Նախագահ
Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /8-րդ մաս/
30.06.2024
Վերակազմավորվող գումարտակներն անձնակազմով, սպառազինությամբ ու տեխնիկայով համալրվել են Ստեփանակերտի կայազորի ստորաբաժանումների, զորահավաքային ռեզերվի և Կենտրոնական ՊՇ ստորաբաժանումների հենքի վրա: Կազմակերպական-զորահավաքային բաժնի պետին հանձնարարվել է կազմավորվող գումարտակների հրամանատարների հետ համատեղ ապահովել զինանձնակազմերի կազմակերպական վերաբաշխումը և զորակոչել պահեստազորի զինապարտների անհրաժեշտ քանակակազմ` մինչև ըստ հաստիքացուցակի գումարտակները լրիվ համալրելը: Սպայական պաշտոնների կազմալրումը կատարվել է ավելի պատրաստված, դրական կողմերով իրենց դրսևորած կրտսեր հրամանատարների թվից` հետագայում ներկայացնելով սկզբնական սպայական կոչումների շնորհման:
Անհրաժեշտ էր գործնական օգնություն ցուցաբերել անձնակազմի, սպառազինության ու տեխնիկայի հաշվառման գործընթացի կազմակերպմանը: ԻՊԿ նախագահի տեղակալ Ս. Բաբայանին, զորատեսակների ու վարչության ծառայությունների պետերին հանձնարարվում էր մինչև սեպտեմբերի 2-ն ավարտել նյութատեխնիկական բոլոր պաշարների, սպառազինության ու տեխնիկայի վերաբաշխումն ըստ վերակազմավորվող գումարտակների և ապահովել դրանց լրիվ համալրումը ՄՀԳ-ի հաստիքացուցակի համաձայն:
ԻՊՈՒ նոր մարտավարական միավորների` գումարտակների կազմավորումը պաշտոնապես սկսվել է 1992թ. օգոստոսի 30-ին: Նոր հաստիքներին անցում կատարելու ավարտի մասին 1992թ. սեպտեմբերի 5-ին զեկուցվել է ԼՂՀ Ինքնապաշպանության շտաբին: Բոլոր աստիճանների հրամանատարների ուշադրությունն է հրավիրվել վերակազմվող ստորաբաժանումներին մշտական մարտական պատրաստության և հանկարծակի առաջացող խնդիրների անհապաղ կատարման ունակության բարձրացման վրա[95]: Այս և արական սեռի բնակչության զորակոչը կենսականորեն անհրաժեշտ քայլեր էին: Զինվորական կանոնավոր կառույցների ստեղծման դրական արդյունքները երկար սպասել չտվեցին թե՛ Պաշտպանության բանակի նախահիմքերը ստեղծելու, թե՛ ռազմաճակատում արմատական բեկում մտցնելու առումով:
Տակավին 1992թ. «Արցախ» թերթի թղթակցի հարցերին պատասխանելով՝ ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանն ասել է. «Վիճակը ռազմաճակատում ծանր է, բայց հուսահատվելու հիմք չկա: Ինչ վերաբերում է թշնամուն կանգնեցնելուն, ապա թշնամին արդեն կանգնեցված է: Մեր հողերի ազատագրությանը կհասնենք միայն այդ բանից հետո, երբ բոլորը պարզ հասկանան, որ պատերազմը բոլորի համար է, որ միայն ուրիշների տղաները չեն կռվելու ընդհանուր հայրենիքի համար: Մինչև վերջերս Ղարաբաղի պաշտպանությունը մարդկանց մի խմբի գործ էր միայն: Բայց ռազմական դրություն մտցնելուց հետո, իրավիճակը փոխվել է, և մոտ ժամանակներս մենք կունենանք հաջողություններ»[96]:
Արցախի Հանրապետությունում կանոնավոր բանակի ստեղծման գործում, ինչպես տեսանք, մեծ է եղել Սերժ Սարգսյանի և նրա զինակիցների ավանդը: 1992թ. ամառային ռազմարշավի ժամանակավոր անհաջողություններից համապատասխան հետևություններ կատարելով՝ Ս. Սարգսյանի ղեկավարությամբ կամ ակտիվ մասնակցությամբ մի շարք անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկվել պետական իշխանության ու կառավարման մարմինների, ինչպես նաև ինքնապաշտպանության համակարգի և հրամանատարության կենտրոնացման, ուժերի ու միջոցների համախմբման ուղղությամբ, ինչը տվել է իր դրական արդյունքները: ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանի հմուտ ղեկավարությամբ ԻՊՈՒ նոր կազմակերպական-հաստիքային կառուցվածքի անցնելուց, այսինքն` բանակային ենթակառույցների, պաշտպանական շրջանների ձևավորման աշխատանքներ ձեռնարկելուց հետո, հնարավորություն է ստեղծվել դիմագրավելու հակառակորդի աշնանային լայնածավալ հարձակումներին, համառ պաշտպանական մարտերում հյուծելու նրա ուժերը և դրանով նախադրյալներ ստեղծելու բռնազավթված բնակավայրերի ազատագրման, ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնման համար:
Այդ մասին, փաստորեն ԻՊԿ նախագահի ժամանակին տված հավաստիացումները հիմնավոր էին ու կյանքի կոչվեցին: Դրանք հնչել էին «Արցախ» թերթի թղթակցի «Ինչպե՞ս է ընթանում զորակոչը: Վերջապես կանոնավոր բանակ կունենա՞նք, և ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ» հարցին ի պատասխան. «Կանոնավոր բանակ ունենալու ենք և ունենալու ենք շուտով: Կռվելով՝ միաժամանակ ստեղծում ենք կանոնավոր բանակ: Այսօրվա դրությամբ ունենք հավատարմության երդում տված կանոնավոր գումարտակներ, ստորաբաժանումներ: Արդեն այդ բանակի հոգսերը հոգացող կա: Հենց իրենք՝ զինվորները, զգում են, որ վերջին ժամանակներում Ձեր ասած սնունդը, ծխախոտը կան: Զորակոչը դեռևս բավարար հիմքերի վրա չէ՝ մանավանդ Ստեփանակերտում և Մարտակերտի շրջանում: Բայց Հադրութում և Մարտունիում զգալի գործ կատարվել է:
Մոտ ժամանակներս բոլոր զորատեսակները կմտնեն ռազմական կառուցվածքի մեջ: Նպատակահարմար եմ գտնում ավելացնելու, որ կռվողների ընտանիքների սոցիալական ապահովվածությունը զգալիորեն կլավանա: Զինվորների ընտանիքներին հատկացվում է սննդամթերք, որպեսզի զինվորը համոզված լինի, որ իր կինը, երեխաները սոված չեն: Հարկային տարբերություն կլինի զինվորի և մյուս ընտանիքների, կռվող և չկռվող ընտանիքների միջև: Բազմազան միջոցներ են նախատեսվում, և մոտ օրերս կիրականացվեն:
Մի խոսքով՝ ես համոզված եմ, որ շուտով իրադրությունը հանրապետությունում կփոխվի: Կփոխվի դեպի լավը»[97]:
Կամավորականից կանոնավոր բանակի անցումը ոչ ամենուր և ոչ բոլոր ջոկատների առումով է հարթ կատարվել: Երբեմն հարկ է եղել նաև ուժ գործադրել անհնազանդ հրամանատարներին կամ ջոկատայիններին կանոնավոր բանակ բերելու համար: Այն ժամանակ էլ որոշակի դժգոհություններ են եղել, որոնց մասին Արցախի Հանրապետության ԳԽ պաշտոնաթերթը բարձրաձայնել է և պարզաբանումներ ստացել անձամբ ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանից: Թղթակցի այն հարցին, թե. «Ազատամարտիկներից ենք լսում, որ ռազմաճակատում տեխնիկան քիչ է, որ վառելիք չկա, սնունդն անբավարար է, ծխախոտ չկա, տեխնիկան ուշանում է և այլ կարգի պատճառներ: Ի՞նչ կասեք: Խնդրում եմ անկեղծ լինեք՝ ինչու՞ այս հարցերը չեն լուծվում», նա պատասխանել է. «Ես միշտ էլ անկեղծ եմ պատասխանում՝ զգալով իմ պատասխանատվության աստիճանը, իմ խոսքի գինը: Նշված պրոբլեմներն իրոք կան, բայց ոչ այնքան, ինչպես ասում են: Որ կռվողները քիչ են, դա մեր մեղքը չէ, բանակի մեղքը չէ, դա այն մարդկանց մեղքն է, որոնք ամեն կերպ խոչընդոտում էին հանրապետությունում ռազմական դրություն մտցնելուն: Ընդհանրապես, կամավորության սկզբունքներով բանակ ստեղծելն անհնար է:
Չկար զինվորական դատախազ, զինվորական դատարան, ռազմական տրիբունալ: Իրավական հիմք չկա, որ մեկին, օրինակ՝ վախկոտության համար, պատժեինք: Ռազմական դրություն մտցնելուց հետո ունենք զինվորական դատախազ, ռազմական դրության մասին օրենք, կարգապահության մոմենտը զգալիորեն բարելավվել է այսօր: Ինչ վերաբերում է տեխնիկայի պակասին, ապա հմուտ օգտագործելու դեպքում եղած տեխնիկան բավական է թշնամուն դիմագրավելու համար: Որոշ տեսակի զինամթերքի պակաս կա, բայց ոչ այնքան, որ անհաջողությունների պատճառ հանդիսանա: Ճիշտ է, ազերիների չափ ռազմական միջոցներ չունենք, բայց շարունակում ենք ստանալ և մեր եղած զինամթերքը գրագետ օգտագործելու դեպքում, հաջողություններ կունենանք: Ինչ վերաբերում է տղաների բողոքին, ապա ամենաշատը դժգոհում են նրանից, որ բոլորը չեն կռվում: Այսօր քաղաքում շրջում են զինվորական պարեկներ, որոնք դասալիքներ են բռնում: Վերջերս կալանավորվել են դասալիքներ և ջոկատի անարժան հրամանատարներ»[98]:
Արցախի Հանրապետության 1992թ. ամառային ռազմարշավի ընդհանուր բնութագիրը տվել է հենց դրանց ղեկավարը՝ ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանը. «Ռազմաճակատի տարբեր շրջաններում իրավիճակը տարբեր է: Իրավիճակը բարդ է Մարտակերտի շրջանում: Ասկերանում, Մարտունիում, Հադրութում թշնամին միշտ էլ արժանի հակահարված է ստանում և հետ շպրտվում: Օգոստոսի 18-ին, երբ թշնամին սկսած Մաղավուզից մինչև Ցոր հարձակման է անցել, ունենալով գլխավոր ուղղություններ՝ Հադրութում Մելիքջանլու գյուղը, Մարտունիում՝ Ճարտարը, Մարտունի ավանը, Մարտունի-Ասկերան հատվածում՝ Մյուրիշենը, Նորշենը, գլխովին ջախջախվել է Հադրութում՝ տալով 100-ից ավելի զոհ, կորցնելով 7 զրահատեխնիկա, Ճարտարում կորցրել է 3 տանկ, մեծ քանակությամբ հետևակ, Մարտունիում ևս սահմանները անառիկ են: Մեր կողմից զոհվել է 24 ազատամարտիկ, կորցրել ենք 1 տանկ: Այսպիսի հարաբերությունը կարծես մեր օգտին է. թվում է, մեզ պիտի բավարարի, բայց չէինք ցանկանա նույնիսկ մի սպանված ունենալ՝ 1000 ազերիների դիմաց:
Վհատվելու հիմքեր չկան, և ես համոզված եմ, որ մոտ ժամանակներս իրավիճակը փոփոխվելու է: Ի դեպ, հունիսի 12-ից սկսած, երբ թշնամին լայնածավալ հարձակման է անցել, ազերիները կորցրել են 70-ից ավելի տանկ: Այդ 70 տանկերից 30-ը մեզ մոտ են, կռվում են իրենց նախկին տերերի՝ ազերիների դեմ, 40-ից ավելին փչացած ընկած են առաջավոր դիրքերում: Ես նկատի չունեմ տանկերի այն քանակը, որ մենք փչացրել ենք, բայց թշնամին հետ քաշվելիս իր հետ տարել է զգալի քանակությամբ զրահատեխնիկա: Թշնամին կենդանի ուժի կորուստ է տվել՝ ավելի քան 2000 զինվոր: Մեր կորուստները հասնում են մոտ 200-ի»[99]:
1992թ. սեպտեմբերի 4-ին իրականացվել է Ինքնապաշտպանության ուժերի կազմակերպական-հաստիքային կառուցվածքի բարեփոխումից հետո առաջին ռազմագործողությունը Ասկերանի շրջանի դեռևս 1992թ. հունիսի 12-ին բռնազավթված մի շարք բնակավայրերի ու Մարտունու շրջանի արանքը սեպի պես խրված Աբդալ և Գյուլաբլու գյուղախմբի թշնամական կրակակետերը վնասազերծելու նպատակով: Այդ ռազմագործողության հաջող ելքը լուծել է մի շարք խնդիրներ. վնասազերծվել են ԼՂՀ սահմանամերձ թշնամական կրակակետերը, ազատագրվել են Ասկերանի շրջանի գյուղերը, թշնամուց առգրավված ռազմավարի հաշվին լրացվել է ԻՊՈՒ զինանոցը, վերահսկողության տակ են առնվել մարտավարական կարևոր նշանակության բարձունքներ ու ամրապնդվել են ԻՊՈՒ ստորաբաժանումների դիրքերը, իսկ թշնամին վերջապես զգացել է Արցախի պաշտպանների վերականգնվող ուժը: Այն բարոյահոգեբանական լիցքեր է հաղորդել մի շարք ձախողումներից հուսալքվածներին, ամրապնդել է հավատը սեփական ուժերի նկատմամբ:
«Արցախ» թերթի թղթակցի՝ «Ասկերանի օպերացիայով տեղի է ունեցել արմատական բեկո՞ւմ» հարցին թարմ հետքերով պատասխանելով՝ ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Դժվար է հստակ ասել, որ դրվել է արմատական բեկման սկիզբը: Նախ այն պատճառով, որ ես միշտ էլ համոզված էի՝ մենք չենք պարտվել և չենք ասել մեր խոսքը և երկրորդ՝ չենք իմանում, թե թշնամին ինչ ուժեր ունի, այնպես որ արմատական բեկման մասին խոսելը դեռ վաղ է: Բայց որ մեր հարվածը Ասկերանի և Մարտունու շրջանների հատման կետում թշնամու համար անսպասելի էր, գուցե և շշմեցնող, պարզ է: Այդ մասին չթաքցրին նաև իրենք. «Նորություններ» լրատվական ծրագրով ադրբեջանցի թղթակիցը շեշտեց, որ Հայաստանի էքսպեդիցիոն կորպուսի ուժերը վերադիրքավորվել և անսպասելի հարված են հասցրել՝ գրավելով ութ բնակավայր: Շատ է օգտագործվում «հայկական էքսպեդիցիոն կորպուս» անունը: Սակայն բոլորին էլ քաջ հայտնի է, որ կռվողների 99 տոկոսը ղարաբաղցիներ են:
Ադրբեջանցիները կարծում էին, թե մեզ հետ իրենց հարցերն արդեն լուծել են, որ այսօր կամ վաղը կլինեն Ստեփանակերտում: Ադրբեջանի ղեկավար շրջաններում կան անլուրջ մարդիկ, որոնք ի լուր աշխարհի հայտարարում էին, թե երեք ամսում կլուծեն Ղարաբաղի հարցը, նշում էին ինչ-որ ժամկետներ, թե երբ են թեյ խմելու Ստեփանակերտում կամ Շուշիում: Ճիշտն ասած՝ այս վերջին շրջանում այդ մարդկանց ախորժակը կարծես թե մի քիչ փակվել է և արդեն խոսում են կապույտ սաղավարտների մասին: Հիմա խոսում են, որ իրենք են հրաման տվել չռմբակոծել քաղաքը: Չեմ իմանում, այդ ո՞ր օրվանից են ադրբեջանական որոշ ղեկավարներ սկսել խղճալ մեզ»[100]:
Այնուհետև, ԻՊԿ նախագահը բացահայտել է թշնամու և յուրային զինվորների բարոյահոգեբանական վիճակը, մարտավարության որոշ տարրեր. «Ես միշտ ասել և կրկնում եմ՝ ադրբեջանցիները կարող են մեզ հետ հաշվի նստել միայն ու միայն այն ժամանակ, երբ զգան, որ իրենց դիմաց ուժ կա: Այդ ուժը նրանք զգացին Ասկերանի օպերացիայի ժամանակ, երբ ընդամենը 4 ժամում մեզ հաջողվեց ազատագրել ութ բնակավայրեր՝ Նախիջևանիկ, Արանզամին, Փիրջամալ, Աղբուլաղ, Դահրազ, Խրամորթ, Գյուլափլու և Ավդալ: Բոլորին քաջ հայտնի է, որ Գյուլաբլուն ու Աբդալը ոչ թե երկու գյուղեր են, այլ վեց, դա պարզ երևում է քարտեզի վրա: Այս դեպքում մեզ համար գլխավորը ոչ թե գյուղեր գրավելն է, այլ այն, որ մենք ամրապնդեցինք մեր դիրքերը, գրավեցինք մարտավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ»[101]:
Սեպտեմբերի 4-ի ռազմագործողության, հատկապես Աբդալի և Գյուլաբլուի վնասազերծման ԻՊԿ մտահղացումներից էր ադրբեջանական հրամանատարության ուշադրությունը Մարտակերտի և Լաչինի օպերատիվ-մարտավարական ուղղություններից շեղելը: Հակառակորդը զգացել է, որ Մարտունու շրջանում ուժ կա և ապարդյուն փորձել է այդտեղով ԻՊՈՒ պաշտպանական բնագծի ճեղքում կատարել: Սեպտեմբերի 5-ին հակառակորդը գրոհ է ձեռնարկել Աբդալի և Գյուլաբլուի ռազմական հենակետերը գրավելու մտադրությամբ: Հայկական դիրքերը հրթիռակոծվել են ռազմական 5 ուղղաթիռներից: Թշնամին մարտի է հանել 16 միավոր զրահատեխնիկա:
Անընդհատ գործել է հրետանին: Մարտունու ՊՇ հրամանատար Մ. Մելքոնյանի, գնդապետ Հ. Հարոյանի, Ասկերանի ՊՇ հրամանատար Վ. Բալասանյանի հրամանատարությամբ, հայ մարտիկները իսկական ջարդ են տվել թշնամուն: Հատկապես տպավորիչ էին կանոնավոր ստորաբաժանումների մեջ համախմբված հայ ազատամարտիկների ու կամավորականների անհատական խիզախությունն ու զանգվածային հերոսությունները, որոնք անվիճելի առավելություն էին տալիս սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով ու կենդանի ուժով գերակշռություն ունեցող հակառակորդի նկատմամբ: Զրահատեխնիկայի հարվածային ուժի շնորհիվ ադրբեջանցիներին հաջողվել էր հասնել մինչև Վարազաբուն, սակայն հայ մարտիկներն ընդամենը երկու ժամում ստիպել են նրանց դիմել փախուստի` մարտադաշտում թողնելով տանկեր (շարքից հանվել ու առգրավվել է 9 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում` 6 տանկ, 2 ՀՄՄ, 1 տանկային քարշակ), զենք ու զինամթերք, տասնյակ դիակներ:
Սեպտեմբերի 6-ի կեսօրին հակառակորդը հարձակվել է Ճարտարի ու Մաճկալաշենի ուղղություններով` միաժամանակ կատաղի հրթիռահրետակոծության ենթարկելով Գյուլաբլուի հայկական պաշտպանական դիրքերը: Հայ մարտիկները հետ են մղել թշնամու բոլոր գրոհներն ու անսասան են մնացել իրենց դիրքերում: Մաճկալաշենի ու Ճարտարի մատույցներում թողնելով 30 դիակ և ռազմական տեխնիկա` թշնամին ստիպված նահանջել է:
Այդ մարտերին ԻՊԿ նախագահի գնահատականը հիշարժան է. «Հաջորդ օրը շատ լուրջ ճակատամարտ տեղի ունեցավ: Մենք առգրավեցինք հակառակորդի 9 ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 8 տանկ, հետևակի 2 մարտական մեքենա, 1 տանկային քարշակ: Ոչնչացվեց հակառակորդի զգալի կենդանի ուժ: Կոնկրետ թիվ նշել չեմ կարող: Գերիների հարցաքննությունը դեռ չի ավարտվել: Մեր զինվորների տրամադրությունը մարտական է: Երբ ադրբեջանական բանակը զրահատեխնիկայի օգնությամբ փորձեց ճեղքել պաշտպանությունը, հասավ համարյա մինչև Արանզամին, մեր տղաները ընդամենը 2 ժամում թշնամուն ստիպեցին դիմել փախուստի: Ընդհանրապես, ռազմաճակատի բոլոր գծերում մեր մարտիկների տրամադրությունը բարձրացել է, հավատ կա սեփական ուժերի նկատմամբ: Դրա լավագույն ապացույցը Ճարտար և Մաճկալաշեն գյուղերի վրա ձեռնարկված թշնամական հարձակման հետմղումն է: Մաճկալաշենում ընկած են 30-ից ավելի ազերիների դիակներ, ինչպես նաև մի քանի միավոր զրահատեխնիկա: Նույնը տեղի է ունեցել նաև Ճարտարի ուղղությամբ: Այս պահին շարունակում ենք հարձակումը Մարտակերտի շրջանում և հաջողությամբ շարժվում առաջ»[102]:
Սեպտեմբերի 7-ին Ֆիզուլիի շրջանի Ներքին Դիվանալար գյուղում տեղաբաշխված հակառակորդը, հրետանային նախապատրաստությունից հետո, նոր հարձակում է ձեռնարկել Մաճկալաշեն, Սոս և Ճարտար գյուղերի ուղղությամբ` մարտադաշտ նետելով 8 միավոր զրահատեխնիկա և մի քանի հարյուր զինվոր: Առաջանալով Մաճկալաշենի տեղամասում` թշնամին մխրճվել է հայկական ստորաբաժանումների պաշտպանության խորքը և գրավել կարևոր բարձունքներից մեկը: ԻՊՈՒ մարտիկները կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը և ապա ստիպել նրան հետ քաշվելու` մարտադաշտում թողնելով տասնյակ դիակներ:
ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Ս. Սարգսյանին հասցեագրված մարտական զեկուցագրում, որը ստորագրել էին գնդապետ Հ. Հարոյանն ու Մարտունու ՊՇ հրամանատար Մ. Մելքոնյանը, մասնավորապես կարդում ենք. «Մարտական խնդիրը լիովին կատարված է: Մարտերի ընթացքում հակառակորդից առգրավվել են 2 տանկ, 3 թնդանոթ, մեծ քանակությամբ զինամթերք (ավտոմատների, գնդացիրների փամփուշտ, տանկի արկ): Ոչնչացվել են մոտ 50 հետևակային, երկու տանկ, մեկ զրահամեքենա: Մեր կողմից տեխնիկայի կորուստներ չեն եղել, մեկ ազատամարտիկ զոհվել է, 14-ը` վիրավորվել: Մարտական գործողությունների ժամանակ արիությամբ աչքի ընկած սպաներին ու զինվորներին ներկայացնում եմ պարգևատրման»[103]: