Նախագահ
Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /11-րդ մաս/
30.06.2024
Վերադառնալով ռազմաճակատային իրադրությանը՝ հիշեցնենք, որ 1993թ. ապրիլի սկզբին ԻՊ ուժերն, ավարտելով հակառակորդի քելբաջարյան զորախմբի ջախջախման ռազմագործողությունը, պլանավորել և, ուժերի ու միջոցների վերախմբավորում կատարելով, ձեռնամուխ են եղել առաջին կիսամյակի մարտական գործողությունների եզրափակիչ փուլի` Մարտակերտի գործողության պլանավորմանն ու նախապատրաստմանը: Հունիսի 12-ին 2-րդ, 3-րդ, 5-րդ ՊՇ և Կենտրոնական ենթակայության զորամասերը, 4-րդ ՊՇ մի քանի ստորաբաժանումներ սկսել են Մարտակերտ քաղաքի և համանուն շրջանի բռնազավթված մասի ազատագրման խոշորամասշտաբ գործողությունը: Ընկճելով հակառակորդի 3-րդ մոտոհրաձգային բրիգադի, ներքին զորքերի բրիգադի, տանկային բրիգադի զորամասերի համառ դիմադրությունը, հաղթահարելով համատարած ականադաշտերը, հրետանու, տանկերի հարուցած արգելքները և ի չիք դարձնելով նրա սպառազինության առումով ու օդում ունեցած բացարձակ տիրապետությունը՝ ԻՊՈՒ-ն Աղդամի ուղղությունում գրավել են օպերատիվ ու մարտավարական առումներով շահավետ բարձունքներ և բնագծեր[127]:
Մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ է ունեցել, հերոսի մահով զոհվել է նաև Մարտունու ՊՇ հրամանատար Մոնթե Մելքոնյանը, որի ավանդը բանակաշինության և Արցախի սահմանների պաշտպանության գործում նշանակալի է[128]: Պատահական չէ, որ նրա անվան հետ են կապում Մարտունու ՊՇ-ի` որպես մարտունակ զորամասի կազմավորման, մարտական ուղու և հրամանատարների աստղաբույլի ձևավորման գործընթացները:
Զորաշարժով բարդ մարտական խնդիրներ կատարելու ԻՊՈՒ ընդունակության մասին է վկայել Շուշիի ՊՇ-ի հունիսի 14-ի զորաշարժը: Փոխհամագործակցելով Շահբուլաղի ու Փափրավենդի ուղղություններով գրոհող Ասկերանի և Կենտրոնական ՊՇ-ների հետ, զարգացնելով հաջողությունը և հակահարձակման անցնելով հյուսիսարևելյան ուղղությամբ՝ Շուշիի ՊՇ-ի ստորաբաժանումները մեծապես նպաստել են Մարտակերտ քաղաքի ազատագրմանը, քանի որ 819,7 բարձունքում (Թազախաչին յալում) շրջապատման մեջ հայտնվելու սպառնալիքը ստիպել է հակառակորդին թողնել Մարտակերտը[129]: Ճնշվել են նաև Մեծ Ջինլի, Ալիմադաթլի, Մոլլալար և Քյուրդլար գյուղերի թշնամական կրակակետերը[130]:
Այսպիսով 2-րդ, 3-րդ ՊՇ զորամասերը, 4-րդ ՊՇ ուժերի մի մասը և 6-րդ ՊՇ ստորաբաժանումները, գրավելով օպերատիվ ու մարտավարական առումներով շահավետ բարձունքներ ու բնագծեր, դուրս են եկել Աղդամ-Մարտակերտ մայրուղու բնագիծը: Հակառակորդը, զգալի կորուստներ կրելով Մարզիլլի, Խրամորթ, Փափրավենդ գյուղերի շրջանում, ստիպված էր ռազմաճակատի Կուբաթլուի, Ջաբրայիլի և Մարտակերտի ուղղություններից այստեղ տեղափոխել կենդանի ուժ և տեխնիկա, դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով Մարտակերտի լեռնաշղթայի վրա հակառակորդի ջախջախման, Մարտակերտ քաղաքն ազատագրելու և հիմնական ուժերը Խրամորթ-Բոյահմեդլի-Փափրավենդ-Մարտակերտ-Մատաղիս բնագիծ դուրս բերելու գլխավոր նպատակն իրագործելու համար[131]: Տևական ու դաժան մարտերից հետո ազատագրվել են Աղդարա (Հեռուստաաշտարակ) և Թազախաչին յալ (Պուշկեն յալ) բարձունքները:
Փաստորեն հունիսի 26-ին* 4-րդ ՊՇ զորամասերը մտել են Մարտակերտ քաղաքը, որով ավարտվել է մարտակերտյան ռազմագործողությունը: 3-րդ, 5-րդ, 6-րդ ՊՇ զորամասերն անցել են գերիշխող բարձունքների, մասնավորապես` Եդդիխրման, Բուզդաղ լեռների, Բոյահմեդլի, Փափրավենդ, Թազախաչին յալ, Աղդարա լեռնաշղթայի վրայով ձգվող գծի և հիմնական ճանապարհների պաշտպանությանը[132]:
Հունիսի 27-ին հայ մարտիկներն ամրապնդվել են Ներքին Հոռաթաղում, Աղաբեկալինջում, Մատաղիսի մոտակա բարձունքների վրա: Հունիսի 28-ին ադրբեջանցի զավթիչները շրջկենտրոնից հալածվել են 2-3 կմ անդին: Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունեցել է ռազմաքաղաքական կարևոր նշանակություն: Նախ, շշմեցուցիչ հարվածներ է ստացել հակառակորդի մարտակերտյան խմբավորումը, ԻՊՈՒ կազմավորումները, տիրելով նպաստավոր բնագծերի, ավելի հուսալի պաշտպանություն են բռնել: Ակնհայտորեն, առանց Մարտակերտի ազատագրման, անհնարին էր ճնշել Աղդամի վտանգավոր կրակակետերը: Բարոյահոգեբանական առումով Մարտակերտի ազատագրումը բարենպաստ ներգործություն է ունեցել համանուն շրջան վերադարձող խաղաղ բնակչության, Ադրբեջանի նախահարձակման հետևանքով ավերված բնակավայրերի վերակառուցման ու փախստականների բնակեցման, շրջանի երբեմնի տնտեսական ներուժը վերականգնելու համար: Այդ ռազմագործողության արդյունքները վկայել են Արցախում բանակաշինության ոլորտում առաջընթացի մասին:
Հուլիս ամսվա առաջին օրերին կարճատև ու տեղային բնույթ կրող մարտական գործողություններ են ընթացել Հադրութի շրջանի` թշնամու կողմից օկուպացված տարածքում: 11-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ ԱՄՀԳՄ-ների և 83-րդ ՄՀԲր-ի ուժերով անցկացված կարճատև ռազմագործողությունների արդյունքում ազատագրվել են հայկական մի քանի բնակավայրեր, վերահսկողության տակ են առնվել կարևոր, շրջակայքի վրա գերիշխող բարձունքներ և ոչնչացվել հակառակորդի այն կրակակետերը, որոնցից մշտապես հրետակոծվում էին Հադրութ շրջկենտրոնը և մյուս խաղաղ բնակավայրերը: Ըստ երևույթին Հադրութի և Մարտակերտի ՊՇ-ներում ԻՊՈՒ զորամասերի ակտիվ գործողությունները նպատակ են ունեցել շեղելու հակառակորդի ուշադրությունը Աղդամի ուղղությունից, որի վտանգավոր կրակակետերի ճնշման համար ԻՊՈՒ շտաբը ծրագրել էր լայնածավալ հակահարձակում:
Հիրավի, Աղդամն Արցախի դեմ հակառակորդի ռազմական գլխավոր ու ամենավտանգավոր հենադաշտն էր, որտեղից մշտական սպառնալիքի տակ էին պահվում Արցախի Հանրապետության արևելյան եզրերը, սահմանամերձ բնակավայրերը, այդ թվում՝ Ասկերանը, ինչպես նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ադրբեջանցի ռազմավարներն Աղդամը համարել են Ստեփանակերտ ներխուժելու ամենակարճ ճանապարհը։ 1991թ. վերջերին և 1992թ. ամբողջ ընթացքում ադրբեջանական զինված կազմավորումներն Աղդամից բազմիցս փորձել են ճեղքել Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի արևելյան բնագծերը, բայց ամեն անգամ հետ են շպրտվել, անգամ ժամանակավոր հաջողություններից հետո։
Հնարավոր չէ առանց սոսկումի հիշել Աղդամում տեղակայված կրակակետերից Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի և Ստեփանակերտի բարբարոսական հրթիռակոծությունները, արկ ու հրթիռի պայթյուններից երեխաների ու կանանց քրքրված մարմինները… Արցախի անձնվեր պաշտպանները ձեռնարկել են շատերին աննախադեպ թվացող համարձակ քայլ՝ վնասազերծել են Աղդամի կրակակետերը և ռազմական հենակետը։
Նոր ծավալներ ու չափեր ընդունող, ինչպես նաև արդիական զինատեսակների կիրառմամբ ընթացող պատերազմի տրամաբանությունը գալիս էր փաստելու, որ այսպես կոչված Ադրբեջանի տենդագին նախապատրաստությունները, սպառազինության ու կենդանի ուժի բազմապատկումը նպատակաուղղված են եղել Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսմանը, հետևաբար անհրաժեշտ էր հակառակորդին նախօրոք զրկել այնպիսի կարևոր ռազմավարական հենադաշտից, ինչպիսին Աղդամն էր, ինչը հնարավորություն կընձեռեր գոնե Ասկերան-Ստեփանակերտ ուղղությունում սահմանափակելու ադրբեջանցիների դիրքային առավելությունը, ի դերև հանելու ամենակարճ ճանապարհով հանրապետության մայրաքաղաք հասնելու հակառակորդի հույսերը։ ԻՊՈՒ ռազմավարական և օպերատիվ-մարտավարական խնդիրները թելադրել են իրականացնելու Աղդամի հենադաշտի վնասազերծումը, ինչը կարող էր վճռական բեկում մտցնել Ադրբեջանի սանձազերծած պատերազմում։
Բնականաբար, լավ հասկանալով այդ ռազմագործողության կարևորությունը, Ինքնապաշտպանության կոմիտեն՝ Ս. Սարգսյանի նախագահությամբ, լուրջ նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել ինչպես կազմակերպական-հաստիքային բարելավումների, այնպես էլ զորքերի խմբավորման ու լրահամալրման, սպառազինման ու նպաստավոր բնագծերի տիրելու առումներով։
1993թ. հուլիսի 4-ին սկսված ռազմական գործողությունը պսակվել է հաջողությամբ և հուլիսի 23-ին Աղդամն անցել է Արցախի Հանրապետության ԻՊՈՒ-ի վերահսկողության տակ՝ շնորհիվ հարավից Մարտունու ՊՇ-ի, հարավ-արևմուտքից Ասկերանի ՊՇ-ի և հյուսիս-արևմուտքից Կենտրոնական պաշտպանական շրջանի, ինչպես նաև այլ ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունների։ Արդյունքում վերացել է Ստեփանակերտի գլխին դամոկլյան սրի պես կախված մահացու վտանգը, մայրաքաղաքի ու շրջակա գյուղերի բնակիչներն ի վերջո ազատ շունչ են քաշել։ Հակառակորդին հասցվել է ռազմական ու բարոյահոգեբանական խորտակիչ հարված։ Աղդամը հաղորդակցության ուղիների կարևոր հանգույց էր, որից հակառակորդին զրկելը կաթվածահար էր արել ոչ միայն Արցախի Հանրապետության արևելյան, այլև հարավային սահմանների երկայնքով կենտրոնացված խմբավորումների նախահարձակ գործողությունները և նրանց թիկունքային ապահովումը։
Պատահական չէր, որ այսպես կոչված Ադրբեջանի ղեկավարությունը վերջապես տեղի է տվել և անմիջապես դիմել է Արցախի Հանրապետության ղեկավարությանը՝ կրակի դադարեցման խնդրանքով, ինչը հնարավորություն կտար հակառակորդին շշմեցուցիչ հարվածից ու խայտառակ պարտությունից ուշքի գալու և լուծելու Աղդամի հենադաշտի կորստին անխուսափելիորեն հետևած բազմաթիվ հիմնախնդիրները:
Արցախի ինքնապաշտպանության ուժերը տիրել են նպաստավոր բնագծերի ու ռազմավարական առումով շահավետ դիրքերի, ստեղծելով Արցախի Հանրապետության շուրջ, մանավանդ՝ նրա կենտրոնի համար, կենսականորեն անհրաժեշտ անվտանգության գոտի։ Անտարակույս, Աղդամի ազատագրումը, որով խորտակվել է այսպես կոչված Ադրբեջանի բարոյահոգեբանական ամրոցը, պատմական անհրաժեշտություն էր և թելադրված էր ԻՊՈՒ-ի ռազմավարական ու օպերատիվ-մարտավարական խնդիրներից[133]։ Արցախի հայ ազգաբնակչությունը Շուշիից հետո, թերևս, մեկ էլ Աղդամի պարագայում այլընտրանք չուներ, բացի ագրեսիայի այդ մշտական աղբյուրը վերացնելուց:
Վերլուծելով Աղդամի ռազմագործողության ընթացքում և դրան հաջորդած իրադարձությունները՝ կարելի է հանգել այն եզրակացության, որ այդ կարևոր հաղթանակը խթանել է մարտական բարդ խնդիրների կատարմամբ ուղեկցվող բանակաշինության գործընթացում հրամանատարների արհեստավարժության բարձրացմանը, նրանց գործառութային պարտականությունների իմացությանը ու արդյունավետ կիրառմանը, ենթակա ստորաբաժանումների ու անձնակազմի գործողությունների ներդաշնակմանը, առաջադրված բարդ խնդիրների լուծմանը:Աղդամի ռազմագործողության ժամանակ ԻՊՈՒ ստորաբաժանումների ու զորատեսակների հրամանատարների մասնագիտական աճի և զորքերի ղեկավարման ու մարտավարության կատարելագործման փաստը նշվել է նաև հրամանատարության կողմից։
Ինչպես Պաշտպանության բանակի հրամանատարի՝ «1993թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ինքնապաշտպանության ուժերի մարտական գործողությունների արդյունքների մասին» հրամանում է արձանագրված՝ Աղդամի ռազմագործողության նախապատրաստման ու անցկացման գործում մեծ ավանդ են ունեցել Ասկերանի, Մարտունու և Կենտրոնական ՊՇ-ների, ինչպես նաև կենտրոնական ենթակայության հրետանավորները, որոնք գործել են հմտորեն ու գրագետ, դրանով իսկ նպաստելով հաջողությանը։ Մշտապես զգալով ռազմամթերքի պակաս՝ հրետանավորները կարողացել են հասնել առավելագույնին, շնորհիվ ճշգրիտ հասցված կրակային հարվածների և առկա միջոցների արդյունավետ օգտագործման։ Հրամանատարների և շտաբների կազմակերպական մեծ աշխատանքի, մարտական գործողությունների փորձի կուտակման, մարտիկների զանգվածային հերոսության և անձնվիրության շնորհիվ Աղդամի ռազմագործողությունը հաջողվել է անցկացնել նվազագույն կարճ ժամկետում և ռազմաճակատի այս հատվածում ավարտել հակառակորդի լրիվ ջախջախումը[134]։
Այլ հեղինակներ ևս համամիտ են, որ Աղդամի ռազմագործողությունը պլանավորման, կրակի կառավարման, կրակային խոցման ասպարեզներում ոչ միայն կենտրոնական ենթակայության, այլև գնդային հրետանու բարձր մակարդակի հասնելու վկայությունն էր[135]։
Աղդամի ռազմագործողությունը ոգևորիչ ազդեցություն է ունեցել Արցախի ԻՊՈՒ մարտիկների վրա՝ բարձրացնելով նրանց մարտական ոգին և ամրապնդելով հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Հրամանատարները ձեռք են բերել մարտավարական հմտություններ և զորքերը ղեկավարելու փորձ։ Հակառակորդից առգրավված մեծաքանակ սպառազինությունը և տեխնիկան նշանակալիորեն համալրել են ԻՊՈՒ զինանոցը։ Այս ամենը, եթե հավելենք նաև Աղդամի վնասազերծումից ու ներքաղաքական հերթական լարվածությունից հետո Ադրբեջանին թեկուզ և կարճատև հրադադարի պարտադրումը, բնականաբար, բարենպաստ պայմաններ է ստեղծել անհետաձգելի քայլեր ձեռնարկելու զորքերի մարտունակության, կարգապահության և, իհարկե, վերահսկողության տակ առնված նոր բնագծերում ամրապնդվելու ուղղությամբ։
Մասնավորապես, ինչպես նշված է վերոհիշյալ հրամանում, հուլիս-օգոստոսյան մարտական գործողություններում, ընդհանուր առմամբ, բոլոր ծառայություններն ու զորատեսակները հանդես են բերել բավական բարձր մակարդակ։ Նկատելի էր շտաբներում աշխատանքի ոճի ու մեթոդների կատարելագործման միտում, շտաբայինների բարձր պատասխանատվություն և իրենց մասնագիտության մեջ հմտանալու ձգտում։ Մեծ առաջընթաց է նկատվել մարտական գործողությունների առավել հիմնավոր նախապատրաստման ու պլանավորման ուղղությամբ[136]։
Հուլիսի երկրորդ կեսին Արցախի Հանրապետության ԻՊԿ շտաբը տեղափոխվել է նոր շենք և հիմնականում ավարտվել են ծառայությունների տեղավորումը, որոնք անցել են բնականոն գործունեության[137]։ Շտաբի նախկին շենքում տեղավորվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նորաստեղծ նախարարությունը, փաստորեն, ստանձնելով ռազմական հաղթանակները դիվանագիտական ճակատում ամրապնդելու էստաֆետը։
Թեև դրականորեն են նշվել Աղդամի ռազմագործողության ժամանակ մեկական ինքնաթիռ և ուղղաթիռ ցած գցելու, ինչպես նաև ՀՕՊ տեխնիկայի մի շարք վերանորոգողական-կանխարգելիչ աշխատանքների, մասնավորապես՝ ԲՄ-11 և ԲՄ-12 մեքենաների վերանորոգման ու մյուս սարքերի և համակարգերի անսարքությունների վերացման հաջողությունները, միաժամանակ, բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղի բարդ ռելիեֆի պայմաններում տարբեր համակարգերի նորմալ գործունեության կարգավորման, փոխգործակցության ու փոխհամալրման ուղղությամբ մեծածավալ աշխատանք տանելու անհրաժեշտության մասին։ Մանավանդ, որ հենց այդ թերություններով էին պայմանավորված հակառակորդի ՌՕՈՒ հանկարծակի ու անպատիժ հարձակումները, որոնք ուղեկցվում էին խաղաղ քաղաքների, գյուղերի ու ԻՊՈՒ դիրքերի ռմբակործանիչ հարվածներով[138]։
Զգալի աշխատանքներ են կատարվել ինժեներական ծառայության գծով։ Հաջողվել է նվազեցնել սեփական ու հակառակորդի ականների վրա կորուստներ կրելու դեպքերը, թեև եղածն էլ ոչ մի արդարացում չուներ։ Աղդամի ռազմագործողությանը նախապատրաստման և բուն ընթացքի ժամանակ թույլ տրված սխալները հաշվի առնելով` խնդիր է դրվել ընդլայնել կանխարգելիչ միջոցառումներն ու նախազգուշացումները, ինչպես նաև ականների որոնման ու ոչնչացման աշխատանքները։
Միաժամանակ արձանագրվել են ականազերծման մեծածավալ աշխատանքները Շելլի-Աղդամ, Մուղանլու-Աղդամ, Աղդամ-Գյոյթեփե ուղղություններով, ինչպես նաև «Պուշկեն յալ»-Փափրավենդ-Շահբուլաղ տեղամասում և Աղդամի օդանավակայանի շրջանում։ «Դրանից բացի այստեղ,-նշված է հրամանում,- սարքավորվել են երկարաժամկետ կրակակետեր և կրակային դիրքեր։ Տարբեր ուղղություններով կարգի են բերվում և բացվում են ճանապարհներ զրահատեխնիկայի համար»[139]։
ԻՊՈՒ հրամանատարությանը հուզել է նաև մարտի վարման ժամանակ զգոնության ու մարտական աչալրջության ուժեղացման հարցը, որի վկայությունն է դրա մասին հատուկ հրամանի ընդունումը։ Այնտեղ, 1993թ. առաջին կեսի մարտական գործողությունների վերլուծության հիման վրա նշվում են թերությունները և չարդարացված կորուստերը, հրամայվում է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ[140]։
Թեև հուլիսի սկզբին հետախուզության առանձին ստորաբաժանումների հիման վրա ստեղծվել էր հետախուզական գումարտակ, բայց ՊԲ հրամանատարը գոհ չէր հետախուզությունից։ Հրամանում նշվել է, որ հնարավորությունների չափով չէր գործել ԻՊԿ հետախուզության բաժինը։ «Հետախուզաորոնողական աշխատանք, գործնականում, չի տարվում։ Հակառակորդի մասին տվյալները կա՛մ ընդհանրապես բացակայում են, կա՛մ ստացվում են ուշացումով։ Ոչ հստակ է կազմակերպված հետախուզության գործունեությունը պաշտպանական շրջաններում»[141]։
Դրան հակառակ, բավական հուսալի է գործել կապը՝ մարտում ստորաբաժանումները ղեկավարելու ժամանակ։ Առկա սարքավորումներն օգտագործվել են գրագետ ու բանիմացաբար։ Աղդամի կրակակետերի ճնշման ժամանակ մեծ օգնություն է ցուցաբերել ռադիոէլեկտրոնային պայքարի դասակը։ Մասնավորապես կազմակերպվել է շուրջօրյա մարտական հերթապահություն և ակտիվ աշխատանք է տարվել հակառակորդի զորքերի ղեկավարման ժամանակ կապի կազմալուծման նպատակով հիմնական օբյեկտների ճնշման ուղղությամբ[142]։
Հրամանում շեշտվել է բաց ռադիոփոխանակումների ժամանակ գաղտնիության ռեժիմի բարձիթողի վիճակը, որն արտահայտվել է միանգամայն գաղտնի տեղեկույթը բաց տեքստով հաղորդելու դեպքերով։ Դրանից բացի, ցավով է արձանագրվել, որ ռադիոեթերը զբաղեցվում է գործին չվերաբերող խոսակցություններով[143]։
Նշվել է նաև վերանորոգողների անձնուրաց աշխատանքը։ Հուլիս-օգոստոս ամիսներին նրանց կողմից վիթխարի աշխատանք է տարվել զրահատեխնիկայի, ավտոփոխադրամիջոցների ու սպառազինության նորոգման և վերականգնման ուղղությամբ։ Մասնավորապես վերանորոգվել է 19 միավոր Տ-72 տանկ, 56 միավոր ՀՄՄ-1, ՀՄՄ-2, ՄՎՏՄ, 4 միավոր «Գրադ» կայանք, 75 միավոր ԿԳՏ, ԴՇԿ, ԿԳԱ, «Ուտյոս» տիպի գնդացիրներ։ Անմիջապես մարտական դիրքերում մեծածավալ աշխատանքներ են տարել արտագնա բրիգադները՝ տեղում վերանորոգելով 18 միավոր Տ-72 տանկ և 16 միավոր ՀՄՄ-1, ՀՄՄ-2[144]։
Անբավարար է համարվել կազմզորահավաքային բաժնի աշխատանքը։ Մասնավորապես նշվել է, որ դեռևս չեն զորակոչվել բոլոր այն անձինք, որոնք պատերազմական ժամանակ ենթակա են զորակոչի։ Տարբեր պատճառներով զինապարտությունից ազատված քաղաքացիները ոչ միշտ են ունեցել համապատասխան փաստաթղթեր, իսկ եղածն էլ հաճախ հնացած էր բժշկական հանձնաժողովի հետազոտման վաղեմության առումով[145]։
Հաջողությունների ու թերությունների վերհանումը ԻՊՈՒ հրամանատարությանը հնարավորություն է ընձեռել անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու դրականի զարգացման, իսկ բացասականի վերացման ուղղությամբ։ Այդ նպատակով ՊԲ հրամանատարի տեղակալներին, ՊՇ-ների ու գումարտակների հրամանատարներին հրամայվել է խիստ միջոցներ ձեռնարկել զինվորական կարգապահության հետագա ամրապնդման, առկա թերությունների շտկման, զորամասերի մարտունակության բարձրացման ուղղությամբ և սեղմ ժամկետում ՊԲ շտաբ ներկայացնել զորատեսակների ու ենթակա ստորաբաժանումների մարտունակության մասին տեղեկանք։ ՊԲ շտաբի կապի պետին հրամայվել է վերահսկողության տակ վերցնել գաղտնի տեղեկությունների հաղորդումը, պայքար ծավալել ալիքների փակման և ռադիոփոխանակումների ժամանակ գաղտնիության պահպանման համար[146]։
Աղդամի կրակակետերի ճնշումը, հակառակորդին ստիպելով որոշ ժամանակ դադարեցնել մարտական գործողությունները, հնարավորություն է տվել ի հակակշիռ Ադրբեջանի ռազմական նախապատրաստությունների, ավելի մեծ ուշադրություն հատկացնել բանակաշինության գործընթացին։ ԻՊԿ նախագահի 1993թ. հուլիսի 28-ի հրամանով հրահանգվել է ուժեղացնել ռազմաճակատի պաշտպանական համակարգը՝ շեշտադրելով հատկապես Աղդամի շրջանում անհետաձգելի միջոցառումները։ Այսպես, 3-րդ ՊՇ-ը խնդիր է ստացել զրահատեխնիկայով ու հրետանիով ուժեղացված ստորաբաժանումներով պաշտպանությունն ամրապնդել Գյոյթափա-Աղդամ բնագծում՝ հակառակորդի ճեղքման փորձերը հետ մղելու նպատակով[147]։ Հրամայվել է պատրաստականության բերել ՊՇ-ի հրետանին, հակատանկային ռեզերվը, հրաձիգ-հակաօդայիններին, բարձրացնել համազորային պահեստազորի մարտական պատրաստականությունը հանկարծահաս խնդիրների լուծման համար[148]։
Անշուշտ, նման միջոցներ ձեռնարկվել են նաև մյուս պաշտպանական շրջաններում։ Առանձնապես հստակեցվել ու վերանայվել են նրանց օպերատիվ-մարտավարական խնդիրները, քայլեր են ձեռնարկվել հարևան ստորաբաժանումների միջև փոխգործակցության և նրանց պաշտպանական հատվածների ամրաշինական կառույցների կատարելագործման, ռազմագործողություններում շրջանային ուժերի ու միջոցների, պահեստազորի նպատակային օգտագործման ուղղությամբ։ Ռազմական տեխնիկայով ու սպառազինությամբ համալրումը, թեև հիմնականում կատարվել է հակառակորդից առգրավված ռազմավարի միջոցով, բայց բավարարել է ընթացիկ խնդիրների լուծման պահանջները։
Այս ձեռնարկումները, կազմելով 1992թ. օգոստոսի 14-ին Ս. Սարգսյանի ղեկավարությամբ սկիզբ առած Արցախի ինքնապաշտպանության ուժերը բանակային կառույցների վերակազմակերպելու գործընթացի բաղկացուցիչ մասը, եզրափակվել են Արցախի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի 1993թ. նոյեմբերի 10-ի համապատասխան որոշմամբ[149]։
Այսպիսով, Աղդամի ռազմահենադաշտի վնասազերծումը ունեցել է ոչ միայն ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, այլև դրականորեն է ազդել Արցախում ռազմական շինարարության գործընթացի վրա, նպաստելով ինքնապաշտպանության ուժերը ժամանակակից բանակային կառուցվածքի փոխակերպելուն, ինչը կանխորոշել է 1993-1994թթ. ձմեռային ռազմարշավի ծանր պաշտպանական մարտերի, ապա և ՊԲ հակահարձակողական գործողությունների հաջողությունը։
Մարտակերտ քաղաքի շրջանում և Աղդամի ռազմական հենադաշտում հակառակորդի հարվածային ուժերի ջախջախումը, Արցախի Հանրապետության ԻՊՈՒ-ի կողմից նպաստավոր բնագծերի զբաղեցումը տիրապետող բարձունքների վրա Ստեփանակերտի ու Մարտակերտի օպերատիվ ուղղություններում կանխարգելել են հակառակորդի ակտիվ գործողությունները՝ միաժամանակ անվտանգ դարձնելով Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագիծը: Հակառակորդի հարձակման միակ հնարավորությունը օդուժն էր, սակայն Արցախի Հանրապետության հակաօդային պաշտպանության արդյունավետության բարձրացումը, ՀՕՊ միջոցների կատարելագործումը և հակաօդայինների մասնագիտական վարպետության բարձրացումը կաշկանդել են հակառակորդի գործողությունները նաև օդում:
Ստեղծված պայմաններում հակառակորդի նոր ակտիվացումն սպասելի էր հարավարևելյան և հարավային ճակատագծում, քանի դեռ մարտունակ էին Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի և Զանգելանի ռազմական խմբավորումները: Փոխվրեժի նպատակով ադրբեջանական հրամանատարությունը հարվածի հիմնական ծանրությունը փոխադրել է հենց հիշյալ օպերատիվ ուղղությունը: Դա դժվար չէր կռահել, քանի որ Մարտունու ուղղությունը, Աղդամի ռազմահենադաշտի կորստից ու այնտեղ գտնվող մարտունակ խմբավորման պարտությունից հետո, այլևս չէր կարող գայթակղել հակառակորդին կամ հաջողության հույս ներշնչել: ԻՊՈՒ մեծ ուժերի ու միջոցների առկայությունը Աղդամի և Մարտակերտի ուղղություններում հակառակորդին զրկում էր հակահարձակման անցնելու հնարավորությունից, իսկ Օմարի և Լաչինի ուղղություններում հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են: Հադրութի ՊՇ ուղղությամբ հակառակորդի ակտիվացումը պայմանավորված էր նաև այստեղ ադրբեջանական մեծ ուժերի առկայությամբ և հետագա կենտրոնացմամբ, ինչպես նաև հայկական ուժերի պաշտպանության ճակատագծի ձգվածությամբ, ինչը մի որևէ հատվածում ճեղքում կատարելու հույս էր տալիս թշնամուն:
Արցախի Հանրապետության ԻՊՈՒ հրամանատարությունն իր հերթին շահագրգռված էր Հադրութի ՊՇ-ում պաշտպանական համառ մարտերով հյուծելու հակառակորդի հարվածային խմբավորումներին, անցնելու վճռական հակահարձակման և լուծելու հանրապետության հարավարևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգության խնդիրը, որը ծառացած էր դեռևս 1992թ. աշնանային ռազմարշավից ի վեր: Ինչպես և սպասվում էր, Աղդամի խմբավորման պարտությունից հետո, հակառակորդը վիթխարի կենդանի ուժ և միջոցներ է կուտակել Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններում, դրանով իսկ հարվածի գլխավոր ուղղությունը տեղափոխելով Արցախի Հանրապետության հարավարևելյան ու արևելյան շրջանները[150]:
168.am