք բոլոր այն դժվարությունները, որ ունեք։ Սակայն կա մի քանի քայլ, որ Հայաստանը կարող է անել: Իմ կարծիքով՝ իրավիճակն այս պահին այսպիսին է. կա երեք խնդիր՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարց, ղարաբաղյան կարգավորման հարց ու երրորդ՝ Ցեղասպանության հարց: Կարծում եմ, որ որևէ քայլ չկատարելով՝ դուք Թուրքիային թողնում եք առաջ գնալ երեք ուղղություններով էլ: Ես շատ լավ եմ հասկանում ձեզ: Դուք Թուրքիայի հետ պայմանավորվել եք ավտոմեքենա գնել, սակայն Թուրքիան հիմա ասում է, որ չի տա ձեզ այդ մեքենան, մինչև իր ընկերոջ տունն էլ չգնեք: Այդ կերպ նրանք գնում են զուգահեռ երկու թիրախների ուղղությամբ,- Հիլարի Քլինթոն։
– Այդ դեպքում պետք չէ ո՛չ մեքենան, ո՛չ էլ ընկերոջ տունը, որովհետև հետո էլ նրանք կասեն՝ չէ՛, քեռուս տունն էլ գնեք,- Սերժ Սարգսյան։
– Մենք փորձում ենք ձեզ տալ դիրքային առավելություն, որ դուք անբարենպաստ վիճակում չլինեք: Գալիք երկու շաբաթների ընթացքում խնդրում եմ Ձեզ մտածել, թե ինչպես առաջ գնալ։ Մենք էլ մեր հերթին կմտածենք ու կփորձենք մեկ անգամ էլ խոսել մեր թուրք գործընկերների հետ,- Հիլարի Քլինթոն։
– Դա որևէ կերպ ընկալելի տարբերակ չէ, տիկի՛ն պետքարտուղար: Որևէ մեկն ինձ չի հասկանա ո՛չ Հայաստանի ներսում, ո՛չ էլ Հայաստանի սահմաններից դուրս,– Սերժ Սարգսյան։
– Դա այդպես չէ, պարո՛ն նախագահ: Մե՛նք ենք Ձեզ հասկանում: Դուք սկսել եք այս գործընթացը, բայց մինչև վերջ չեք գնացել, վերջնարդյունքին չեք հասել: Մեր ցանկությունն է, որ այդ գործընթացի բարիքները տեսնեք ու արդյունքները քաղեք, – Հիլարի Քլինթոն։
– Գիտե՞ք՝ դա ինչի է նման, տիկի՛ն պետքարտուղար։ Նման է այն բանին, որ երկու հոգի միասին ճանապարհ են ընկնում, նրանցից մեկը շատ առաջ է ընկնում, իսկ մյուսը՝ շատ հետ մնում, ու այդ իրավիճակում առաջինին հորդորում են հետ գնալ վերջ՝ խոստանալով, որ այդ դեպքում երկրորդին կմղեն միասին առաջ գնալ: Ո՞րն է պատճառը, որ մենք պետք է իմ նկարագրած առաջին մարդու վատ վիճակում լինենք,- Սերժ Սարգսյան:
․․․
– Մենք Ձեզ շատ լավ ենք հասկանում։ Դուք նախաձեռնեցիք այս գործընթացը։ Դուք դրսևորեցիք մեծ վճռականություն, հաղթահարեցիք շատ դժվարություններ, ու հիմա այս բարդ իրավիճակն է ստեղծվել: Ուղղակի, այդ ամենով հանդերձ, մենք ցանկանում ենք հասկանալ, թե արդյոք տեսնում եք ինչ-որ քայլեր, պատրաստ եք ղարաբաղյան կարգավորման հարցում վերցնել ինչ-որ հանձնառություն ու առաջ գնալ,- Ֆիլ Գորդոն։
– Նախ՝ ես նրանցից չեմ լսել որևէ բացատրություն, թե ինչ քայլերի են պատրաստ իրենք: Այդ մասին ես չեմ լսել նաև Թուրքիայի վարչապետի հետ հանդիպմանը: Հետո ես նրանց հետ երբեք չեմ քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այդ մասին երբեք չենք խոսել: Իսկ ինչո՞ւ պետք է նրանց հետ քննարկեմ ղարաբաղյան կարգավորման հարցն ու մեր հնարավոր զիջումները: Նրանք տեղյակ էլ չեն այդ բարդ հարցի մանրամասներից ու կարգավորման բանակցություններից։ ․․․ Դա ոչ միայն սկզբունքային է, այլև անօգուտ՝ խնդրի կարգավորման համար: Ավելին՝ այն կատարելապես կձախողի բանակցային գործընթացը, որն այսօր կա ու ընթանում է համանախագահների՝ մեզ ներկայացրած մադրիդյան սկզբունքների շուրջ։ Պարոն Բրադտկեն՝ որպես համանախագահ, այդ մասին քաջատեղյակ է,- Սերժ Սարգսյան։
– Դա, անշուշտ, Ձեր իրավունքն է ինչ խոսել նրանց հետ ու ինչի մասին չխոսել: Կուզեք՝ նրանց հետ խոսե՛ք ղարաբաղյան կարգավորման մասին, չեք ուզի՝ մի՛ խոսեք: Նրանց ասածն այն է, որ ինչ-որ քայլեր են առաջարկում ղարաբաղյան կարգավորման հարցում, որ նրանց կարծիքով՝ օգտակար կլիներ ու թույլ կտար առաջ գնալ այս գործընթացում: Եթե Ձեր ընկալմամբ դա այդպես չէ, ապա կարող եք, իհարկե, ասել, որ այդ դեպքում չի լինի արձանագրությունների վավերացում, ու շարունակեք հարցի կարգավորման ուղղությամբ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այդ ամենով հանդերձ՝ մեր ցանկությունն է, որ դուք դուրս չգաք այս գործընթացից,-Ֆիլ Գորդոն։
– Թուրքիան որևէ կերպ չի կարող խանգարել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում զուգահեռ առաջընթացին,- Ռոբերտ Բրադտկե։
– Դա այդպես չէ, պարո՛ն Բրադտկե: Եթե ամբողջ Ղարաբաղը վերցնեք ու տաք Ադրբեջանին, թուրքերը կսկսեն խոսել այլ խնդիրների՝ ցեղասպանության, այլ հարցերի մասին:
– Թուրքական կողմը նման բան չի ասում, պարո՛ն նախագահ,- Ֆիլ Գորդոն։
– Կարո՞ղ է դուք այլ թուրքերի հետ եք բանակցում, մենք՝ այլ թուրքերի, պարո՛ն Գորդոն,- Սերժ Սարգսյան։
– Նրանք, ի՞նչ է, ասում են՝ տվեք Ղարաբա՞ղը,- Ֆիլ Գորդոն։
– Հենց այդ նպատակով են ասում,- Սերժ Սարգսյան։
– Նրանց ասածն այլ բան է, սկզբունքների մասին է։ Մեկ-երկու տարածքի մասին են խոսում,- Ֆիլ Գորդոն։
– Իսկ ի՞նչ է նշանակում մեկ-երկու տարածք: Բա դրանից հետո ի՞նչ է լինելու: Ղարաբաղում 150 հազար մարդ է ապրում։ Բա նրանց ճակատագիրն ինչպե՞ս է դասավորվելու, նրանց անվտանգությունն ինչպե՞ս է երաշխավորվելու: Էլի՞ կրկնվեն 1990-ականների հայ բնակչության կոտորածները,- Սերժ Սարգսյան։
– 1990-ականներին նրանք շատ բան էին ուզում: Առաջ յոթ տարածքների մասին էին խոսում, հիմա նրանք յոթից երկուսի մասին են խոսում: Ես այստեղ չեմ, պարո՛ն նախագահ, ներկայացնելու ու պաշտպանելու Թուրքիայի շահերը: Ես այստեղ եմ, որպեսզի քննարկենք ու հասկանանք, թե ինչ է պետք անել, որ գործընթացն առաջ գնա:,- Ֆիլ Գորդոն։
– Ես՝ որպես Ձեր բարեկամ, ասում եմ, որ դա անհնար է,- Սերժ Սարգսյան։
——————————
Շարունակելի․․․
Հատված իմ հեղինակած “Միայնակ ընդդեմ ճակատագրի․ ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը” հուշագրությունից”։
Իմ գնահատմամբ այս և լրատվամիջոցներում տեղ գտած ամենահետաքրքիր մեկնաբանության հեղինակին կուղարկեմ այս գրքի մեկ օրինակ»։